«Զարմանք»՝ պատվերով զարմացողին
Հայտնի զարմացող Հովհաննես Գալաջյանը «Իրավունք» թերթի թիվ 61, օգոստոսի 13-16 համարում զարմանալիորեն զարմացել էր նաև Ժիրայր Սեֆիլյանի «Առավոտ» թերթում տպագրված հարցազրույցի հետևյալ մտքի վրա՝ «Արդեն տարիներ շարունակ Վրաստանը սերտորեն դաշնակցում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հետ։ Եվ այս իրավիճակում մեծ տարբերություն չկա, թե ում է պատկանելու այդ գազատարը։ Եթե այսօր այն չի պատկանում Ադրբեջանին դրանից մեզ ոչ մի օգուտ չկա։ Ինչպես որ որևէ օգուտ չի լինի, եթե այդ գազատարը որևէ հարուստ հայ գնի» – «Առավոտ»–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշելով, որ Ադրբեջանի կողմից գազատարի գնման դեպքում սպասվելիք վտանգներն այսօր էլ առկա են։»…Ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից արտահայտած միտքը եզրահանգվում է և ամփոփվում վերջին նախադասության մեջ։
Հովհաննես Գալաջյանի մտքի մարզանքը, չի ներառում «Ադրբեջանի կողմից գազատարի գնման դեպքում սպասվելիք վտանգներն այսօր էլ առկա են» եզրակացությունն ու իրականության գնահատականը, և այստեղից էլ բխում է նրա զարմանքը։ Իսկ զարմանալին այն է, որ Գալաջյանի նման արհեստավարժ լրագրողը չէր կարող դա չնկատել, չզանազանել Սեֆիլյանի արտահայտած միտքը և տրված գնահատականը։ Դա դեռ քիչ է, մի բան էլ զարմացող Գալաջյանը հանդես է գալիս բոլորովին նոր՝ խորհրդատուի կեցվածքով։ Որևէ մեկը խորհրդով չի գնում հայրենիք պաշտպանելու կամ բանակում ծառայելու, առավել ևս Ժիրայրի նման սկզբունքային ու բարոյական հայորդիները որտեղ էլ լինեն՝ բանակում թե քաղաքականությամբ զբաղվելիս հավատարիմ են մնում իրենց կոչմանն ու տեսակին։ Ազատամարտիկն ու կամավորականը տեսակ է, որը ոչ՛պատվերի է ենթակա, ոչ՛ էլ վաճառքի։ Ժիրայրն իր տեղում է, մնում է, որ դուք էլ ձեր տեղում լինեք ազնիվ, հետևելով լրագրողական վարքականոնին, չկեղծեք ոչ այլոց միտքը, ոչ էլ գրածը։ Գնահատելի է նրա «սրտացավությունը» Ժիրայր Սեֆիլյանին տեսնել այնտեղ, որտեղ նա առավելագունը, ըստ Գալաջյանի, օգուտ կտար Հայրենիքին, որպես զորահրամանատար։ Բայց, փաստը ցույց է տալիս որ այդ որակի զորահրամանատարներ այսօր հայկական բանակին և իշխանություններին պետք չեն։ Իսկ դրա համար զայրանալ է պետք, ոչ թե «զարմանալ»։
Աղավնի Սահակյան












