Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Աջակցություն մարզային դպրոցներին

Օգոստոս 27, 2010թ. 14:06

333Օգոստոսի 24-26-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը մարզային դպրոցներին ցուցաբերվող սոցիալական ծրագրերի շրջանակներում եղավ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի մանկական գեղարվեստի, Լոռու մարզի Արծնի, Ձորամուտ համայնքների դպրոցներում, որտեղ 180 աշակերտ ստացավ շուրջ 2,5 մլն ՀՀ դրամ արժողությամբ դպրոցական անհրաժեշտ պարագաներ:
Շնորհիվ Հիմնադրամի Բրիտանիայի տեղական մարմնի` ի դեմս ատենապետ Արմինե Կարապետիի, վերջին տասը տարիների ընթացքում սոցիալական աջակցության այս ձեռնարկն ունեցել է ավելի քան 1800 աշակերտ-շահառու` Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում:

ՙՄեծ Բրիտանիայի տեղական մարմինը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին զուգահեռ, շարունակաբար աջակցության ծրագրեր է իրականացնում մարզային դպրոցներում: Հուսով եմ` նմանօրինակ ձեռնարկները նոր ուսումնական տարվա նախաշեմին թեթեւացնում են ծնողների հոգսը՚,- նվերները հանձնելիս ասաց Անահիտ Ղազարյանը, ով Հայաստան էր ժամանել միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողները, ուսուցիչները, տնօրենները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարները: Իսկ աշակերտներն իրենց երախտագիտությունը արտահայտեցին երգի, ասմունքի գեղեցիկ կատարումներով եւ իրենց իսկ ձեռքով պատրաստած նվերներով: Իր նկարների մասին գովեստի խոսքեր լսելով Թալինի մանկական գեղարվեստի դպրոցի իննամյա սան Սոնան ամոթխած ժպիտով ասաց,-ՙՇատ եմ ուզում հայտնի նկարիչ դառնալ՚:
Ձորամուտի բնակիչ, երեք դպրոցահասակ երեխաների մայր Աղավնի Չափանյանը կսկիծով նշեց, որ լինում է եւ այնպես, երբ դպրոցականները խուսափում են դպրոց հաճախել դպրոցական պիտույքներ չունենալու պատճառով: ՙԱյս հեռավոր գյուղերի բնակիչների համար շատ կարեւոր է անգամ ամենափոքր ուշադրությունը՚,- կարծիք հայտնեց ծրագրի պատասխանատու Մարիամ Զենջիրջյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն