Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողով
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկեց Համահայկական կրթական չորրորդ
խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004
թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր
ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել
կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման
հաջորդական քայլերը:
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության
նախարար Արմեն Աշոտյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի
մասնակիցներին:
“Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին,
կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած
հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորույթուններ է ընձեռում քննելու արտերկրում
հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում
Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված
աշխատանքը:
Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն
օտարության մեջ` հայրենիքից հեռու: Այսօր հայության առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից
մեկը ուծացման միտումները նվազագույնի հասցնելն է: Ժամանակակից աշխարհի պայմաններում,
երբ օտարումն ու առանձնացումն սկսում են գերիշխել քաղաքաբնակների կյանքում, վերադարձն
արմատներին դառնում է այդ մարտահրավերին պատասխանե;ու հնարավոր միջոց: Հենց այդ
պատճառով էլ անհրաժեշտ էթ մշակել նոր ծրագրեր նաև նրանց համար, ովքեր մղում և
ցանկություն ունեն վերագտնելու իրենց կորցրած հայկական արմատները, կապն իրենց նախնիների
երկրի հետ:
Հայաստանը համայն հայության հայրենիքն է: Հայապահպանությունը սփյուռքում բխում է
Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ
գիտակցում ենք: Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի
հավերժության պարտադիր պայմաններն են:
Հարգելի բարեկամներ,
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ
սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` նոր ու վառ տպավորություններ հայրենիքից”:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ համաժողովը նպատակ ունի
հավաքել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի կրթության և գիտության ոլորտի
պատասխանատուներին և միասին քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների
լուծման տարբերակները: “Իմ ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի
ընթացքում պետք է ծնվի նոր բանաձև, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները,
լսել նոր առաջարկներ”,- ասաց Արմեն Աշոտյանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,
Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը և Կալիֆորնիայի
համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի արևմտյան ափի ազգային դպրոցների խնամակալական խորհրդի
անդամ Ռուբինա Փիրումյանը:
Համաժողովն օգոստոսի 13-17-ն իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, որտեղ
կքննարկվեն Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող
կրթական ծրագրերը, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական
կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և
դաստիարակության հիմնահարցերը, ինչպես նաև կներկայացվեն նոր, տպագիր և էլեկտրոնային
ուսումնական նյութեր:












