ՀԱԿ-ը մնաց որպես իրեն վարկաբեկած քաղաքական գործիչների վերակենդանացման ամբիոն
Վերջին շրջանում ՀԱԿ-ին սպասարկող լրատվամիջոցների սկսած հերթական հիստերիկ արշավը ստիպում է հանդես գալ հայտարարությամբ, որտեղ փորձ կանեմ հստակ և հիմնավոր պատասխան տալ, թե ինչ տարբերություն կա ՀԱԿ-ի և ՍԴՀԿ-ի միջև, և ինչն էր, որ Հնչակյան կուսակցության համար անհնարին դարձրեց ՀԱԿ-ի հետ որևէ հարաբերություն ունենալը:
Նախ սկսեմ այն փաստից, որ Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրվանից Հնչակյան կուսակցությունը զինվորագրվեց այդ շարժմանը, որովհետև մենք շարժումը դիտարկում էինք հանուն ազատության և այդքան ցանկալի արդարության համար մղվող պայքար: Նախընտրական պայքարի առաջին իսկ օրերից երիտասարդ հնչակյանները իրենց կրած բազում զրկանքները, տարան անմռունչ, որովհետև գիտակցում էին,գաղափարական պայքարի կարևորությունը: Ընտրություններից անմիջապես հետո ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը, որին, ՍԴՀԿ-ն, Կենտրոնական Վարչության ներկայացուցիչ ընկ., Վահան Շիրխանյանի առաջարկությամբ, անդամագրվեց առաջին իսկ օրվանից , ցավոք, վերածվեց բյուրոկրատական նոմենկլատուրային կառույցի: Հնչակյան կուսակցությունը, ունենալով 123 տարվա քաղաքական պայքարի հսկայական փորձ, դեռ հույսը չէր կորցրել, որ ՀԱԿ-ը կվերագտնի իր գաղափարները և կդադարի լինել մինչև 1998 թ-ի իշխանափոխությունն իրեն վարկաբեկած քաղաքական գործիչների վերակենդանացման ամբիոն: Այդ նույն ընթացքում կուսակցության գրեթե բոլոր տարածքային կառույցների, շարքային ընկերների և պատասխանատուների մոտ միայն մի ցանկություն կար. օր առաջ ազատվել <<ատենապետ>> Լ.Սարգսյանից, ով իր գործունեությամբ վարկաբեկում էր Հնչակյան կուսակցության վարկն ու հեղինակությունը, բազմաթիվ անգամ խախտել էր ՍԴՀԿ Ծրագիր-Կանոնագիրը: Կուսակցության ներսում ծայր առած խմորումների արդյունքում Սարգսյանը, չունենալով սեփական կուսակցության ներսում և որևէ հենարան, դիմեց ՀԱԿ-ի ֆունկցիոներների օգնությանը: Վերջիններիս և նրանց անվերապահ ծառայող մամուլի <<պաշտպանության>> փոխարեն ՍԴՀԿ-ն պետք է վերջնականապես կորցներ իր ինքնուրույնությունը, դառնար ՀԱԿ-ի նոմենկլատուրայի` օր առաջ աթոռին հասնելու և տարիների բաց թողած <<վաստակը>> վերագտնելու լրացուցիչ խթան: Այս ճակատագիրը հարիր չէ մի քանի օրվա քաղաքական կուսակցությանն անգամ, էլ ուր մնաց Հայ Իրականության առաջին Քաղաքական Կուսակցությունը: Կուսակցության համագումարից հետո, երբ վտարվեց նախկին ատենապետը, ՀԱԿ-ը վերջնականապես ցույց տվեց, որ ինքը ցանկանում է համագործակցել ոչ թե մի կուսակցության, որը կառույցներ ունի աշխարհի երկու տասնյակ երկրներում և ակտիվորեն մասնակցել է Հայաստանում արդարության և օրինականության համար մղվող պայքարին, այլ կուսակցությունից վտարված անհատի հետ, որը միանշանակ մերժված լինելով արտասահմանի բոլոր հնչակյան կառույցների կողմից նույնիսկ Հայաստանում չունի կուսակցական նեցուկ: Կոնգրեսը մոբիլիզացրեց իր ողջ ռեսուրսը` ՍԴՀԿ-ի դեմ պայքարի համար: Այս նույն ճակատագրին էր արժանացել նաև Ժառանգությունը, ով համարձակվեց չդառնալ ՀԱԿ- ի անդամ: Սեփական քաղաքական գործընկերների հետ դաժան հաշվեհարդարի գործելաոճը հարիր է ՀԱԿ-ին և անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինի այն դեպքում, եթե այս քաղաքական ուժի առանձին անհատներ իշխանություն ստանան: Երկիրը կընկղմվի հերթական ռեպրեսիաների և ձերբակալությունների մեջ, այն անձինք, ովքեր մի փոքր հակասություն են ունեցել այս կառույցի հետ, կդառնան <<հակահեղափոխական>> տարրեր և իրենց վախճանը կգտնեն Հայաստանի տարբեր բանտերում:
Այս օրերին, երբ ՍԴՀԿ-ն հայտարարել է ՀԱԿ-ի հետ հարաբերությունների դադարեցման մասին, մենք հերթական անգամ տեսնում ենք անհանդուրժողականության բացահայտ դրսևորումներ` վիրավորանքներով լի հոդվածներ., խեղաթյուրված հարցազրույցներ: Այս ամենին, սակայն, մենք արդեն սովոր ենք: Ուզեն կամ չուզեն, ՍԴՀԿ-ն այլևս ՀԱԿ- անդամ չէ, ուզեն կամ չուզեն ` Սարգսյանը ՎՏԱՐՎԱԾ Է: Իսկ մնացած առումով, միայն կարելի է ավելացնել` ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԱՐԵԼ ՀՈՒՐԸ ՍՐԲԱԶԱՆ, ԳԱՂԱՓԱՐԻ, ՈՐ ԿՈՒՌՃԱՆԱ ՄԵՐ ՄԵՋ:
Նարեկ Գալստյան` ՍԴՀԿ մամլո խոսնակ
Հ.Գ. Մենք պատրաստ ենք քաղաքական բանավեճի ցանկացած ուժի հետ, սակայն փնովել, վիրավորել և ամբաստանել չենք պատրաստվում: Հասկացեք, ի տարբերություն շատերի, մեր ոճը դա չէ:
ArmAr.am












