Բեհլուլ Օզքան.«Ալիևը պատերազմ սկսելու ռիսկ չունի»
Հայաստան այցելած թուրք փորձագետ, Բոսֆորի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը, խոսելով Հայաստանի «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից, ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն ու պատերազմի սպառնալիքներն ընդամենը բլեֆ են: «Ես համոզված եմ, որ Իլհամ Ալիևը իրականում չի ցանկանում լուծել Ղարաբաղի հարցը, առավել ևս` պատերազմի միջոցով: Այսօրվա իրավիճակը` ստատու-քվոն, Ալիևին շատ ձեռնտու է: Նա նստած է միլիարդավոր դոլարների նավթի վրա, և այդ նավթամուղերը կառուցվել են, որովհետև նա երաշխիքներ է տվել շատ մեծ նավթային ընկերություններին, որ պատերազմ չի լինելու: Բոլորը գիտեն, որ այդ նավթամուղն այսօր անցնում է Հայաստանից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա, և եթե հանկարծ պատերազմ սկսվի, Հայաստանը կարող է ռմբակոծել այն: Ալիևը պատերազմ սկսելու ռիսկ չունի, նա պարզապես իր հասարակության հետ է խաղում »,- հայտարարել է Բեհլուլ Օզքանը:
Թուրք փորձագետը Ադրբեջանին համարել է ոչ ժողովրդավարական պետություն. «Ոչ ժողովրդավարական երկրներում ժողովրդին ղեկավարելու ամենալավ մեթոդը կորուսյալ հողերի վերադարձի մասին ամեն տարի խոստումներ տալն է»:
Փորձագետը խոսել է նաև հայ-թուրքական սահմանի բացման, ու, ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների մասին, և` հայերի ու թուրքերի չստցված համագործակցության մեջ դարձյալ մեղադրել է ադրբեջանցիներին: «Թուրքիայում շատ ուժեղ ադրբեջանական լոբբի կա, որովհետև շատ մեծ նավթային և քիմիական ընկերություններ կան. կառավարության վրա շատ մեծ ճնշում են գործադրում: Ադրբեջանի նման հիսթերիայի համատեքստում Թուրքիան չի կարող բացել իր սահմանները»:
ArmAr.am












