Ադրբեջանն օգտագործում է իսլամական համերաշխության գործոնը
«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի նախաձեռնությունը` բանաձեւի ներկայացումը Գլխավոր ասամբլեայում ապակառուցողական քայլ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը գտնում է, որ այս կարգի հարցերը չպետք է տեղափոխել Գլխավոր ասամբելա, պետք է քննարկել հաստատված բանակցային ձեւաչափերի շրջանակներում: Հենց դա էր պատճառը, որ 2008 թ.. Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը աջակցություն ստացավ 192 երկրից միայն 39-ի կողմից, այն էլ մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից: Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից եւ ոչ մեկը կողմ չքվեարկեց, իսկ եռանախագահող երկրները դեմ քվեարկեցին: Ադրբեջանը օգտագործում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը` չարաշահելով իսլամական համերաշխության գործոնը: Շատ վտանգավոր են փորձերը կրոնական բնույթ հաղորդել այս կարգի հիմնախնդիրներին», -ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը;
Խոսելով հայկական կողմի հակազդեցության մասին, Նալբանդյանը նկատել է. «Ի՞նչ ենք անում այս բանաձեւի կապակցությամբ. դիվանագիտությունը նման է սառցալեռան, այն մասը, որ երեւում է դա շատ փոքր մասն է, մեծ մասը անտեսանելի է, դա հենց այն աշխատանքն է, որի մասին ընդունված չէ մանրամասն հայտարարել: Հակառակ դեպքում ակնկալվող արդյունքները կարող են նվազ լինել»:
Նալբանդյանը վստահեցրել է.«Կարիք չկա հրապարակել դիվանագիտական խոհանոցի բոլոր մանրամասները: Վստահ եղեք, որ հնարավոր քայլերն արվում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բանակցությունների միջոցով կարգավորվի, խաղաղ լուծում ստանա` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: Գլխավոր սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է, որի միջոցով պետք լուծվի հիմնախնդրի ամենակարեւոր հարցը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը»:
ArmAr.am












