«Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարողների թիվը աստիճանաբար աճում է»
Ինչպես տեղեկացնում է տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արեւելյան գրասենյակի լրատվական ծառայությունը, ԱՄՆ Կոնգրեսական Փիթեր Քինգը վստահեցրել է, որ այսուհետեւ եւս պաշտպանելու է Հայոց ցեղասպանության մասին թիվ 252-րդ բանաձեւը: Կոնգրեսականն այդ մասին հայտարարել է ANCA-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Կոնգրեսական Քինգը վերջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը սատարել է 10 տարի առաջ`106-րդ գումարման կոնգրեսում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսական Քինգը նորից միանում է մեր արշավին` սատարելով Հայոց ցեղասպանության բանաձեի ընդունմանը», -ասել է հանձնախմբի արեւելյան գրասենյակի տնօրեն Կարո Մանճիկյանը ու հավելել. «Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարողների թիվը աստիճանաբար աճում է, եւ այն, որ այդ ցուցակը համալրում է նաեւ կոնգրեսական Քինգը, նոր խթան է, որ բանաձեւը հավանության արժանանա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»:
Կոնգրեսականի ու հանձնախմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, նշվել, որ անհրաժեշտ է մեծացնել ԼՂՀ-ին տրվող ԱՄՆ ֆինանսական աջակցությունը:
ArmAr.am
Թեգեր` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) արեւելյան գրասենյակ, ԱՄՆ Կոնգրեսական Փիթեր Քինգ, Հայոց Ցեղասպանություն












