Գլխավոր » Լրահոս

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի այցելությունը Մոլդովայի եւ Բուկովինայի շրջաններ

Օգոստոս 18, 2010թ. 20:50

Ս. թ. օգոստոսի 13-16-ը Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Ռումինիայի հյուսիս-արեւելյան Մոլդովայի եւ Բուկովինայի շրջանների Ֆոկշան (Focsani), Յաշ (Iasi) եւ Սուչավա (Suceava) քաղաքներ, ուր հանդիպումներ ունեցավ տեղական իշխանությունների ղեկավարության, մտավորական շրջանակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցում, Հաճկատար ու Զամկա վանքերում ներկա եղավ Սուրբ Աստվածածնի ննջման տոնին:

Օգոստոսի 14-ին Յաշի Շրջանային խորհրդի նախագահ Կոնստանտին Սիմիրադի (Constantin Simirad) հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ նախկին նախարար, սենատոր, Ռումանահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր փոխանակվեցին Յաշ քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատման շուրջ: Նույն հարցերը քննարկվեցին օգոստոսի 16-ին Սուչավայի քաղաքապետ Իոն Լունգուի (Ion Lungu) հետ: Ռումին շրջանային ղեկավարները տեղեկացրեցին, որ հայկական հին շինությունները եւ հաստատությունները երկրի հարստությունն են եւ գտնվում են տեղական իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվեց, որ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայոց դարավոր ներկայությունը, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը ոլորտներում:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում շարունակել խորհրդակցությունները Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի ձեւավորման կոնկրետ քայլերի ուղղությամբ:

Շրջագայության ընթացքում դեսպանն այցելեց Ֆոկշանի Սուրբ Գեւորգ, Յաշի Սուրբ Մարիամ, Սուչավայի Սուրբ Խաչ եկեղեցիները եւ Հաճկատար ու Զամկա վանքերը: Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին հիմնվել է դեռեւս 1395թ. եւ համարվում է Յաշի ամենահին եկեղեցիներից մեկը, իսկ Սուչավայի նշանավոր Զամկա վանքը (1551թ.) ժամանակին եղել է Ռումանահայոց Առաջնորդարանը (իշխան Ալեքսանդր Բարու հրովարտակով հայերին այդ արտոնությունը շնորհվել է դեռեւս 1401թ.): Հաճկատարի վանքում (1512թ.) Սուրբ Աստվածածնի ննջման ավանդական տոնակատարությունը գրավում է ոչ միայն համայն Ռումինիայի հայերին, այլեւ տեղացի հարյուրավոր ռումինացիներին եւ հյուրերին: Հաճկատարի տոնակատարության մասին հաղորդումներ են տրվում ռումինական մամուլում եւ հեռուստատեսությամբ: Այս տարի Հաճկատարում պատարագը մատուցեց Սուրբ Էջմիածնից ժամանած Նաթան Սրբազանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն