Արցախի Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում
Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 21-ին այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինքնության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող եւ հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնելով, որ դրանց շրջանակը կընդլայնվի:
Օգոստոսի 21–ին եւ 22-ին Նախագահ Սահակյանն Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով:
Հանդիպմանը եւ միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահականից:
ArmAr.am












