ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է
Հայաստանի Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը տրամադրել է 2010 թվականի օգոստոս ամսի վերաֆինանսավորման տոկոսադրույթի վերաբերյալ արձանագրություն: ըստ ԿԲ հաղորդագրության` «Առաջիկա ժամանակահատվածի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը 7.25% է»:
Արձանագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«2010 թ. օգոստոսի 10-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էինª ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Անդրանիկ Նորեկյանը:
Խորհրդի նիստը, որը հաջորդել է դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակմանը, սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Առկա նոր տեղեկատվության հիման վրա գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ միտումներին: Հիմնական մակրոտնտեսական զարգացումները համահունչ էին ծրագրի կանխատեսումներում նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի արժեզրկման և առանձին ապրանքային` մասնավորապես հացահատիկի շուկաներում խնդիրների սրման պայմաններում արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային են: Միաժամանակ, տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, ինչպես նաև ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայությումը շարունակում են մեղմել ներքին գնաճային ճնշումները: Այս հեռանկարում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային միջակայք` կանխատեսվող մեկ տարվա հորիզոնի վերջում:
Ըստ պաշտոնական վիճակագրության, 2010 թ. հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն աճել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%: Ընդ որում, այս տարվա հուլիսի գնանկումը բավականին ցածր էր ինչպես սպասվող, այնպես էլ նախորդ տարիների նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշներից, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ՙՄիրգ՚ և ՙԲանջարեղեն ու կարտոֆիլ՚ ապրանքախմբերի գների ավելի քիչ նվազմամբ:
Հուլիսին պարենային ապրանքների գները նվազել են 1.5%-ով (նպաստումը գնաճին -0.8 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 0.4%-ով (նպաստումը գնաճին -0.1 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով (նպաստումը գնաճին 0.1 տոկոսային կետ): Հուլիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորվել է ՙՁու՚, ՙՄիրգ՚, ՙԲանջարեղեն և կարտոֆիլ՚, ՙՇաքարավազ՚ ապրանքախմբերում գների անկմամբ, որի ընդհանուր նպաստումը գնանկմանը կազմել է -0.8 տոկոսային կետ:
ՀՆԱ իրական աճը 2010 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.7%, որն ապահովվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում արձանագրված աճի շնորհիվ, բացառությամբ գյուղատնտեսության: Արդյունաբերության ճյուղում գրանցվել է ավելացված արժեքի 9.7% աճ` մեծապես պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Շինարարության ճյուղում ավելացված արժեքի աճը կազմել է 11%, ընդ որում, բնակարանաշինության ոլորտում դեռևս շարունակվում է անկումը: Ծառայությունների ոլորտում ավելացված արժեքի աճը կազմել է 5%: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ավելացված արժեքի անկումը կազմել է 12.8%, բուսաբուծության և անասնապահության ենթաճյուղերում արձանագրվել է համապատասխանաբար 35.2% և 1.9% անկում: Բուսաբուծության արտադրության ծավալների նման անկումն արդյունք է գյուղատնտեսության համար անբարենպաստ պայմանների: Այս իրավիճակում ներքին շուկայում դրանց պակասը բավարարվել է ներկրված մթերքի հաշվին: Արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշները նույնպես շարունակել են նախորդ ամիսների միտումները. ապրանքների արտահանման աճը կազմել է 55.9%, իսկ ներմուծման աճը` 24.4%:
Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Հուլիսին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային և երկրորդային շուկաներում արձանագրվել է տոկոսադրույքների որոշակի նվազում. ՊՊ առաջնային շուկայում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են 1.24 տոկոսային կետով և կազմել 8.35%, իսկ 2-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը գրեթե չեն փոխվել` 12.84%: Ռեպո շուկայում տոկսադրույքները նվազել են շուրջ 1.35 տոկոսային կետով և կազմել 7.14%:
Դոլարայնացման մակարդակը հուլիսին նվազել է 1.9%-ով` պայմանավորված արտարժութային ավանդների 0.1%-ով նվազմամբ (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 0.6%): Դրամային ավանդներն այդ ընթացքում ավելացել են 1.7%-ով: Չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, հուլիսին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը, ինչը տեղի է ունեցել գերազանցապես ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցներով:
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Համաշխարհային տնտեսության արագ վերականգնման շարունակականության պայմաններում հուլիսին ԱՄՀ-ն կրկին վերանայեց 2010-11 թթ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը` վերագնահատելով այն 2010 թ. համար 4.6%, ինչը շուրջ 1.2 տոկոսային կետով բարձր է նախորդ հինգ տարիների միջին ցուցանիշից: Թերևս հեռանկարում այն վտանգված է` կապված ֆինանսական անկայունության հնարավոր ռիսկերի տարածման հետ: Այս իրավիճակում զարգացած երկրները, որտեղ բացակայում էին էական գնաճային ճնշումները, շարունակել են պահպանել մեղմ դրամավարկային միջավայրը, իսկ արագ աճող խոշոր զարգացող երկրները, բախվելով ավելացող գնաճի կամ ակտիվների գների ճնշումներին, շարունակել են ընթանալ դրամավարկային պայմանների խստացման ուղղությամբ: Միջազգային ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի արժեզրկման և առանձին ապրանքային շուկաներում խնդիրների սրման պայմաններում արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները ՀՀ համար դարձել են ավելի նշանակալի:
Հարկաբյուջետային հատվածի կողմից ընդլայնող ազդեցության աստիճանական նվազման պայմաններում ներքին գնաճային ճնշումները թուլանում են, միաժամանակ, մասնավոր ծախսումների նվազումը չեզոքացնում է աշխատուժի շուկայի թույլ գնաճային ճնշումները:
Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններինª Խորհուրդը փաստեց, որ արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի արժեզրկման և առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են: Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության և տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է որ, դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ:
Նկարագրված տնտեսական զարգացումների պայմաններում, հաշվի առնելով դեռևս պահպանվող անորոշությունները` կապված վերոնշյալ արտաքին գործոններին ներքին գների արձագանքման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գների փոփոխման հետագա ընթացքի հետ` Խորհուրդն առավել նպատակահարմար է գտնում դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսևորումից կախված, Խորհուրդը չի բացառում հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը:
Առաջիկա ժամանակահատվածի համար վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակը 7.25% է’, ասված է հաղորդագրության մեջ:
ArmAr.am












