Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
Իրանը ամբողջովին դադարեցրել է Թուրքիային գազի մատակարարումը։
Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մաջիդ Բուջարզադեին։
Ըստ նրա՝ գազի մատակարարումը դադարեցվել է թուրքական կողմի խնդրանքով՝ «Թուրքիայի տարածքում առաջացած տեխնիկական խնդիրների» հետ կապված։
Իրանական ընկերությունը վստահեցնում է, որ պատրաստ է վերականգնել գազի մատակարարումը ցանկացած պահի, երբ այդ խնդիրները վերացվեն։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թուրքիայի արևելքում հզոր պայթյուն էր տեղի ունեցել այն գազամուղի վրա, որով Թուրքիան բնական գազ է ստանում Իրանից։ Թուրքական աղբյուրների համաձայն՝ հնարավոր է, որ դա Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքի գործն է։ Այս մասին հաղորդում է Lenta.ru–ն։
Ի դեպ, իրանաթուրքական գազամուղի վրա վերջին ամսվա ընթացքում արդեն 2 պայթյուն է տեղի ունեցել։ Հուլիսի կեսին գազամուղի պայթյունի հետևանքով Իրանից գազի մատակարարումը լիովին դադարեցվել էր և միայն 10 օրից վերականգնվել։












