Հնչակյաններն անհնարին են համարում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության Հայտարարություն
Օրերս Երևանում տեղի ունեցավ Ս.Դ.Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչության լիագումար նիստ, որին մասնակցում էին նաև Սփյուռքի տարբեր շրջանների ներկայացուցիչներ: Քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք և Կուսակցությանը վերաբերող զանազան հարցեր:
Ծանոթանալով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության 7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական Վարչությունը միաձայն ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը: Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը չի կարող լինել որևէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական Վարչությունը առավել ևս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը Կուսակցության ներքին հարցերին: Ուստի, անհնարին է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Կենտրոնական Վարչությունը շեշտում է ՍԴՀԿ-ի համար կարևորագույն հայ-թուրքական և Արցախի հարցի կարգավորման խնդիրներում իշխանության կողմից հարուցված գործողությունների և այդ գործընթացը սատարող քաղաքական ուժերի հետ առկա խորը անհամատեղելիությունը Կուսակցության Ծրագրի հետ:
Ողջունելի է նաև ՍԴՀԿ Հայաստանի Կազմակերպության այն համոզմունքը, ըստ որի, Հայրենիքը ամայացնող և քայքայող ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լիբերալ համակարգից անցումը սոցիալ-դեմոկրատականի: Անձերի փոփոխումը համակարգի պահպանման պարագայում որևէ դրական արդյունք տալ չի կարող, ինչն անվիճելիորեն հաստատում է Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը:
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնում Հայաստանի Հնչակյան կազմակերպությանը, ողջ Հայ Ժողովրդին հավաստիացնելով, որ իր հավաքական ներուժը դնելու է հանուն Արցախի ամբողջական անկախության ճանաչման, Հայ Դատի արդար լուծման, Համահայկական Միասնության ստեղծման և Մայր Հայրենիքը ընկերային արդարության, օրինականության, հավասարության և ազատության երկիր դարձնելու կարևորագույն ազգային խնդիրների իրագործման համար:
Ս.Դ. Հնչակյան Կուսակցություն
Կենտրոնական Վարչություն












