Հոկտեմբերին կանցկացվի «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը
6-րդ անգամ անցկացվող «DigiTec Expo 2010» ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACELL MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել National Instruments, Synopsys, Ucom, Intracom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC, Softline, Scancode, Lanar, Credence, YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:
«DigiTec Expo»-ի շրջանակներում կանցկացվեն մի շարք հարակից միջոցառումներ: Դրանք են`
DigiTec Տեխնոլոգիական ֆորում – Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալվում է հայաստանյան և սփյուռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցություն:
DigiTec Start Up forum – Նորաստեղծ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և գործունեությունը:
Էլեկտրոնային կառավարում ֆորում – ՀՀ կառավարության և առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
DigiLife սեմինարների շարք
Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնություն
«Երևան Գիտության փառատոն»
Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել:
ArmAr.am












