Արա Հարությունյան.«Արցախի Հանրապետությունը ներկայումս որոշիչ գործոն է Հարավային Կովկասում»
Արցախի Հանրապետության վարչապետի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք: 19 տարի առաջ մեր երկրի կյանքում տեղի ունեցավ պատմական մեծ շրջադարձ, որը միտված էր արցախահայությանը տանելու անկախության, ազատության և ինքնապահպանման ճամփաներով: Այսօր կարող ենք անվարան հաստատել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին կայացվել է ազգային ու քաղաքական տեսանկյունից հիմնավոր ու հեռատես վճիռ, և այն իրագործելու համար մեր ժողովուրդը հարկադրված եղավ անցնելու պատերազմի ու զրկանքների միջով: Խորտակվող խորհրդային կայսրության և ավելի ու ավելի թշնամաբար տրամադրվող ադրբեջանական իշխանությունների ու հանրության առկայության պայմաններում հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի ժողովրդին տեսանելի դարձավ ապագայի ուղին, ուրվագծվեցին ազգային նպատակների համար միաբանված պայքարելու նոր ձևերը: Արցախահայությունը հավատարիմ է մնում հայ հավաքական միասնության սուրբ գաղափարին, իր կենսահաստատմամբ նպաստում համազգային նշանակության խնդիրների մեկտեղված լուծմանը:
Չնայած մարդկային, արտադրական սուղ պաշարներին և տարածաշրջանային ռազմաքաղաքական աննպաստ իրավիճակին, Արցախի Հանրապետությունը անցած տարիներին տպավորիչ հաջողությունների է հասել պետականաշինության և անվտանգության ասպարեզներում: Կայացած Արցախի Հանրապետությունը ներկայումս որոշիչ գործոն է Հարավային Կովկասում և վստահ քայլեր է կատարում միջազգային ճանաչման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ այդ ճանապարհն ավելի կարճ կլինի, եթե կարողանանք արագորեն հաղթահարել մեր ներքին խնդիրները՝ երկիրը դարձնելով հաստատուն և բարեկեցիկ:
Ներկա պահին ԼՂՀ կառավարության կարևորագույն խնդիրն է՝ էապես բարելավել հանրապետության սոցիալ-տնտեսական կացությունը, առավելագույնս ապահովագրվել տարածաշրջանային ու համաշխարհային անցանկալի զարգացումներից: ԼՂՀ տնտեսական կարողությունները մեծապես զորացնելու նպատակով մի շարք կարևոր ծրագրերի ենք ձեռնամուխ եղել էներգետիկայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում: Առաջնային խնդիր ենք համարում Հայաստանի Հանրապետության հետ բազմակողմանի ինտեգրումը և արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Կառավարությունը իր բոլոր ծրագրերը նախանշում և իրականացնում է այն ելակետից, որ արցախցին վստահ ու ապահով զգա իր հայրենի հողի վրա, ունենա ժամանակակից կեցություն և համաչափ քայլի քաղաքակրթական առաջադիմությանը:
Թանկագին արցախցիներ
Հանրապետության օրվա առթիվ մեկ անգամ ևս ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, խաղաղություն, բարօրություն ձեր ընտանիքներին և անմար հավատ առ մեր գողտրիկ ու հրաշալի Արցախը:
Սիրով՝ ԼՂՀ վարչապետ ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ArmAr.am












