Պայքարել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հ-300 ռազմական երկու համալիրների վաճառքի դեմ
Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանի ռուս-հայկական ստորագրված պայմանագրից հետո Հարավային Կովկասում ստեղծվել է նոր իրավիճակ: Այդ իրավիճակը վերջնական տեսքի կբերվի նախագահ Մեդվեդևի Ադրբեջան այցելությունից հետո: Հայաստանում հասարակության տրամադրությունները կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. իշխանությունը և իշխանամետ ուժերը չափազանց ոգևորված են, մյուսները խիստ կասկածով են մոտենում ստեղծված իրավիճակին: Մեր կարծիքով երկու կողմերն էլ պարտավոր են կատարել մի կարևոր քայլ, որը չեն անում: Պետք է միարժեքորեն պայքարեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հ-300 ռազմական երկու համալիրների վաճառքի դեմ: Ըստ մեր ունեցած տեղեկույթի այդ վաճառքի իրականացմանը կան թեր և կողմ ուժեր հենց Ռուսաստանի վերնախավում: Եթե հետևում ենք ռուսական պաշտոնատար անձանց հայտարարություններին, պետք է, որ ընկալենք ակնհայտը. նրանցից ոչ մեկն ամբողջ ձայնով չի հաստատել այդ վաճառքը և զարմանալիորեն ոչ էլ հերքել է այն: Իրական վիճակը հետևյալն է: Ադրբեջանին զուգահեռ այդ գործարքի իրականացման համար մեծ լոբինգ է արել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Սակայն Մոսկվայում հայամետ ուժերը հաջող պայքար են ծավալել այդ զենքն Ադրբեջանին վաճառելու դեմ, և վաճառքի ճակատագիրը կախված է հետագա պայքարի արդյունքից: Ռուսական իշխանությունները վերջնական որոշում կընդունեն մոտակա ամիսների ընթացքում: Այս ստեղծված իրավիճակում մեզ զարմացնում է հայկական իշխանությունների, քաղաքական ուժերի հաշտվողական քաղաքականությունը և հասարակության չեզոքությունն ու հանգստությունը:
ԵՀՄՖ-ը դիմում է նախ և առաջ Ռուսաստանի հայ համայնքի առաջնորդներին, լոբիստներին, հայկայկական միություններին, այնուհետև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և ողջ հասրակությանը կոչով` ընդդիմանալ Ադրբեջանին ռազմական համալիրը վաճառողներին` պահանջելով հարգել Հայաստանի որպես կարևորագույն ռազմավարական գործընկերոջ շահերը, և հեռու մնալ այդ զենքը Ադրբեջանին վաճառելու գայթակղությունից: Չէ որ Հայաստանի ռազմական ուժերի հիմնական առավելությունն Ադրբեջանի նկատմամբ հենց այս զենքի գոյությունն էր մեր բանակում, և մեզ բոլորիս համար ծիծաղելի էին Ադրբեջանի նախագահի հոխորտանքները` Արցախի վրա հարձակվելու սպառնալիքներով, քանի որ այս համալիրի գույության պայմաններում որևէ ադրբեջանական հրթիռ կամ ինքնաթիռ ունակ չէր հատելու հայկական սահմանը: Սրա շնորհիվ Հարավային Կովկասում առկա էր ռազմական ուժերի չեզոք հաշվեկշիռ: Այսօր մեզնից է կախված այդ հաշվեկշիռը կշեղվի Ադրբեջանի կողմը, թե կմնա նախկին վիճակում:
ArmAr.am












