Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Հայոց Կաթողիկոս.«Կոչված եք առ Աստված հավատքով սնելու մեր մատաղ սերնդին»

Օգոստոս 31, 2010թ. 17:01

31-1Օգոստոսի 31-ին` Գիտելիքի օրվա նախօրեին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ, որով սկիզբ դրվեց մի նոր` կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության:
Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո եկեղեցականների թափորը Ամենայն Հայոց Հայրապետին` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, առաջնորդեց Մայր Տաճար, ուր կատարվեց շուրջ երկու հարյուր մանկավարժների օրհնության կարգ:
Արարողությանը նաև ներկա էին ներկայացուցիչներ ԱԺ կրթության մշտական հանձնախմբից, ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակիցները, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պետերը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրենները, Երևանի և մարզերի դպրոցների ու մանկապարտեզների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի կրթական հաստատությունների` Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի, ՙԷօրնեկյան՚ հանրակրթական դպրոցի տեսչության անդամները:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր պատգամն ուղղեց ներկաներին. ՙՍրտի անհուն բերկրանքով ողջունում ենք ձեզ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` համայն հայության նվիրական այս սրբավայրում, որտեղ սկիզբ է առել հայ դպրությունն ու գիտության դարբնոցը: Հայրապետիս համար մեծ ուրախություն է այսօր կրթության մշակներիդ հանդիպելու և հայցելու Աստծո առատ օրհնությունը` ի բարօրություն հայրենի դպրոցի ու կրթական անդաստանի: Դուք ուսումնական տարվա սեմին Աստծո և Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջև Ձեր ուխտն եք նորոգում այսօր` անսպառ եռանդով, աննահանջ սիրով ու անմնացորդ նվիրումով ջամբելու մեր մանկանց իմացությունն ու լույսը հայրենի ավանդների ու հոգևոր արժեքների:
Այսօր կյանքի արագընթաց զարգացումներում, առավել քան երբևէ, կարևոր են ուսումն ու գիտելիքը, բայց պետք է հիշել, որ միշտ, բոլոր ժամանակներում կարևոր է հոգին կրթելը, ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արարող ուժ է գիտելիքը, ստեղծագործ զորություն և բարիք, երբ ամուր կերպով հաստատված է հավատքի վեմին և հոգևոր արժեքների հիմերի վրա։ Ահա այսպիսի ճանաչողությունն է, այսպիսի կրթական դարբնոցը, որ Ավետարանի խոսքի համաձայն, դիմակայում է ժամանակի հողմերի և հորձանքների առջև: Հոգևոր արժեքների զորությամբ դարերի փորձությանց բովով ու հրով անցնելով` ձույլ ոսկի է դարձել հայ դպրոցը, մաքուր ու անաղարտ, ինչպես նրա մեջ կրթվող հայ մանկանց միտքն ու հոգին, որոնց կոչված եք դուք առաջնորդելու։ Սիրելիներ, կոչված եք առ Աստված հավատքով սնելու մեր մատաղ սերնդին, սովորեցնելու ճանաչել ու սիրել մեր Հայրենիքն ու Եկեղեցին, հոգալ մարդկանց մասին, ստեղծել ու կերտել, մտածել ուղիղն ու արդարը. այս պետք է լինի կրթության ուղեծիրը, սրանով է լուսավոր և առաջատար դարձել ու դառնում ցանկացած ուսում և գիտություն: Հոգևոր լույսով սուրբ ու նվիրական է հայ կրթական դարբնոցը և միջնադարյան մեր վանական դպրոցների ավանդության համաձայն` այսօր էլ նրանից վեր պիտի փայլի պատվիրանը. ՙԼոյծ զկօշիկս քո յոտից քոց, զի տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սուրբ է՚ (Ելից Գ 5): Այն ամենը, որ կարող է խաթարել դպրոցի ազնիվ նկարագիրը, պետք է, ուրեմն, թողնել նրա շեմից դուրս և ազնիվ մտքով ու հոգով մտնել այնտեղ՝ լծվելու մանկավարժի երախտավոր գործին:
Սիրելի մանկավարժներ և կրթական ոլորտի երախտավորներ, այս նվիրական օրը թող լինի մի նոր առիթ ձեր առաքելության մեջ Աստծո առաջնորդությունն ու շնորհները խնդրելու։ Վերարժևորեք ձեր ազնիվ ու պատվական կոչումը, որն իր նվիրական պարունակով ու ավանդությամբ մոտեցնում է ձեզ մեր Սուրբ Թարգմանիչների փաղանգին՝ պարտավորեցնելով ամեն ուսուցչի մեր զավակների միտքը վարժեցնելու ուղիղը խորհելու, սիրտը` բարին զգալու և կամքը` բարին կամենալու տերունապատվեր առաքելությունը:
Հայրապետիս սրտաբուխ մաղթանքն է, որ Ամենակալ Տերն ամենքիդ պարգևի անվրդով կյանքի երկար տարիներ և բեղմնավոր գործունեություն: Այս առիթով Աստծո ամենառատ օրհնությունն ենք հայցում նաև մեր հայրենի պետության կրթական գերատեսչությանց և աշխատակիցներին, ի դեմս ՀՀ կրթության և գիտության Նախարար Տիար Արմեն Աշոտյանի և այստեղ ներկա բոլոր կրթական հաստատությանց սպասավորների, ում ջանքերով է այսօր շարունակում զարգանալ և առաջընթաց ապրել հայ դպրոցն ու կրթությունը: Թող Ամենակալ Տերն Իր ամենիմաստ Խոսքով ու Սուրբ Հոգու շնորհներով ամենայն ժամ պայծառ պահի հայոց նվիրական դպրոցի անմար կանթեղը:
Բարի ընթացք ու ձեռքբերումներ ենք մաղթում նոր ուսումնական տարում՚։
Վերջում Վեհարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու մաղթանքները հղեց մանկավարժներին և կրթության ոլորտի սպասավորներին:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն