Վարչապետը շնորհավորել է շինարարներին` մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով շինարարներին, մասնագիտական տոնի առիթով նշել է. «2009 թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, և առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010 թվականի առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, և դրան էապես նպատում են նաև այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Այս աշխատանքները շարունակվելու են, և չափազանց կարևոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները»։ Վարչապետը կարևորել է քաղաքաշինության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվելիք ծրագրերը։ «Այսօր մենք ցանկանում ենք այնպիսի նոր խոսք ասել շինարարության ոլորտում, որով հպարտանալու է նաև երիտասարդ սերունդը։ Համոզված եմ, որ Հայաստանում կա բավարար ներուժ, ունակություններ, որպեսզի մենք կերտենք հիասքանչ հանրապետություն։ Շատ կարևոր է ձեր դերակատարությունը մեր ապագայի կերտման գործում», -ասել է Տիգրան Սարգսյանը։
Շինարարի օրվա կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով և ոսկե մեդալներով։
ArmAr.am












