Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողով Երևանում

Օգոստոս 20, 2010թ. 12:57

Այսօր Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ ոչ պաշտոնական երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ երկրների նախագահները: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեման լինելու է Ղրղզստանի ներկա իրավիճակը: Նախքան գագաթաժողովի մեկնարկը, ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն որոշ մանրամասներ է հայտնել սպասվելիք հանդիպումից:

«Ենթադրվում է, որ ավելի խորացված քննարկումներ կլինեն գագաթաժողովի հենց առաջին օրը: Հիմնականում, երկրների ղեկավարները քննարկելու են Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ղրղզստանում իրավիճակի կայունացմանը օժանդակող միջոցառումների անցկացումը, ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների կատարելագործման ուղիներին վերաբերող հարցեր»,- ասել է Ս. Պրիխոդկոն:

Գագաթաժողովը ոչ պաշտոնական է, քանի որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Ըստ Պրիխոդկոյի` երկօրյա գագաթաժողովի ընթացքում, հիմնականում, լինելու է բաց քննարկում: Այդ իսկ պատճառով, օրակագում կարող են լինել փոփոխություններ. գագաթաժողովի ցանկացած մասնակից կարող է փոփոխություններ մտցնել օրակարգում, առաջարկել քննարկել լրացուցիչ հարցեր: Դ. Մեդվեդևը նախատեսում է իր գործընկերների հետ քննարկել Մոսկվայում հերթական անգամ անցկացվելիք ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստի մանրամասները:

«Գագաթաժողովի ծրագրում ներառված են ինչպես աշխատանքային միջոցառումներ, այնպես էլ մշակութային` հյուրընկալություն Սևանա լճում: Չի բացառվում նաև տարբեր երկկողմ հանդիպումներ, որոնք ավանդավար անցկացվում են ՀԱՊԿ գագաթաժողովների շրջանակներում»,- ասել է Ս. Պրիխոդկան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմա-քաղաքական միություն է, ստեղծվել է 1992 թ. մայիսի 15-ին ստորագրված պայմանագրով: Ներկա պահին Կազմակերպության անդամ պետություններն են` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն