Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին 5 փաստաթուղթ

Օգոստոս 20, 2010թ. 16:49

KAR_7858-smՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Երեւան ժամանած ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. “Վստահ եմ, որ մեր հարաբերությունների պատմության մեջ ՌԴ Նախագահի առաջին պետական այցը Հայաստանի Հանրապետություն, նոր փուլ կսկզբնավորի մեր հարաբերություններում: Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ժողովրդի շահերից, եւ մենք կանենք ամեն ինչ` զարգացնելու այդ հարաբերությունները:

2008 թվականից ի վեր` մենք հանդիպել ենք շուրջ 30 անգամ, բայց այս հանդիպումը, բնականաբար, առանձնահատուկ է: Այդ հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք, եւ այսօր էլ կքննարկենք մեր հարաբերություններին վերաբերող կենսական կարեւորության հարցեր”:

ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ընդգծել է, որ այս պետական այցը կարելի է երկկողմ հանդիպումների հաճախականության եւ մինչ օրս առկա համագործակցության բարձրակետը համարել: “Այցն արտացոլում է մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ առանձնահատուկ հարաբերությունները: Դրանք իսկապես ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային սերտ հարաբերություններ են` հիմնված դարավոր բարեկամության եւ այն փաստաթղթերի վրա, որոնք ընկած են մեր պետությունների համագործակցության հիմքում”,- ասել է ՌԴ Նախագահը` նշելով, որ բանակցություններն անցնում են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում, ինչի վկայությունն են նաեւ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը:

ՀՀ եւ ՌԴ նախագահները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի խնդիրներին: Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը  խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հանդիպմանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը երկու երկրների նախագահներին են ներկայացրել  հանձնաժողովի նախորդ նիստից ի վեր կատարված աշխատանքները եւ նախանշված ծրագրերը: Խոսվել է նաեւ հումանիտար ոլորտում շփումներն առավել ընդլայնելու, գիտության, մշակույթի եւ կրթության  բնագավառներում համագործակցության ընդգրկուն եւ երկարաժամկետ ծրագրեր իրագործելու անհրաժեշտության մասին:

Բանակցություններից հետո  ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին  5 փաստաթուղթ.

“Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995թ. մարտի 16-ի` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին” պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն”, Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին համաձայնագիր”, Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին Համաձայնագիր”, Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին Համաձայնագրի իրականացման կարգի մասին Կիրարկման արձանագրություն”, “Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության /ՌԴ/ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում` արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին փոխըմբռնման հուշագիր”:

Փաստաթղթերի ստորագրումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը եւ  Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով (ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսում կցվում է):

Այնուհետեւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը  պետական պարգեւներ է հանձնել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների: ”Բարեկամության շքանշանով” է պարգեւատրվել համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, “Պուշկինի մեդալով”` համալսարանի ռուսական բանասիրության ինստիտուտի գիտական ղեկավար Արամ Գրիգորյանը եւ համալսարանի ամբիոնի վարիչ Անահիտ Խաչիկյանը:  “Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատող” պատվավոր կոչման է արժանացել համալսարանի առաջին պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը:

Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը մեկնել են Գյումրի` ներկա գտնվելու հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող “Պատվո բլուր” հուշահամալիրի բացման արարողությանը, որից հետո ՀՀ եւ ՌԴ  նախագահները կվերադառնան Երեւան` մասնակցելու երեկոյան մեկնարկող ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն