ԼՂՀ բանակցություններում անտեսել ենք «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրը
Armar.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը «Ուխտ Արարատի» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Փաշաբեզյանի հետ
– Ինչո՞ւ ենք արցախյան հակամարտության բանակցային գործընթացում անտեսել «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի կիրառումը, որը ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է 2007 թվականի սեպտեմբերի 7-ին:
– Նախ խոսենք այն մասին, թե ինչո՞ւ է շրջանցվում կամ անտեսվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղին: Բանն այն է, որ եթե ձեռնարկվի հակամարտության կարգավորման իրավական գործընթացը, ապա կպարզվի, որ հակամարտությունը դյուրին և արագ լուծում ունի և, մյուս կողմից, ակնհայտ կդառնա, որ հայկական կողմը զիջելու որևէ բան չունի, այդ թվում և տարածքային, քանի որ կպարզվի, թե` Ադրբեջանը իրականացրել է ԼՂՀ-ի 70-ամյա գաղութային շահագործում, կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների կոտորած ու բռնագաղթ, բռնի և անօրինական միջոցներով ճնշել է ԼՂՀ հայության ազատության կամարտահայտության փորձերը, շրջափակել է ԼՂՀ-ն ու Հայաստանը, ագրեսիա է ձեռնարկել ԼՂՀ-ի և ՀՀ-ի նկատմամբ, ոչնչացրել է հայության մշակութային-քաղաքակրթական արժեքները, ինչպես Նախիջևանի խաչքարերի հարցում է, բոլոր մակարդակներում խեղաթյուրել է ոչ միայն հակամարտության իրողությունը, այլև` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի պատմությունը…
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում նշված խնդիրները արտահայտված չեն և դա ձեռնտու է ադրբեջանական կողմին, որովհետև իր կատարած հանցագործությունների համար պատասխան տալու և հատուցելու փոխարեն, դեռ ինքն է պահանջներ դնում, այն էլ անիրագործելի, ինչը շատ հարմար է մի երրորդ կողմի, օրինակ` ԵՄ-Իսրայել-ԱՄՆ պահանջի դեպքում, հակամարտությունը կրկին բորբոքելու համար:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մինչև հիմա առաջադրված քաղաքական ծրագրերը նույն տրամաբանությունը ունեն, տարբերությունը նրանում է, որ դրանք եղել են վատը կամ ավելի վատը:
Սրանք են այն հիմնավոր պատճառները, որոնք պարտադրելու են հայությանը` նրա քաղաքական վերնախավին, ի վերջո, հակամարտության վերջնական և արդարացի կարգավորման նոր ուղիներ փնտրել ու գտնել:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման իրավական ուղիները կարող էին լինել այն նոր ուղիները, որոնք հարցը կտեղափոխեին նոր որակական հարթություն ու մակարդակ:
Մեր նախորդ հրապարակումներում, մասնավորապես, «Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ ճանապարհը իրավական ուղին է» հոդվածում խոսել ենք դրանցից երեքի մասին: Համառոտ վերհիշենք դրանք.
ա/ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկը ԼՂՀ անկախության ճանաչման հայցով ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից 1988-91 թթ. և ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել 1991-94 թթ. Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ:
բ/ Խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը` որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը` որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը` հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները»:
գ/ Կարգավորման ուղիներից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է`«Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիան (Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.), որը կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր և փուլեր:
դ/ Կա նաև չորրորդ ուղին, որը մատնանշում է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրը: Չափազանց հետաքրքրական իրավական փաստաթուղթ է սա, որը ներառում է նաև մարդկային բարձր բարոյական սկզբունքներ, որոնք ոչ մի առնչություն չունեն հակամարտության կարգավորմանը լծված պաշտոնատար անձանց ու կոմիսար-էմիսարների հասարակական-քաղաքական լեզվամտածողության հետ, ինչը ստիպված ենք լսել գրեթե ամեն օր: Ինչո՞վ է մարդը կամ մարդկային հասարակությունը տարբերվում կենդանուց կամ կենդանիների հավաքականությունից, եթե ոչ, առաջին հերթին, բարոյական արժեքների համակարգի առկայությամբ:
Հռչակագիրը բաղկացած է մուտքի խոսքից, ընդարձակ նախաբանից և 46 հոդվածներից, որոնք բոլորն էլ, ըստ էության, կարևոր են, սակայն նշենք մեզ համար ամենակարևորներից մի քանիսը: Թարգմանությունը ռուսերեն բնագրից է, որը տեղադրված է ArmAr.am կայքում:
Հոդվածում 3-ում ասված է. «Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրագործում են տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը»:
Նկատենք, որ հենց այս իրավունքից է օգտվել ԼՂՀ բնակչությունը, որովհետև 1921-ին այն բռնակցել են Ադրբեջանին, մեր օրերում` խոչընդոտել նրա վերամիավորումը հայրենիքին: Նկատենք նաև, որ այս դրույթները խեղաթյուրված ձևով են տեղ գտել բանակցություններում, որտեղ ձևակերպվել են այսպես. երբ փախստականները կվերադառնան իրենց բնակության վայրերը: Խոսքն անշուշտ ԼՂՀ բնակիչներ համարվող ադրբեջանցիների մասին է, որոնք մասնակցել են ԼՂՀ-ի դեմ ագրեսիային, Շուշիից ու Խոջալուից ռմբակոծել ԼՂՀ-ի խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մարզկենտրոն Ստեփանակերտը, ինչի համար էլ, իրականում, չեն կարող համարվել փախստականներ…
Հոդվածում 7-ի 2-րդ կետում նշված է. «Բնիկ ժողովուրդները կոլեկտիվ ապրելու իրավունք ունեն ազատության պայմաններում, խաղաղության և անվտանգության` որպես ինքնաբավ ժողովուրդներ և չպետք է ենթարկվեն ոչ մի տեսակի ցեղասպանության կամ բռնության այլ ակտերի, ներառյալ երեխաների ստիպողական տեղաշարժերը մեկ խմբից մյուսը»:
Հոդված 8. 1-ին կետ. «Բնիկ ժողովուրդները և նրանց պատկանող անձինք իրավունք ունեն չենթարկվելու ձուլման կամ ազդեցությունների, որոնք նպատակ ունեն ոչնչացնել նրանց մշակույթը»:
Այս կետը ո՞ւմ է վերաբերվում, ավելի շատ Նախիջևանի հայությանն ու Նախիջևանի մշակութային արժեքներին, թե՞ ԼՂՀ բնակչությանը, եթե հայությունը զենք չվերցներ պաշտպանելու ԼՂՀ հայության ազատ ապրելու իրավունքը…
Հոդված 8. 2-րդ կետ. «Պետությունները կանխարգելիչ և օրենսդրական պաշտպանության գործուն մեխանիզմներ են ապահովում հանդեպ. b) ցանկացած գործողության, որը նպատակ է հետապնդում կամ արդյունք է` զրկելու նրանց իրենց հողերից, տերիտորիաներից կամ ռեսուրսներից, с) բնակչության բռնի տեղահանության ցանկացած ձևի, որը նպատակ ունի կամ արդյունք է` խախտելու կամ ոչնչացնելու նրանց ցանկացած իրավունք, d) բռնի ձուլման կամ ինտեգրման ցանկացած ձևի, е) ցանկացած ձևի քարոզչության, որը նպատակ ունի քաջալերել կամ հրահրել ռասայական կամ էթնիկ խտրականություն` ուղղված նրանց դեմ:
Հետաքրքի՞ր է, այնպես չէ. այն ամենի արգելքի մասին է` ինչով զբաղված էին Ադրբեջանի նախկին իշխանությունները, ինչով զբաղվում են ներկայիս իշխանությունները, առանց դույզն իսկ մտահոգվելու, թե ապօրինի և անօրինական գործողություններ են իրականացնում: Սա կոմիսարների և էմիսարների թերացումն է երևի, որ իրենց չեն բացատրում առկա վտանգներն ու իրողությունները, թեև, ո՞վ գիտէ, գուցե նրանց որդեգրած այդ քաղաքականությունը այլ հեռահար նպատակներ է հետապնդում…
Հոդված 26. 1-ին կետ. «Բնիկ ժողովուրդները իրավունք ունեն այն հողերի, տերիտորիաների և ռեսուրսների նկատմամբ, որոնք նրանք ավանդաբար ունեցել են, որոնք նրանք ավանդաբար զբաղեցրել են կամ այլ կերպ օգտագործել կամ ձեռք են բերել»:
Արժե մանրամասնել, որ այս հոդվածը վերաբերում է Արևմտյան Հայաստանի ու Հայկական Կիլիկիայի հայությանը, Կարսի ու Արդահանի նահանգների հայությանը, Նախիջևանի հայությանը, և… ԼՂՀ-ի հայությանը, ներառյալ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, որովհետև 1921-ին` բռնակցվելիս, ԼՂՀ-ն գրեթե այն տարածքն ուներ, ինչ այսօր` ազատագրված տարածքների հետ միասին:
Մի՞գուցե այսքանը բավարար է, և հետաքրքրասեր ընթերցողը ամբողջ նյութը ինքնուրույն կգտնի ու կուսումնասիրի: Բայց ավարտելուց առաջ նշենք, որ չափազանց հետաքրքրական է նաև 28-րդ հոդվածն ամբողջությամբ, իսկ մենք կատարենք ևս մեկ մեջբերում.
Հոդված 42. «Միավորված Ազգերի Կազմակերպությունը, նրա բաժանմունքները, ներառյալ բնիկ ժողովուրդների հարցերով Մշտական համաժողովը, և մասնագիտացված կազմակերպությունները, այդ թվում` երկրների մակարդակով, և պետությունների` օժանդակում են պահպանելու և ամբողջական իրականացնելու սույն Հռչակագրի դրույթները և ձեռնարկում են հետևողական միջոցներ` գործուն կերպով իրագործելու սույն Հռչակագիրը»:
Ավելի ուղիղ խոսք չի լինում: Ժողովրդական հայտնի խոսք կա. «Մայրը չի կերակրում, երբ երեխան լաց չի լինում»:
Բայց պետք չէ լաց լինել: Պետք է դուրս գալ«քաղաքական բլեֆի» խայտառակ տիրույթից, պետք է ոչ ասել «քաղաքական կապրիզի» պնդաճակատ հեղինակներին, այս դեպքում` պետք է հետևել Ադրբեջանի օրինակին ու բռնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական նշված ուղիներից որևէ մեկը և առաջ ընթանալ դրանով: Պետք է լուծել հակամարտությունը սեփական նախաձեռնությամբ, որ մեր փոխարեն ուրիշը չփորձի լուծել, ինչպես հիմա է արվում:
«Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիրը մեկն է այն չորս ուղիներից, որ տալիս է այդ հնարավորությունը, պետք է օգտվել դրանից:
Այլապես գնալով հայտնվում ենք իրադարձությունների պոչից ընթացողի վտանգավոր ու ռիսկային իրավիճակում: Մի վիճակ, որ թվում է, հաղթահարված էր արդեն և ետևում էր մնացել շնորհիվ` 1960-70-ական և 1980-ական թթ. իրադարձությունների, շնորհիվ` Նորագույն զինյալ ազատագրական պայքարի և Արցախյան ազատամարտի:
Ծանոթագրություն
1. Տես, “Ուխտ Արարատի”, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 12-13: Տես, 7or.am կայքում`
քաղաքականություն բաժնում: Տես, Oukhtararati.com կայքում` պարբերականի 19-րդ թիվը:
2. Տես, Декларация Организации Объединенных Наций о правах коренных народов,
Организация Объединенных Наций A/61/L.67, Генеральная Ассамблея, 7 September 2007.
Թեգեր` «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագիր, ագրեսիա, էթնիկ խտրականություն, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, ՄԱԿ, Տիգրան Փաշաբեզյան












