Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Պարգև Սրբազան. «Լինենք միաբանված, ունենանք ամուր արիական ոգի, ամուր հավատ` առ Աստված և հաղթանակները մերը կլինեն»

Սեպտեմբեր 2, 2010թ. 11:36

SrbazanՀարցազրույց Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև Սրբազանի հետ

– Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ Սրբազան, փորձենք անցած տարիների հեռվից գնահատել տոնի խորհուրդը:

– Այսօր հրաշալի տոն է, մեր անկախության , պետականության հաստատման 18 ամյակն ենք նշում: ԼՂՀ-ն երիտասարդ հանրապետություն է, որ քայլ առ քայլ հասունանում, ամրապնդվում ու հասակ է առնում: Ի՞նչ ունեցանք 18 տարիների ընթացքում. դաժան պատերազմ, ազատագրական պայքար և, ի վերջո, Աստծո օրհնությամբ` հաղթանակ: Պատերազմը մեզ ծանր ժառանգություն թողեց` այրված քաղաքներ ու գյուղեր, քայքայված ենթակառույցներ: Բայց այս 18 տարիների ընթացքում մեր իշխանության ու ժողովրդի համառ ջանքերով հաջողվեց գրեթե ամբողջովին վերականգնել մեր մայրաքաղաքը` Ստեփանակերտը, որ վերածվել էր մեռած քաղաքի: Կարելի է ասել, որ այսօր պատերազմի սպիները գրեթե ամոքված են. կառուցվեցին ճանապարհներ` Գորիս-Երևան կյանքի ճանապարհը, հյուսիս-հարավը, որ մեր ողնաշարն է, մի շարք գյուղեր ամբողջովին վերանորոգվեցին, կառուցվեցին տասնյակ դպրոցներ, հիվանդանոցներ, ԼՂՀ -ի գրեթե 75%-ը գազաֆիկացվեց, նույնիսկ ԽՍՀՄ տարիներին չէինք կարող նման բան երազել: Հիմնեցինք ԼՂՀ պետական համալսարանը: Այսօր ունենք անկախ երկրի նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, պաշտպանության բանակ, ունենք մեր հիմնը, դրոշը, մեր քայլերգը, այն ամենը ինչ անհրաժեշտ է նորանկախ երկրի համար: Վերականգնեցինք պատմական Արցախի հոգևոր թեմը, և այսօր խաղաղ պայմաններում շարունակում ենք մեր ստեղծագործ կյանքը: Մեր երիտասարդ անկախ երկիրն առաջ է ընթանում` ամրապնդելով իր ժողովրդավարությունը: Սակայն դեռ ունենք չլուծված քաղաքական հարց, դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի հարցն է: Իհարկե, դե ֆակտո մենք դեռ 1991-ին ենք այս հարցը լուծել, և այսօր մնում է , որ միջազգային քաղաքական հարթության մեջ այն վերջնականապես ամրապնդենք:

-Մեր կարևորագույն ձեռքբերումների շարքում նշեցիք բանակի ստեղծումը. այդ դժվարին ժամանակներում ինչպե՞ս մեզ հաջողվեց ինքնապաշտպանության առանձին ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել ու պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ի՞նչ զորություն էր իջել մեր ժողովրդի վրա:

-1988-ին, երբ սկսվեց մեր ազգային ազատագրական շարժումը, մեր ողջ ժողովուրդը համախմբվեց, միաբանվեց, Հայաստան-Արցախ-Սփյուռք` դարձանք մի բռունցք, բոլորս մեկ էինք ու միակամ: Հայ երիտասարդները կամավոր նետվեցին մարտի դաշտ, գրեթե անզեն էին, բայց հայրենիքի անկախությունը վերանվաճելու, արդարությունը վերահաստատելու, մեր սրբությունները վերագտնելու հրամայականը բոլորին մարտի դաշտ տարավ: Իսկ այնտեղ մեր դեմ դուրս եկան լավ զինված խորհրդային և ադրբեջանական բանակները: Վերջինս հսկայական զինանոց ուներ: Առանձին ջոկատներով այդ հզոր ուժի դեմ պատերազմելը շատ դժվար էր և հասունացավ ազգովի համախմբման պահը: Հայկական բոլոր ջոկատների հրամանատարները, մեր ֆիդայիները գիտակցեցին, որ ժամն է մեկ կենտրոնի շուրջ միախմբման: Հենց այդ միասնական նպատակի գիտակցումը մեզ օգնեց, որ առանց ավելորդ բարդությունների կարողանանք կանոնավոր բանակ ստեղծել ու մեկ կենտրոնից ղեկավարել մեր զինված ուժերի յուրաքանչյուր քայլը: Դրա հետևանքը եղավ առավել ակտիվ ու կազմակերպված ռազմական գործողությունների ծավալումը:

-Այս պատերազմը դարձյալ հաստատեց այն ճշմարտությունը, որ երբ հայը միաբանվում է, ապա ի զորու է պարտության մատնել անգամ ամենազորեղ թշնամուն ու փառահեղ հաղթանակ տոնել:

-Անշուշտ, մեր հաղթանակը մեր միաբանության մեջ է և դա գաղտնիք չէ, իսկ որտեղ միաբանություն` այնտեղ Աստված:

– Դուք մեր բացառիկ հոգևորականներից եք, որ եղել եք ազգային-ազատագրական պայքարի մասնակիցը: Ինչպես ժամանակին Խրիմյան հայրիկն էր` մի ձեռքում կրոնավորի խաչը, մյուսում` զենքը: Ազատամարտի շատ մասնակիցներից եմ լսել այս միտքը, թե Պարգև Սրբազանն իր հայրենանվեր կերպարով հայ զինվորների ներշնչանքի աղբյուրն է եղել, քանզի եթե հոգևոր առաջնորդն է մղվում մարտի դաշտ, դա ամենազորեղ ուժն է զինվորի համար:

– Մեր հաղթանակը պայմանավորված է նախ Աստծո օգնությամբ ու մեր ժողովրդի միաբանությամբ, այն մեր ժողովրդի հզոր ոգու արդյունքն է, իսկ մենք բոլորս, նաև հոգևորականներս, պետք է ոգևորենք և օրինակ ծառայենք մեր ժողովրդին ցանկացած ոլորտում` լինի ռազմական, քաղաքական, մարդասիրական, մշակութային, ազգային ու տնտեսական: Մենք պետք է մեր ժողովրդի կողքին լինենք թե դժվար պահերին` լինի դա խրամատում, մարտի դաշտում, թե ուրախությունների ժամին` կնունք , ծնունդ, հարսանիք, ամեն տեղ մենք մեր ժողովրդի հետ պետք է լինենք, մենք նրա մի մասնիկն ենք , մեր ազգի զավակն ենք` անկախ մեր կարգավիճակից ու մեր գրաված պաշտոնից: Դարձյալ ուզում եմ կրկնել, որ մեր հաղթանակը պայմանավորված էր Աստծո օգնությամբ, իմաստուն ղեկավարությամբ, մեր ժողովրդի միաբանությամբ, անձնուրաց նվիրվածությամբ, անսահաման համբերությամբ, ժողովուրդ, որը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն վեհ գաղափարների: Իսկ մեզանից յուրաքանչյուը ամեն մեկն իր տեղում պարտավոր է մեր հայրենքի հանդեպ իր պարտքը կատարել:

– Սրբազան, այն կարծիքը կա, որ Արցախյան թեմը համարվում է ամենակազմակերպվածը, և դա շնորհիվ աչալուրջ առաջնորդի, այդպե՞ս է:

-Ես չեմ կարող այդպես ասել, քանի որ մենք ունենք շատ ամուր ու կազմակերպված թեմեր, մենք ևս աշխատում ենք , այո, այդպիսին լինել, բայց դա մեզ չի բավարարում, քանի որ մեր անելիքները շատ են ու բազում: Եթե ինչ-որ բանի հասել ու հասնում ենք, ոչ միայն շնորհիվ իմ անձի, այլ շնորհիվ մեր հոգևորականների ու հավատացյալների նվիրումի: Նաև մի կարևոր բան պետք է ասեմ. արցախահայությունը շատ կազմակերպված ու համախմբված է, ժողովուրդն ինքն օրինապաշտ է, օրենք հարգող: Անցած տարի հոկտեմբեր 16-ին մենք մի հզոր արցախյան հարսանիք արեցինք ու ամուսնացրեցինք 700 զույգի, 150-ը` Գանձասարում, 500 զույգն էլ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում: Այդ հսկա արարողության ընթացքում, որ շարունակվեց մի քանի ժամ, ոչ մեկը մյուսի ոտքը չտրորեց, կարծես մի լավ կազմակերպված բանակ լիներ: Դա մեր ժողովրդի կազմակերպվածության ապացույցն է:

– Արցախցին նաև պետություն սիրող է:

-Այո, Արցախն ունեցել է իր մելիքությունները, ժողովուրդը սիրել ու հարգել է իր իշխանավորներին, որոնք պատմական տարբեր փուլերում լուրջ դերակատարություն են ունեցել: Արցախցին նաև ազատատենչ է. դարեր շարունակ շրջապատված լինելով օտարներով` նա մշտապես եղել է զգոն, համախմբված ու կարգապահ: Մի պարզ օրինակ բերեմ. Ստեփանակերտում դուք չեք հանդիպի մեկին, որ ավտոմեքենայից դուրս նետի ծխախոտը, նույնիսկ մեկ լուցկու հատիկ չի նետի, արցախցին սիրում է իր քաղաքը, աշխատում այն մաքուր պահել: Արցախում չեք տեսնի անկանոն երթևեկություն, մարդիկ մեկը մյուսին հարգում են, սա նաև խոսում է երկրի, հողի նկատմամբ մարդկանց ունեցած սիրո մասին:

– Նախագահական ընտրությունների նախաշեմին Արցախում էի: Զարմացած էի. արցախցին համապետական ընտրությունները տոնի էր վերածել: Մարդիկ հպարտ էին, որ գնալու-ընտրելու են իրենց երկրի ղեկավարին, մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում ընտրություններին, գիտակցում , որ յուրաքանչյուրի ձայնը խիստ վճռորոշ է լինելու:

-Իրավացի եք: Ես էլ հիշեցի. վերջին ընտրությունների ժամանակ տեր Գրիգոր քահանան զարմացած նկատել էր, որ մարդիկ ընտրությունների են գնում ծաղիկներով ու դրոշակներով: Իսկ նրա զարմանքին մարդիկ պատասխանել էին. «Այո, գնում ենք մեր երկրի նախագահին ընտրելու, և դա մեզ համար տոն է»: Արցախցու գիտակցությունն այլ է: Օտար նվաճողի լուծը թոթոփած արցախցին այսօր վերջապես անկախություն է ձեռք բերել, որին շատ էր կարոտել և յուր ուրախությունն այդ կերպ է արտահայտում:

– Արցախը պատմականորեն ունեցել է բավականին հարուստ հոգևոր կյանք. ո’չ խորհրդային գաղափարախոսությունը, ո’չ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը չեն խաթարել, չեն սասանել արցախցու հավատը:

– Արցախի թեմն , իրոք, եղել է շատ հարուստ ու հզոր: Այն մեր Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսության մեկ մասնիկն է, իսկ Աղվանից կաթողիկոսությունը յուր ժամանակ ունեցել է 4500-5000 գործող եկեղեցիներ ու վանքեր: Երբ խորհրդային բանակը մտավ Արցախ, և երբ 1921-ին Արցախը տրվեց Ադրբեջանին, այդ պահից փակվեցին հարյուրավոր եկեղեցիներ: 1929 թվականին երջանկահիշատակ Վրթանես եպիսկոպոսն անհանգստացած գրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,թե, Վեհափառ տեր, ընդամենը մնացել է գործող 112 եկեղեցի ու 18 վանք, և ընդամենը ունենք 276 հոգևորական, մի ճար արեք: Սակայն ամիսներ անց փակվում են նաև այդ եկեղեցիները, Իսկ 1930թ. փակվեց նաև Արցախի թեմը:

Եվ միայն 1989թ. վերաբացեցինք Արցախի պատմական թեմը: Այն այսօր ունի վերանորոգված 40 եկեղեցի ու վանք և շարունակում ենք վերանորոգել ու կառուցել, բայց դա շատ քիչ է այն ամենի դիմաց, որ յուր ժամանակ ունեցել է Արցախի թեմը: Կառուցել ենք Գանձասարի ճեմարանի շենքը, Երիտասարդների պալատը Շուշիում, Ստեփանակերտում պետության կողմից տրամադրվող նյութական օժանդակության շնորհիվ վերականգնեցինք ռմբակոծություններից ավերված Առաջնորդարանի շենքը: Շուշիում վերանորոգել ենք առաջնորդարանը, ծրագրում ենք վերանորոգել մի շարք վանական համալիրներ: Բացի մեր հայրենանվեր բարերարներից մեզ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում մեր հայրենի իշխանությունը, որի միջոցներով վերանորոգվում է Ամարասի վանական ամբողջ համալիրը, շուտով կիրականացնենք նաև Դադիվանքը: Շուշիում վերանորոգել ենք Ամենափրկիչ ու Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները, իսկ այսօր Լևոն Հայրապետյանի բարերարությամբ սալապատվում ու պարսպապատվում է Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու տարածքը: Արցախի թեմն ունի կիրակնօրյա դպրոցներ: 1997թվականից մեր դպրոցներում կրոն է դասավանդվում, հիմնել ենք Գանձասար Աստվածաբանական կենտրոնը, հրատարակել ենք ութսունից ավելի գրքեր: Այնպես որ փորձում ենք լրացնել մեր հոգևոր բացերն ու մեր ժողովրդին մատուցել այն, ինչից զրկված է եղել 70 տարի շարունակ:

– Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմից Արցախը հաղթանակով դուրս եկավ և արտահայտելով ողջ հայության հավաքական կամքը` հռչակեց իր անկախությունը։ Որպես ազատամարտի մասնակից հոգևորական` ինչպե՞ս եք գնահատում ներկայումս ընթացող բանակցային գործընթացը: Այն ձեռքբերումները, որ մենք ունեցանք ռազմի դաշտում, կարողանո՞ւմ ենք ամրագրել քաղաքական-բանակցային հարթության մեջ:

-Ակնհայտ է, որ մի շարք գերտերություններ իրենց հստակ շահերն են հետապնդում տարածաշրջանում և միշտ չէ, որ մեր ցանկությունները կարող են համընկնել նրանց շահերի հետ: Սա մենք պետք է հստակ գիտակցենք: Բանակցային գործընթացին, իհարկե, Հայաստանն ու Արցախը պետք է մասնակցեն, դա են թելադրում միջազգային խաղի կանոնները: Բայց դրանով հանդերձ մենք պետք է կարողանանք առավելագույնս պահպանել մեր ազգային շահերը: Միշտ չէ, որ միջազգային քաղաքագետներն արդարությամբ են լուծում հարցերը, այնպես որ, արդարությունն էլ իր պաշտպանների կարիքն ունի և հանուն արդարության հարկ է անձանձրույթ ու հարատև պայքար մղել: Արդարությունն ինքնին հեշտ չի հաղթանակում, դրա համար եմ ասում, որ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպան զինվորների կարիքն ունեն: Եվ մենք ամեն ջանք պետք է գործադրենք դրա համար, քանզի մեր գործն արդար է: Երբեք չպետք է հուսահատվենք ու եթե կամենում ենք առավելագույնս շահել քաղաքական դաշտում, առաջին հերթին, պետք է լինենք միաբանված, ունենանք ամուր արիական ոգի, ամուր հավատ առ Աստված և առ հայ ազգը: Սրանք շատ կարևոր հանգամանքներ են մեզ համար: Մենք նաև պարտավոր ենք իմաստուն լինել մեր սոցիալական ու տնտեսական դաշտում և անել ավելին այս ոլորտները հզորացնելու ուղղությամբ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքները զիջելու մասին շրջանառվող լուրերին:

-Բնականաբար, մեզ համար ընդհանրապես ընդունելի չեն մադրիդյան սկզբունքները: Եթե խոսքը ինչ-որ տարածքների զիջման մասին է, այստեղ պետք է առաջնորդվենք հստակ տրամաբանությամբ. եթե մի բան զիջում ես, ապա, հարց է առաջանում` ի՞նչն ես զիջում և ինչի՞ դինաց, ի՞նչ երաշխիքների ու կարգավիճակի դիմաց: Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես շեշտել է կարևորագույնը` ԼՂՀ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցն ու մնայուն կապը մայր Հայաստանի հետ, միաժամանակ, մշտապես ասել է, որ Արցախը երբեք չի կարող ուղղահայաց ձևով ենթարկվել Ադրբեջանին: Եվ սա մեզ համար շատ կարևոր է: Ոչ մի հայ չի ցանկանա զիջել իր հայրենիքի տարածքները: Տեսեք. Թուրքիան գրավեց Կիպրոսի կեսը, զիջե՞ց, իհարկե ոչ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին ԽՍՀՄ-ը գրավեց Կալինինգրադը, հետ զիջե՞ց, ոչ: Նույնը Կուրիլյան կղզիներին է վերաբերում, Ռուսաստանը հետ է՞ վերադարձնում ճապոնացիներին, իհարկե ոչ: Ուրեմն հանուն ինչի՞ պետք է հետ տանք մեր արյունով ազատագրած տարածքները: Ադրբեջանը սկսեց պատերազմը, մենք էլ հաղթեցինք, ինչի՞ մասին է խոսքը, մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը:

– Դեռ հակամարտության սկզբից Ադրբեջանը փորձեց նենգափոխել հակամարտության բովանդակությունն ու այն ներկայացնել կրոնական հարթության մեջ, իհարկե, միտումը հասականալի է` այդ պայքարում ներքաշել և մուսուլմանական աշխարհին: Ի՞նչ կասեք այս մասին, քանի որ այն արդեն բավական վտանգավոր դրսևորումներ է ստանում: Ի դեպ, վերջերս իսլամական կոնֆերանսն ընդունեց հայտնի հակահայկական բանաձևը:

– Ամենայն հայոց կաթողիկոսն ու Ադրբեջանի կրոնական առաջնորդը մի քանի հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում հստակ հայտարարվել է, որ արցախյան հակամարտությունը ոչ մի կրոնական հիմք չունի: Ադրբեջանի կրոնական առաջնորդը ևս այդ մասին հայտարարել է ու ասել, որ ինքը ևս այդ կերպ է մտածում: Արցախյան հակամարտությունը կրոնների բախում չէ, այլ մարդու իրավունքների խնդիր է: Արցախահայությունն ապրում է իր պատմական հողի վրա և կամենում է հայ մնալ: Այնպես որ սա, ինչպես ասացի, մարդու իրավունքի հարց է և ոչ թե կրոնական: Այլ բան է, որ ադրբեջանական որոշ ուժեր դա շահագործում են, քանի որ այլ նպատակներ ունեն: Ի՞նչ կրոնական պատերազմի մասին կարող է խոսք լինել, երբ մենք մեր երկրում` Շուշի քաղաքում կառուցված մզկիթը պահպանել ենք ու այսօր էլ պատրաստ ենք վերանորոգել:

-Այսինքն, մենք կռիվ չունենք մուսուլմանական աշխարհի հետ:

-Այո, իհարկե, մենք իսլամի հետ խնդիր չունենք, հակառակը, մենք իսլամական երկրներում ունենք հայկական համայնքներ, որոնք վայելում են տեղացիների հարգանքն ու համակրանքը: Մենք իսլամական երկրներում ունենք շատ լավ բարեկամներ, ինչպիսին Իրանն է, Սիրիան, Հորդանանը, Լիբանանը, Իրաքը… Եվ ընդհանրապես, իսլամն ու քրիստոնեությունն իրար հետ որևէ խնդիր չունեն: Իսկ Ադրբեջանը նման քայլերով և իրականությունը գլխիվայր ներկայացնելով չի կարող ոչնչի հասնել:

-Սրբազան, Ադրբեջանի ջանքերն ի չիք դարձնելու ուղղությամբ արդյո՞ք մեր եկեղեցին լուրջ անելիքներ չունի:

– Մուսուլմանական տարբեր երկրների կրոնական առաջնորդներ հաճախ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, և Վեհափառի հետ նրանց հանդիպումներն անցնում են շատ ջերմ մթնոլորտում: Այնպես որ, Մայր Աթոռը փորձում է կարելին անել և անում է այդ ուղղությամբ:

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի օրը ի՞նչ խորհուրդ կտաք մեր քաղաքական գործիչերին ու ժողովրդին:

– Մեր բոլոր քաղաքագետներին ու կուսակցապետերին առաջին հերթին մաղթում եմ, որ ունենան ամուր հավատ և մեծ հույսեր մեր երկրի ապագայի նկատմամբ: Մեր ազգն ունի այդ մեծ ներուժն ու այս 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է անկարելին կարելի դարձնել, հրաշքը` իրականություն: Դա նշանակում է, որ մենք ունենք այդ կարողությունը, որ մեր կողքին ունենք Աստծո օրհնությունն ու նրա մեծ աջակցությունը: Հետևապես, պետք է լինենք միաբան, առավել խելամիտ: Եթե քաղաքական այլ հարցերի առնչությամբ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, ապա ազգային կարևորագույն խնդիրներում պարտավոր ենք միաբան լինել: Հիշենք Ներսես Շնորհալու սքանչելի խոսքերը. «Միաբանություն ի կարևորս», այսինքն, Միաբան լինենք կարևոր հարցերում, հարգենք ու սիրենք իրար, ունենանք ամուր հավատ առ Աստված: Եթե լինենք Աստծո հետ, մեզ միայն հաղթանակները կուղեկցեն, քանի որ ոչ ոք չի կարող Աստծո դեմ մարտնչել: Սրանք այն կարևոր պայմաններն են, որ պարտադիր են հայության համար:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն