Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Մեր ձեռքբերումների հիմքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունն է»

Սեպտեմբեր 3, 2010թ. 12:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը

«Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ

Թանկագին հայրենակիցներ,

Հարգարժան հյուրեր,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ:

Եվ նախեւառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել արցախցիներին մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այդ իրադարձությունը ունեցավ համահայկական նշանակություն եւ նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության հետ միասին Արցախը, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների, կարողացավ պահպանել ու ամրապնդել իր պետական անկախությունը եւ անվտանգությունը, հուսալի հիմք ստեղծել կայուն զարգացման համար:

Մեր բոլոր հաղթանակների եւ ձեռքբերումների հիմքում ընկած է առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը: Այդ միասնության ամրապնդման գործում անգնահատելի է մշակութային կապերի ընդլայնման եւ ոլորտի զարգացման նշանակությունը: Եվ այս գործընթացում իր ուրույն դերակատարությունն ունի <<Կարոտ>> միջազգային փառատոնը, որը մեկնարկեց 2008 թվականին եւ դարձավ համահայկական նշանակալի իրադարձություն:

Փառատոնի կազմակերպման գործում իրենց ջանքերն են համադրում Հայրենիքի եւ Սփյուռքի պետական ու հասարակական կազմակերպությունները, բիզնես շրջանակները, մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, մարդիկ, ում համար հայ ինքնության եւ ազգային ժառանգության պահպանումը հանդիսանում է բացառիկ արժեք:

<<Կարոտի>> աշխատանքները դրական լիցք են հաղորդում նաեւ մշակութային միջազգային երկխոսության զարգացմանը, նպաստում են արտերկրում հայկական մշակույթի ճանաչելիությանը, ինչպես նաեւ տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթը Հայաստանում եւ Արցախում ներկայացնելու գործընթացին: Այն, որ այսօր մեզ հետ միասին այստեղ են Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից եւ այլ տարածաշրջաններից ժամանած անվանի երաժիշտներ, դերասաններ, մշակույթի ականավոր գործիչներ` դրա վառ ապացույցն է: Մենք խորապես շահագրգռված ենք եւ բաց ենք նման համագործակցության համար:

Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհակալություն հայտնել <<Կարոտ>> միջազգային փառատոնի կազմակերպիչներին, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամին` այս կարեւոր միջոցառումն Արցախում անցկացնելու համար: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում հաջողություններ ու ամենայն բարիք:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն