Գլխավոր » Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչո՞ւ հայերը գնան Աղթամար և թուրքական քարոզչության գործիք դառնան

Օգոստոս 18, 2010թ. 11:24

Axtamar-ArmeniaՀայոց ցեղասպանությունից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողություններն արգելելուց շուրջ մեկ
դար անց, թուրքական կառավարությունը վերջապես որոշել է թույլատրել մեկ անգամ պատարագ մատուցել
Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողությանը մասնակցելու շրջահայեցության
մասին, որին թուրքական կառավարությունը հրավիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգային
լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների և բարձրաստիճան հյուրերի:

Նրանք, ովքեր բոյկոտելու կոչեր են անում, մատնանշում են, որ թուրքական իշխանությունների իրական
նպատակը Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է` կեղծ
հանդուրժողականություն դրսևորելով քրիստոնյաների և փոքրամասնությունների հանդեպ: Իրականում,
իրար հաջորդող թուրքական կառավարությունները, ավելի քան ինը տասնամյակ Արևմտյան Հայաստանի
ողջ տարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետևողական
քաղաքականություն են վարել, և այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր են
ոչնչացվել կամ օգտագործվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ, Սուրբ Խաչ եկեղեցին ևս
ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ այն
հաջողվեց փրկել:

Աղթամար կղզի մեկնելուն դեմ արտահայտվողները նաև առարկում են պատմական եկեղեցին Թուրքիայի
կառավարության կողմից որպես «թանգարան» դասակարգելու և այնտեղ տարին միայն մեկ անգամ
արարողություն մատուցելու դեմ: Բազմաթիվ խնդրանքներից ու բողոքներից հետո, թուրքական
իշխանությունները վերջապես խոստացել են խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Հայերը չպետք է երախտապարտ լինեն մի երկրի, որը հազարավոր եկեղեցիներ բռնագրավելուց և
ավերելուց հետո, այժմ թույլատրում է եկեղեցական արարողություն իրականացնել մեկ եկեղեցում, որն
էլ դիտվում է որպես թանգարան: Այս և հազարավոր այլ եկեղեցիներ պետք է պատկանեն Պոլսո Հայոց
պատրիարքարանին, իսկ արարողություններն այնտեղ պետք է իրականացվեն ըստ պահանջի` առանց
կառավարության թույլտվության կամ միջամտության:

Անցյալ շաբաթ Հայաստանում կրքերը բորբոքվեցին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարեց
սեպտեմբերի 19-ի արարողությանը երկու բարձրաստիճան եկեղեցականներ ուղարկելու իր մտադրության
մասին: Սովորաբար Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը օտար երկրներին առնչվող որոշումներ
կայացնելիս խորհրդակցում է Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այս
հայտարարությունն արվել է Հայաստանից նրա բացակայության ժամանակ, և միգուցե նա իրազեկված
չէր ծագած առարկություններին, ապա Վեհափառ Հայրապետն այժմ հնարավորություն ունի վերջնական
որոշում կայացնել` Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներին Աղթամար կղզի ուղարկելու վերաբերյալ:
Քանի որ Թուրքիայի հայերն իրավունք չունեն իրենց կարծիքն ազատ արտահայտել, ապա Թուրքիայի
սահմաններից դուրս կրոնական և աշխարհիկ ղեկավարները պետք է հանդես գան հայկական եկեղեցական
արարողությունների թուրքական շահարկումը դատապարտող նախաձեռնությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սբ. Խաչ եկեղեցու արարողությանը
մասնակցելու համար պատվիրակություն ուղարկելու պաշտոնական հրավեր Անկարայից չի ստացել:
Հուսանք, որ Հայաստանի կառավարությունը նման հրավեր ստանալու դեպքում այն կմերժի: Անցյալ տարի
հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Երևանը թուրքերին քարոզչական հաղթանակ

մատուցել էր: Աղթամարի եկեղեցու արարողությանը մասնակցելը համարժեք կլինի թուրքերին երկրորդ
անգամ պարգևատրելուն:

Սակայն հատկանշական է, որ այս անգամ Հայաստանի կառավարությունն այնքան էլ զիջողական չի
լինելու: Նախագահ Սերժ Սարգսյանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար,
Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խստորեն քննադատել է նախատեսված
արարողությունը, այն անվանելով «հրապարակային խեղկատակություն» և միջազգային հանրությանը
մոլորության մեջ գցող «սադրանք»:

Բացի այդ, Նախագահի կողմից կազմավորված խորհրդակցական մարմնի` Հանրային խորհրդի մի
ենթահանձնաժողով ընդունել է հայտարարություն, որով հորդորում է հայերին բոյկոտել Աղթամարի Սբ.
Խաչ եկեղեցու միջոցառումը: Այն կոչ է անում իրենց արժանապատվությունը հարգող բոլոր հայերին
ձեռնպահ մնալ «թուրքական էժանագին շոուին» մասնակից լինելուց: Ընդդիմադիր Հայ Յեղափոխական
Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ևս հորդորում
է արարողության բոյկոտումը և քննադատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` Աղթամար երկու
եկեղեցականներ ուղարկելու մտադրության համար:

Թուրքական կողմն ամենևին էլ շահագրգռված չէ հայկական եկեղեցիների պահպանությամբ. դա
են վկայում գաղտնի ծառայությունների կողմից մի քանի հազար ընտանիքների հարցաքննությունը,
որոնք` հյուրանոցային համարների սղության պատճառով առաջարկել էին հարևան Վան քաղաքում,
սեպտեմբերի 19-ին հայ այցելուներին հյուրընկալել իրենց տներում: Թուրք պաշտոնյաները կասկածում
են, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած
մնացորդներ լինել: Նացիստական Գերմանիայի գեստապոյի մարտավարությունը հիշեցնող իր այս
սարսափազդու քայլով, թուրքական վարչակազմը ցուցադրում է իր քաղաքացիների ազգային ծագումը
հետապնդելու իր համակվածությունը: Ի դեպ, այս ռասիստական հետաքննությունից հետո, Վանում մի շարք
ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին:

Հայերը, որոնք միամտաբար մտադրվել են եկեղեցական արարողության մասնակցել «թանգարանում»,
անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրավման
օրինականացմանը և նպաստելու են թուրքական իշխանությունների բեմադրած քաղաքական շոուին:

Միանգամայն հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով
հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն և խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը: Սակայն ամենևին հասկանալի չէ, թե հայերն ինչո՞ւ պետք է
նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրԹարգմ.՝ Ռ.Ավագյանի

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն