Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ

Օգոստոսի 11-ին «Սերունդ» նախաձեռնող խումբը ուխտագնացություն է կազմակերպում դեպի Արցախի Տիգրանակերտ: Ուխտագնացությունը նվիրված է Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարել է նախաձեռնող խմբի անդամ պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Ուխտագնացությունը, Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, մեկնարկելու է օգոստոսի 11-ի առավոտյան Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող Հայկ Նահապետի արձանի մոտակայքից: Ի դեպ, օգոստոսի 11-ը Հայոց Բուն Տոմարի օրն է:
«Դրանով մտադիր ենք նշել Տիգրան Մեծի ծննդյան օրը, Սևրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին և Հայոց Բուն տոմարի 4502 թվականը», -մեկնաբանել է պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ օգոստոսի 12-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված Արցախի Տիգրանակերտ, Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր քաղաքներում:












