Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետաքննություն անցկացնի Պետդեպարտամենտում` Արցախի օգնությունը չծախսելու համար

Սեպտեմբեր 1, 2010թ. 10:55

SasunyanԱՄՆ Պետդեպարտամենտը անփույթ, անգամ ապօրինի վերաբերմունք է ցուցաբերել` չծախսելով
Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված ֆինանսական օգնությունը վերջին 12 տարիների
ընթացքում:

Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի միայն կեսն է ծախսել: 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել` չհաշված 2000-2002 թվականներին հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը: Հայ Դատի Հանձնախմբի կողմից ձեռք բերված ԱՄՆ կառավարության փաստաթղթերից պարզվել է, որ 1998-2010 թվականներին Պետդեպարտամենտը որպես մարդասիրական օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլար: ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական իրար հաջորդող վարչակարգերն Ադրբեջանին
հանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնություն տրամադրելու Կոնգրեսի ջանքերը: Ի զորու չլինելով կանխել նման հատկացումների հաստատումը, Պետդեպարտամենտը Կոնգրեսի կամքին հակառակվելու համար խորամանկ հնարքների է դիմել` ծախսելով Արցախին հատկացված ֆինանսական օգնության միայն մի մասը: Ադրբեջանը մշտապես պնդել է, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող ցանկացած օգնություն պետք է ուղղվի Բաքվի միջոցով: Չնայած վարչակարգի և Ադրբեջանի առարկություններին, Կոնգրեսը շարունակել է օգնություն հատկացնել Արցախին, վերացնելով ոլորտների սահմանափակումը. 2010 թվականին նրա նախատեսած 8 միլիոն դոլարը հատկացվել է «Լեռնային Ղարաբաղում նախագծերի և միջոցառումների», այլ ոչ թե բացառապես մարդասիրական ծրագրերի համար:

Տասներկու տարիների ողջ ընթացքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, և ըստ երևույթին ոչ էլ ամերիկահայ համայնքը Կոնգրեսին չի բողոքել Պետդեպարտամենտի` Արցախի համար հատկացված գումարներն ամբողջությամբ չծախսելու համար: Զարմանալի է, որ Հայ Դատի Հանձնախմբի կողմից կրճատումների բացահայտումից հետո, Արցախի մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարևորել տրամադրված օգնության նվազեցումը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հատկացումների ծավալի նվազեցումը արդարացրել է, այն կապելով վերջին տարիներին Արցախի արձանագրած «բավական տնտեսական աճի» հետ: Մինչ հայերը զարմանալիորեն լուռ էին մնում, Կոնգրեսը 2001 թվականից սկսած բազմիցս կոչ է արել վարչակարգին «անհապաղ իրացնել մնացած 20 միլիոն դոլարի մարդասիրական օգնությունը,  որը Բանաձևով նախատեսված էր 1998 թվականի ֆինանսական տարվա համար»:

Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը Պետքարտուղարից պահանջել է 15 օրվա ընթացքում զեկուցել Միացյալ Նահանգների կողմից Արցախին ցուցաբերած աջակցության մնացորդային գումարի մասին`օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելու պահից սկսած: 2004-2005 թթ. Սենատը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID) պահանջել էր իր ծրագրերը ներկայացնել հատկացված դրամական միջոցները ծախսելու վերաբերյալ` օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Ցավոք, մեղքի առյուծի բաժինն ընկնում է Օբամայի վարչակազմի վրա: Նրա պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում չի ծախսվել 12 միլիոն դոլար, այսինքն 1998 թվականից ի վեր Արցախին հատկացված և չծախսված գումարների մեկ երրորդը: Սենատոր Բարբարա Բոքսերը հնարավորություն ունեցավ այս հարցը հետապնդել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի` հուլիսի 22-ին ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա հաստատման համար անցկացված լսումների ընթացքում:  Սենատորը ցանկացել է պարզել, թե ինչու Արցախին հատկացված 16 միլիոն դոլար օգնության գումարից միայն 4 միլիոնն է ծախսվել վերջին երկու տարիների ընթացքում: Ի պատասխան Բրայզայի խուսանավումների, սենատոր Բոքսերը պահանջել է գրավոր «մանրամասն հաշվարկ ներկայացնել Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին վերջին հինգ տարիների համար հատկացված բոլոր օգնությունների ծախքերի վերաբերյալ»: Նա խստորեն հարցրել է, թե «Ինչո՞ւ Կոնգրեսի կողմից 2009 և 2010 թվականներին Լեռնային Ղարաբաղին հատկացված ամբողջ գումարը չի ծախսվել»: Բրայզան ևս մեկ անգամ չի կարողացել գոհացուցիչ պատասխան տալ սենատորի հարցին:

Ուստի, սենատոր Բոքսերն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրել է Բրայզայի հաստատման քվեարկությունը հետաձգել մինչև սեպտեմբերի կեսերը Սենատի արձակուրդից վերադառնալը: Հուսով ենք, որ այն Բրայզային հնարավորություն կտա պարկեշտ հաշվարկ պատրաստել` պարզաբանելով, թե ինչու Վաշինգտոնի օգնությունն Արցախին ամբողջությամբ չի հասել: Միաժամանակ, Բրայզայի հաստատման ձգձգումը թույլ կտա Սենատին ավելի հանգամանորեն ստուգել նրա անցյալի վերաբերյալ ի հայտ եկած հարցերը:

Ակնհայտ է, որ Բրայզան և իր նախորդները Պետդեպարտամենտում, տարբեր հնարքների են դիմել Կոնգրեսի մտադրությունները խափանելու համար: Նրանք փորձել են հանգստացնել Ադրբեջանին` սահմանափակելով և ուշացնելով Արցախին խիստ անհրաժեշտ օգնությունը: Այժմ ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն հետաքննել Պետդեպարտամենտի կողմից երկրի օրենսդիր մարմնի հանձնարարագրի ձախողումը, չծախսելով Արցախին հատկացված օգնության գումարներից 35 միլիոն դոլարը վերջին 12 տարիների ընթացքում: Եթե հետաքննությունը թերացումներ բացահայտի Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց աշխատանքում, ապա ամերիկահայերը պետք է  Կոնգրեսից պահանջեն 35 միլիոն  դոլարի միանվագ օգնություն հատկացնել Արցախին` որպես փոխհատուցում Միացյալ Նահանգների կառավարության կողմից օրենքով սահմանված գումարը չծախսելու համար:

Հուսով ենք, որ Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության շուրջ բարձրացված աղմուկը Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կստիպի այսուհետև ավելի զգուշավոր լինել Արցախի համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախքերի հետ գործ ունենալիս:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրԹարգմ.՝ Ռ.Ավագյանի

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն