Տիգրան Մեծի 2150- ամյակին նվիրված հուշաքար Արցախի Տիգրանակերտում
Արցախում այսօր` հայկական հին տոմարով Նավասարդի օրը, «Սերունդ» հասարակական կազմակերպությունը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով: Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանն ասել է, որ կազմակերպության անդամները այսօր Երեւանից ուխտագնացություն են կազմակերպել դեպի պատմական Տիգրանակերտ, որտեղ Արցախից, Վրաստանից եւ Ռուսաստանից ժամանած մի խումբ հայ երիտասարդների մասնակցությամբ երեկոյան տեղի կունենա Տիգրան Մեծ արքայի 2150-ամյակին նվիրված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը: Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում այսօր` երեկոյան ժամը 21-00-ին, կանցկացվի տոնական համերգ, ինչպես նաեւ «Տիգրան Մեծ» ֆիլմի ցուցադրություն: Տիգրան Մեծին նվիրված միջոցառումները օգոստոսի 12-ին «Սերունդ» հկ-ն շարունակելու է Շուշի եւ Բերձոր քաղաքներում, որտեղ Արքայից արքայի տարեդարձից բացի նշվելու է նաեւ Սեւրի դաշնագրի 90-րդ տարեդարձը: «Ազատագրված հողում մենք կարողացել ենք վերագտնել, ապա տեր լինել դարեր առաջ մեր ազգի փառքի եւ հզորության խորհրդանիշ հանդիսացող քաղաքի թեկուզ եւ ավերակներին:
Կարծում եմ, որ կկարողանանք նաեւ կառուցել այնպիսի հզոր երկիր, որ թույլ չտանք, որպեսզի ժամանակի փոշին մոռացության տա Սեւրի դաշնագրի դրույթները: Այդ տեսակետից շատ ողջունելի է «Սերունդ» հկ-ի այս նախաձեռնությունը եւ հույս ունենք, որ առաջիկայում նմանօրինակ նախաձեռնություններով հանդես կգան նաեւ այլ հկ-ներ»,-ասաց Գ. Գրիգորյանը:












