Գլխավոր » Society, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն

Երիցս ո’չ` սեպտեմբերի 19-ին

Սեպտեմբեր 6, 2010թ. 18:00

DSC01315Այսօր Երևանում տեղի ունեցավ Հայաստանի  Հայրենակցական  միությունների կազմակերպած հավաք-խորհրդակցությունը, որն  ուղղված էր Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների կողմից սեպտեմբերի 19-ին կազմակերպվելիք միջոցառում-շոուին հայության մասնակցության դեմ:

Մասնակիցներն իրենց ելույթներում խոսելով թուրքական իշխանությունների կողմից հայության դեմ հերթական անգամ իրականացվող նենգ  ծրագրի մասին, կոչ արեցին համայն հայությանը ձեռնպահ մնալ հայածաղր միջոցառմանը մասնակից դառնալուց:

DSC01294Հավաք-խորհրդակցությանը, բացի Հայրենակցական միությունների ներկայացուցիչներից,  մասնակցում էր նաև Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի ներկայացուցիչը,  բազմաթիվ մտավորականներ:

DSC01289Ներկա էր նաև Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

DSC01313Հավաք-խորհրդակցության ավարտին ընթերցվեց 11 Հայրենակցական միությունների կողմից ստորագրված  Հայտարարությունը:

Ստորև ներկայացնում ենք Հայտարարության տեքստն ամբողջությամբ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ Ս. Թ.ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԱՂԹԱՄԱՐԻ  Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայրենակիցներ, ս. թ. սեպտեմբերի 19-ին թուրքական իշխանությունները նախատեսել են խաչ տեղադրել /24 ժամով, թե  մշտապես` դեռ հայտնի չէ/ Վանա լճի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու վրա: Կ. Պոլսի հայոց պատրիարքարանից ժամանած եկեղեցականները նշված օրը մատուցելու են պատարագ: Այդ ամենը ներկայացնելով որպես բարի կամքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ, թուրքական կողմը քարոզչական լայն կամպանիա է ծավալել, որպեսզի հազարավոր հայերի, տարբեր տվյալներով` 5-6 հազ. մարդ, ներգրավի հիշյալ միջոցառմանը: Լուրեր են շրջանառվում, թե այդ նպատակով, 3 օրով բացվելու է հայ-թուրքական սահմանը` հեշտացնելու համար հայ ուխտագնացների ժամանումը Վան: Թուրքական կողմը խոստանում է նաև, որ ժամանող հազարավոր հայերը հյուրանոցային որևէ դժվարության չեն հանդիպելու Վանում: Մի խոսքով, արվում է ամեն ինչ` ապահովելու համար ուխտավորների հոծ զանգվածի ներկայությունը սեպտեմբերի 19-ի միջոցառմանը:

Թուրքական այս մտահաղացումը միայն առաջին հայացքից կարելի է անվանել բարյացակամության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ: Իրականում ամեն ինչ այլ է: Հեռագնա նպատակներ հետապնդող այդ քայլով թուրքերն ուզում են իրագործել մի շարք ետին մտքեր, որոնք իրենց խորքում հայավնաս են:

Դրանով Թուրքիան ձգտում է նախևառաջ բարելավելու, իր  որպես ՙքաղաքակիրթ՚ և ՙդեմոկրատ՚ երկրի կերպարը Արևմուտքի աչքում.

– տորպեդահարելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման  երկարատև և դժվարին գործընթացը:

– ապակոնսերվացնելու իր իսկ, թուրքական կողմի մեղքով 2009թ. հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սառեցված, եթե ոչ  ձախողված գործընթացը և դրանով իսկ միջամտելու  արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին:

– ուժեղացնելու Եվրոմիություն մտնելու ջանքերը: Ամրապնդելու իր դիրքերը Եվրոխորհրդում, այն դարձյալ հայավնաս նպատակներով օգտագործելու համար / Չավուշօղլուի  հետ կապված միջադեպը/:

«Սեպտեմբերի 19-ով» թուրքական կողմը  նաև աններելի ոտնձգություն է կատարում հայ ժողովրդի և հայ հավատացյալ մարդու ազգային-կրոնական պատկերացումների ու զգացումների նկատմամբ: Հայ առաքելական սուրբ եկեղեցու խաչը սրբագործված է ոչ միայն սուրբ մեռոնով, այլ նաև վասն հավատո և վասն հայրենյաց մարտիրոսված ու նահատակված բազում  տասնյակ սերունդների հարյուր հազարավոր հայորդիների թանկ արյունով: Եվ հենց այդ պատճառով Սուրբ Խաչը չի կարող խաղալիք լինել օտարի ձեռքում, որպեսզի նա ուզած  ժամանակ այն հանի և ապա տեղադրի Աղթամարի հազարամյա տաճարի գմբեթին…և դարձյալ հանի:

Այն, ինչ Թուրքիան փորձում է ներկայացնել որպես բարեգործություն հայ եկեղեցու և հայ ժողովրդի  հանդեպ, միջազգային իրավունքի տեսակետից լոկ պարտականություն է, որն այդ երկիրը ստանձնել է 1923թ. Լոզանի պայմանագրով: Ընդ որում, Թուրքիան այդ պարտականությունը կատարում է խիստ անբավարար և շատ ուշացած:

Ոչ հեռու ապագայում, ընդամենը չորս և կես տարի անց, 2015թ. համայն հայությունը նշելու է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը: Դիմագրավելու համար այդ առթիվ  սպասվող  հակաթուրքական ալիքին, որը կարող է և  ցունամիի վերաճել, Թուրքիան այսօրվանից ձեռնարկում է հակամիջոցներ, որոնցից մեկն էլ անշուշտ ՙՍեպտեմբերի 19-ի՚ շոուն է լինելու:

Վերջապես, ՙՍեպտեմբերի 19-ի՚ ՙնվերի՚ համար, Թուրքիան հայկական կողմից անպայմանորեն պահանջելու է բավական թանկ փոխհատուցում:

Այդ ամենը նկատի ունենալով, կոչ ենք անում իրենց ազգային և կրոնական արժանապատվությունը հարգող  ամեն մի հայի, լինի նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, արևմտահայ, թե սփյուռքահայ, որպեսզի նա չայցելի Աղթամար և չդառնա գործիք օտարի ձեռքում` սեպտեմբերի 19-ի  անմաքուր և հայավնաս խաղում:

Մենք կոչ ենք անում յուաքանչյուր հավատացյալ հայի` տարբերել ճշմարիտ հավատը կարծեցյալ-գովազդային հավատից, իրական խոնարհումը և երկրպագությունը Խաչին` կարծեցյալ-գովազդային խոնարհումից ու երկրպագությունից, իրական ազգային շահը` կարծեցյալից:

Մենք կոչ ենք անում համայն հայությանը, միավորելու ջանքերը` քողազերծելու և արժանի հակահարված տալու ՙՍեպտեմբերի 19-ի՚ թուրքական էժանագին շոուին, որ իր խորքի մեջ իրականում քաղաքական սադրանք է ` ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

2010թ. սեպտեմբերի 19-ը հայության համար պետք է դառնա հավատի, գիտակցության և արժանապատվության  քննության օր և այդ քննությունը մենք պարտավոր ենք հանձնել պատվով:

Երիցս ոչ «Սեպտեմբերի 19-ին»:

հավելված  1.

ՊԱՏՄԱԿԱՆ   ՏԵՂԵԿԱՆՔ

Աղթամաարի Ս. Խաչ ելեղեցին գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիքի գավառում, Վանա լճի հարավ-արևմուտքում գտնվող Աղթամար կղզում: Այն կառուցվել է 915-921թթ. Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի կողմից: Եկեղեցու ճարտարապետն է  հայ ճարտարապետության ականավոր ներկայացուցիչ Մանվելը:

Ս. Խաչը համարվում է հայ և համաշխարհային եկեղեցական ճարտարապետության գոհարներից մեկը: Այն քառախորան, խաչաձև գմբեթավոր շինություն է, կառուցված հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության ավանդույթներին համապատասխան: Ժամանակի ընթացքում մայր  եկեղեցուն  ավելացվել են մի քանի կցաշինություններ: Տաճարը դրսից և ներսից ճոխ կերպով  զարդարված է աշխարհիկ և աստվածաշնչյան  բնույթի արտակարգ գեղեցիկ բարձրաքանդակներով ու որմնանկարներով: Այդ առումով Ս. Խաչը մի քանի արվեստների` ճարտարապետության, քանդակագործության և նկարչության փայլուն համադրության բացառիկ օրինակ է, իր տեսակի մեջ եզակի` հայ միջնադարյան մշակույթում:

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին ժամանակին եղել է Վասպուրականի  Արծրունյաց թագավորության հոգևոր կենտրոնը: Այստեղ 12-19-րդ դարերում գործել է կաթողիկոսություն. վերջին կաթողիկոսն է եղել Խաչատուր Բ Շիրոյանը /1864-1895/: Այն հայ միրջնադարյան գրչության խոշորագույն կենտրոններից մեկն է եղել: Մեզ են հասել այստեղ ընդօրինակված և գրված բարձրաճաշակ նկարազարդումներով բազմաթիվ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և  տարաբնույթ այլ ձեռագիր մատյաններ:

Ի տարբերություն Արևմտյան Հայաստանում  և օսմանյան կայսրության  հայաշատ վայրերում մինչև   Հայոց  մեծ եղեռնը գոյություն ունեցած և այնուհետև բարբարոսաբար ոչնչացված հազարավոր այլ հայկական եկեղեցիների  ու վանքերի, Աղթամարի Ս. Խաչը / և նրա նման մի չնչին քանակություն/ գոյատևել և մեր օրերն է հասել  գլխավորապես կղզու վրա գտնվելու, այն է` մեկուսացված լինելու շնորհիվ: 2007թ. եկեղեցին հիմնանորոգվել և վերածվել է թանգարանի. հայկական կողմի առաջարկը` մասնակցելու հիմնանանորոգման աշխատանքներին, մերժվել է:

հավելված  2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԶԼՄ-ՆԵՐԻՆ

Պահի հրամայականից ելնելով, խիստ ցանկալի և օգտակար կլիներ, որպեսզի Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ները, առաջնորդվելով   ազգային շահով, պարբերաբար և խիստ հետևողական ձևով անդրադառնային ՙՍեպտեմբերի 19-ի՚ թեմային:  Անհրաժեշտ է հոդվածների, հաղորդագրությունների, հեռուստատեսային կլոր սեղանների  և հեռուստահաղորդաշարերի միջոցով մշտապես և բազմակողմանիորեն լուսաբանել այդ թեման և այն հասցնել ժողովրդական լայն զանգվածներին: Ցանկալի և արդյունավետ կլիներ, եթե մինչև սեպտեմբերի 19-ը լրագրերի վերնագրերի տակ մշտապես զետեղված լիներ ՙՈչ սեպտեմբերի 19-ին՚ կոչը, իսկ հեռուստաալիքներն էլ իրենց հերթին, այդ նույն կոչը  հնչեցնեին գովազդային  ընդմիջումների ժամանակ:

Հայաստանյան և սփյուռքյան ԶԼՄ-ների հարգելի պատասխանատուներ և աշխատակիցներ, կատարեք ձեր քաղաքացիական և ազգային պարտքը, քողազերծեք  ՙՍեպտեմբերի 19-ի՚  հայավնաս շոուն, օգնեցեք հայ մարդուն ստանալու ճիշտ տեղեկատվություն` ճիշտ դիրքորոշում ունենալու համար այդ հարցում:

հավելված 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԵՎ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՊԱՏԱԽՍԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ, ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ

Հարգելի ուսուցիչներ և դասախոսներ, 2010/2011թթ. նոր ուսումնական տարվա բացումից, այն է, ս.թ.  սեպտեմբերի 1-ից սկսած, ձեր հնարավորությունների սահմաններում, բացատրեք և լուսաբանեք բարձր դասարանների աշակերտությանը և ուսանողությանը, թե ինչպիսի հայավնաս միտումներ ու  վտանգներ է իր մեջ պարունակում ՙՍեպտեմբերի 19-ի՚ թուրքական շոուն: Որպես հայ հասարակության առավել գիտակից և առավել պատասխանատու մաս, դուք պարտավոր եք ձեր ակտիվ մասնակցությունը բերելու թուրքական կողմի` հայության հանդեպ ցուցաբերած այդ ՙբարերարությունը՚ մերկացնելու և վնասազերծելու կարևոր գործին:

Հիշեք, ձեր դեմ կանգնած է մի այնպիսի ՙգործընկեր՚-հակառակորդ, որը չի խորշում ոչ մի ամենաստոր, ամենազազրելի սադրանքից: Դրա վառ ապացույցը, անցյալ տարի Կ. Պոլսում /Ստամբուլ/ քառորդ մլն.  տպաքանակով Թուրքիայի և նրա հարևան երկրների վարչական  ՙքարտեզի՚ հրատարակումն էր. այդ ՙքարտեզի՚ վրա…Հայաստանի Հանրապետություն գոյություն չուներ, նրա տարածքը կցված էր Թուրքական Հանրապետությանը: Այդ ՙքարտեզը՚ բաժանվեց թուրքական դպրոցներին, իսկ մենք էլ ինչպես միշտ, ցուցաբերեցինք  ՙգովելի ըմբռնում՚` անպատասխան թողնելով թուրքական կողմի այդ լկտի արարքը:

Հայ դպրոցը  և անցյալում և այժմ, մշտապես  գտնվել ու գտնվում է հանուն մեր ազգային շահերի  պաշտպանության գաղափարական  պայքարի առաջին գծում: Հայ դպրոցի երիցս հարգելի մշակներ, արժանի եղեք ձեր բարձր կոչմանը, հայ պատանեկության և հայ երիտասարդության  ուղեղը կարողացեք զերծ պահել օտարի անմաքուր սադրանքներից:

հավելված 4.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի և Սփյուռքի զբոսաշրջային գործի հարգելի պատասխանատուներ :

Ազգային շահի և ազգային արժանապատվության հրամայականից ելնելով, ձեզ կոչ ենք անում  ձեռնպահ մնալ ս.թ. սեպտեմբերի 19-ին  դեպի Վան և Աղթամար  կղզի էքսկուրսիաներ կազմակերպելուց: Մի արատավորեք ձեր բիզնեսը սեպտեմբերի 19-ի թուրքական շոուին  աջակցելով: Ազգային արժանապատվությունը շատ ավեկի թանկ է քան փողը: Այն գումարը, որ դուք չեք վաստակի նշված օրվա կապակցությամբ, կարող եք փոխհատուցել շոուից  առաջ և հետո  կազմակերպվելիք էքսկուրսիաներով:

Հավատ և հայրենիք հասկացությունները սակարկման առարկա չեն:

Այժմ մի փոքր սպասվող միջոցառման զուտ գործնական-տեխնիկական կողմի մասին:

Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, միևնույնն է` թուրքական կողմն ի վիճակի չի լինելու տեխնիկապես ապահովելու 5-6 հազ.ուխտագնացների մասնակցությունը պատարագին: Լավագույն դեպքում միայն 50 հոգի է ներկա գտնվելու պատարագին, իսկ մնացած հազարավորները  միջոցառմանը  մասնակցելու և հետևելու են հեռակա կարգով, կղզում կամ ավելի շուտ լճափին տեղադրված հեռուստաէկրանների միջոցով: Չենք  կարծում , որ հազարավոր ուխտագնացներ մեկնում են Վան,   վերածվելու  համար այստեղ  ընդամենը հասարակ հեռուստադիտողների: Հեռուստացույցով  այդ ամենին կարելի է հետևել նաև Երևանում կամ Գլենդելում` սեփական տանը նստած: Բայց կարծում ենք, գլխավորը հարցի տեխնիկական կողմը չէ, այլ գաղափարականը և բարոյահոգեբանականը: Այդ օրը, իր ազգային արժանապատվությունը հարգող որևէ հայ  չպետք է թույլ տա, որ իրեն օգտագործեն որպես դեկոր` թուրքական սցենարով խաղացվող էժանագին շոուում…

հավելված 5.

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՅ  ՔԱՂԱՔԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՊՈԼՍԱՀԱՅ / ՍՏԱՄԲՈՒԼԱՀԱՅ/  ԹԵՐԹԵՐԻ    ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ

Արևմտահայ / թուրքահայ/  եղբայրներ և քույրեր, հանրահայտ իրողություն է, որ ձեր համայնքը ազգային և  հասարակա-

¬¬կան-քաղաքական առումներով գտնվում է պատանդի վիճակում և նրա կողմից խնդրո առարկա հարցի վերաբերյալ  ազատ

կարծիքի արտահայտման մասին իսկ խոսք լինել չի կարող: Հայ համայնքի համար ՙնորմալ՚ վիճակը`դա մշտական   վախի և

ճնշումների մթնոլորտն է: Այդ ամենով հանդերձ, մեր արևմտահայ ազգակիցներին  կոչ ենք անում բարձր պահել  ազգային ար-

ժանապատվությունը և ձեռնպահ մնալ ս.թ. սեպտեմբերի 19-ին  Աղթամարի թուրքական շոուի մասնակիցը  լինելու անպատվա-

բեր քայլից:

Իսկ պոլսահայ /ստամբուլահայ/ թերթերի խմբագիրներին էլ իր հերթին կոչ ենք անում հիմնազուրկ,  թուրքական  իշխա-

նությունների հանդեպ  քծնանքով  լեցուն, պարզունակ և անհամոզիչ փաստարկներով չապակողմնորոշել  արևմտահայ,  այն է

պոլսահայ համայնքը:

Մասնավորապես, ըստ ՙՄարմարայի՚ խմբագիր, պարոն Ռ. Հատտեճյանի` ՙԱղթամարի այս առաջին արարողությունը կարևոր քայլ է, որ  մեզ  հավանաբար պիտի հրավիրի, որպեսզի թուրքական կառավարության մոտ արթնացնենք ուշադրություն տակավին մյուս այն հազարավոր լքյալ եկեղեցիների մասին, որոնք Անատոլիայի մեջ կան և որոնք  այսպես  կամ այնպես պետք է փրկվեն  այլևս՚: Միանգամից ասենք, որ այս  նախադասության մեջ պարոն խմբագիրը թույլ է տվել մի քանի  խիստ կոպիտ սխալներ և աղավաղումներ:  Նախ սկսենք նրանից, որ ՙՄարմարայի՚ հայ խմբագիրը տեղյակ չէ, որ արևմտահայ համայնքի  և մեր շատերիս հայրենիքը  Արևմտյան Հայաստանն է: Պարոն Հատտեճյան, ի գիտություն Ձեզ, և Ձեզ պես մտածողների, ներկայիս Թուրքական Հանրապետության արևելյան մասը կազմող տարածքը ոչ թե Անատոլիա է, այլ Արևմտյան Հայաստան: Այնուհետև, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության  հայաշատ վայրերում  հազարավոր եկեղեցիներ կային մինչև Հայոց Մեծ Եղեռնը,   բայց ոչ հիմա: Երիտթուրքական և քեմալական ռեժիմների  չափազանց

հետևողական և արդյունավետ գործունեության շնորհիվ, նախկին քանակության շատ փոքր մասն է պահպանվել  մնացածը լիովին ավերվել, հողին է հավասարեցվել: Երրորդ, հայ խմբագիրը շատ սահուն և թեթև անցնում է պահպանված հայկական եկեղեցիների լքյալ լինելու հանգամանքի վրայով: Միգուցե նա իրեն նեղություն տար բարձրաձայնելու, թե այդ եկեղեցիներն ինչու՞ են  լքյալ, թե ինչ՞ եղան դրանք շրջապատող հայկական համայնքները: Նշված  հարցի հասցեատերը  թուրքական իշխանություններն են, որոնց բնականաբար Հատտեճյանը երբեք չի անհանգստացնի իր կյանքի համար վտանգավոր նման հարցադրումով: Եվ վերջապես, նա աղթամարյան շոուին մասնակցելով,  ձգտում է արթնացնել թուրքական կառավարության ուշադրությունը և այն ուղղորդել դեպի ՙլքյալ եկեղեցիները՚: Պատասխանում ենք, պարոն խմբագիր, պետք չէ արթնացնել թուրքական կառավարության ուշադրությունը: Այն միշտ արթուն է և գործում է անհրաժեշտ ուղղությամբ…Իսկ եթե Դուք ձգտում եք դեռևս պահպանված հայկական եկեղեցիներն արժանացնել թուրքական պետության ողորմածությանը, ապա հարկ է / Ձեր պաշտոնն է պարտավորեցնում/ որպեսզի իմանաք հետևյալը: 1923թ. հուլիսի 24-ի Լոզանի հայտնի պայմանագրով /42 հոդվածի 3-րդ մաս/ ՙԹուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար  պահպանության տակ առնել  եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների  այլ կրոնական հաստատությունները՚: Այնպես,  որ այն, ինչ  թուրքական կողմն ու Դուք ներկայացնում եք որպես ձեռքբերում, հայության հանդեպ բարի կամքի դրսևորում և ձգտում եք զարգացնել ձեռք բերված ՙհաջողությունը՚, ոչ այլ ինչ է քան աչքակապություն: Ս. Խաչի անխաչ վերանորոգումը և արևմտահայ համայնքին ՙմեծահոգաբար՚ տրամադրումը…տարին մեկ անգամ, բնավ թուրքական նվիրատվություն չէ, այլ մոտ ութսունամյա  ուշացումով և պահանջվածի հազարերորդական մասով կատարված միջազգային պարտավորություն, ոչ ավելին:  ՈՒ բնավ պարտադիր չէ, որպեսզի դրա համար սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում և լճափին  նկարահանվող ՙԺամանակակից Թուրքիայի քաղաքակիրթ կերպարը՚ թուրքական սերիալում, գործին անտեղյակ 5000-6000 հայեր խաղան  երախտագետ և խանդավառ զանգվածի / մասովկա/ դեր:

Արևմտահայ /թուրքահայ/  եղբայրներ և քույրեր, սեպտեմբերի 19-ի թուրքական հայավնաս շոուին ձեր մասնակցությամբ մի արատավորեք խիզախ Հայի` Հրանտ Դինքի լուսե հիշատակը, որին ֆիզիկապես վերացնելուց հետո, թուրքական  կողմը այժմ էլ ձգտում է սպանել բարոյապես:

հավելված 6.

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻՆ, ՄԱԿ-ԻՆ,  ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆԸ,  ԱՄՆ-ԻՆ,  ՅՈՒՆԵՍԿՈ-ԻՆ

Ս.թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հետ կապված թուրքական միջոցառումը, Թուրքիայի կողմից ներկայացվում է որպես հայ ժողովրդի և հայ եկեղեցու հանդեպ բարի կամքի դրսևորում և ընդհանրապես, որպես տուրք համաշխարհային քաղաքակրթությանը: Իրականում ամեն ինչ այլ կերպ է:  Թուրքական իշխանությունները  տվյալ դեպքում գործում են 17-18-րդ դարերի գաղութարարների ստուգված մեթոդով` փորձելով ապակե պսպղուն հուլունքը ներկայացնել որպես ադամանդ:

Ձեռնարկելով այդ շոուն, թուրքերը ձգտում են հերթական անգամ հիմարացնել համաշխարհային հասարակությունը: Այդ զուտ կոսմետիկ, թատերական ներկայացումով նրանք սքողում են  այն իրողությունը, որ  Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում 1915թ. Հայոց ցեղասպանությանը զուգահեռ կատարվել  և մինչև օրս էլ կատարվում է հայոց մշակութային ցեղասպանություն:

Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս  առաքյալներին նվիրված վանքեր կան Իրանում և  Թուրքիայում: Իրանական Մակու քաղաքից  հարավ գտնվող Ս. Թադեոսի  վանքը, հրաշալի կերպով հիմնանորոգված, իսկ Ծործորի վանքը / դարձյալ Մակվից հարավ/ ջրամբարի կառուցման պատճառով քար առ քար փոխադրված հարևան բլուրը և վերաստեղծված, մտցված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Իրանի  տարածքում գտնվող 100-ից ավել հայկական վանքերն ու եկեղեցիները, անկախ այն հանգամանքից, թե նրանց շուրջը հայ համայնք կա թե ոչ,դարձյալ գտնվում են գերազանց կամ գերազանցին մոտ վիճակում: Իսկ Թուրքիայի  տարածքում , թուրք-իրանական սահմանից ոչ հեռու  գտնվող, արդեն հիշատակված Ս. Բարդուղիմեոսի հոյակերտ վանքից մնացել է ընդամենը կիսաքանդ ճակատային պատը: Այս խորհրդանշական համեմատության մեջ իսկ երևում է Թուրքիայի ՙքաղաքակիրթ՚ դեմքը: Բայց եթե  Ս. Բարդուղիմեոսից պահպանվել է գեթ մի պատ, ապա համայն հայության համար, դարեր շարունակ մեծագույն սրբատեղիներ համարվող Մշո Ս. Կարապետ,  Նարեկա, Ս. Հովհաննեսի / Ուչքիլիսա, Բագրևանդում/ և բազում հարյուրավոր այլ վանքեր ու  եկեղեցիներ հավասարեցված են հողին. այլ հարյուրավորներ էլ սպասում են իրենց հերթին: Բնականաբար այդ ամենի մասին թուրքական կողմը ոչ միայն լռում է, այլև ձգտում է լռեցնել ամեն մի ձայն:

Եվ այսպես, մի կողմում ավերված և  հիմնահատակ ոչնչացված մոտ 2000 հայկական վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, իսկ մյուս կողմում` թուրքական ՙհոգածության՚ առարկա դարձած և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող չորս տասնյակի չափ եկեղեցիներ: Ու նաև վերանորոգված Աղթամարի Ս. Խաչը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառ

սրբապղծություն և աչքակապություն, սևը սպիտակի տեղ ներկայացնելու թուրքական աճպարարություն: Այն ինչ Թուրքիան ձգտում է ներկայացնել բարի կամքի դրսևորում հայության հանդեպ, իրականում պարտավորություն է, միջազգային պարտավորություն, որը նա  ստանձնել է Լոզանի  պայմանագրով /1923թ. հուլիսի 24-ին/: Այդ պայմանագրի 40-րդ հոդվածով ազգային փոքրամասնություններին, որոնց թվում և հայ համայնքին կրոնական հաստատություններ հիմնելու, գործելու և վերահսկելու իրավունք է տրված:  43-րդ հոդվածի 3-րդ մասով էլ թուրքական  կողմը պարտավորվում է ՙիր պահպանության տակ առնել՚  ազգային փոքրամասնությունների եկեղեցիները, սինագոգները և այլ կրոնական հաստատություններ:  Այնպես, որ  Թուրքիայի փորձը` ՙՍեպտեմբերի 19-ը՚ աշխարհին ներկայացնել որպես բարերարություն`  ընդամենը խաբեություն է` նախատեսված պարզամիտների համար:

ՙՍեպտեմբերի 19-ի՚  շոուով Թուրքիան ջանում է սքողել իր ցեղասպան երկրի  կերպարը, վնասել հայոց ցեղասպանության  փաստի ընդունման գործընթացին  ամբողջ  աշխարհում և մասնավորապես ԱՄՆ-ում, ինչպես նաև  նպաստել Եվրոմիություն խցկվելու իր համառ ջանքերին: Դրա վառ ապացույցն է, ոչ վաղ անցյալում, 2007թ. Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնանորոգման և այն որպես թանգարան օգտագործելու փաստի անսքող շահարկումը թուրքական կողմից: Նախքան թանգարանի բացումը, Թուրքիայի խորհրդարանական  պատվիրակությունը, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Մեհմեդ Դյուլգերի գլխավորությամբ ժամանել էր Վաշինգտոն` իր հետ բերելով Աղթամարի Ս. Խաչին վերաբերող լուսանկարների մի ստվարածավալ  ալբոմ: Թուրք պաշտոնատարը ԱՄՆ-ի կոնգրեսականներին դիմել է հետևյալ ուղերձով. ՙՏեսեք, թուրքերը, որոնց դուք մեղադրում եք ցեղասպանության իրականացման համար, հայկական եկեղեցի են վերանորոգել` թուրքերից գանձած հարկերի հաշվին: Իսկ այս լուսանկարները դրա վառ ապացույցն  են՚: Իսկ թուրքական ՙԶաման՚ թերթի վկայությամբ էլ` ալբոմը բաշխվել էր աշխարհի այն բոլոր կազմակերպություններին, որոնք պաշտպանում են ՙՀայոց ցեղասպանության պնդումները՚: Ի հավելումն այդ ամենի, թուրքական իշխանությունները ՙՍուրբ Խաչ թանգարանի՚ բացման արարողությանը հրավիրել էին այն բոլոր երկրների մշակույթի նախարարներին, որոնք ճանաչել կամ պատրաստվում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ելնելով վերոհիշյալից ս.թ.  սեպտեմբերի 19-ին քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է արգահատանքով երես թեքել Աղթամար կղզում  ներկայացվելիք թուրքական էժանագին շոուից, միաժամանակ այդ երկրին ուղղելով հետևյալ պատգամը.ՙՀայաստանի և հայության հանդեպ իրականացված մարդկային  և մշակութային ցեղասպանությունը սքողել`  փոխարենը ներկայանալով  որպես հանդուրժող և քաղաքակիրթ երկիր, լավ է որպես չհաջողված գավառական տրագիկոմեդիայի սցենար: Բայց ոչ որպես միջոց` դառնալու քաղաքակիրթ հանրության անդամ՚:

1683թ.  Եվրոպան իր մեջ ուժ գտավ  Վիեննայի պատերի տակ միասնական ուժերով կասեցնելու,  պարտության մատնելու և հետ շպրտելու թուրքական հորդաները: Այժմ,  ավելի քան երեք դարեր անց, ՙքաղաքակրթված՚ Թուրքիան դարձյալ բախում է Եվրոպայի դռները: Բախում է, որպեսզի սեպտեմբերի 19-ի աղթամարյան և նմանատիպ այլ ՙինդուլգենցիաներով՚ թողություն ստանա իր գործած անթիվ-անհամար հանցագործությունների համար:

Մարդկության և քաղաքակրթության դեմ գործած  իր անժամանցելի ծանրագույն հանցանքները  մինչ  օրս չընդունած և չապաշխարած ցեղասպան Թուրքիայի համար,  եվրոպական արժեհամակարգը երբևէ  հասանելի և ընկալելի չի լինելու:

Եվ քանի դեռ այդ այդպես է, ցեղասպան Թուրքիան գեթ մոտ ապագայում մնալու է մերժելի քաղաքակիրթ աշխարհի կողմից:

հավելված  7.

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԱԿԱՆ  ՍՈՒՐԲ   ԵԿԵՂԵՑՈՒ ՉՈՐՍ  ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ   ԱԹՈՌՆԵՐԻՆ

Ս.թ.սեպտեմբերի19-ին Աղթամար կղզում ներկայացվելիք թուրքական շոուն անմիջականորեն վերաբերում է հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Քսանչորս ժամով կամ թեկուզ մշտապես, խաչի տեղադրումը Աղթամարի Ս. Խաչ տաճարի, իսկ ըստ թուրքական  կողմի` թանգարանի վրա, ինչպես նաև նախատեսված պատարագի մատուցումը,  միայն զուտ կրոնական-եկեղեցական միջոցառում չէ: Սա ակնհայտ է բոլորի համար: Շահարկելով հայ հավատացյալ մարդու  կրոնական զգացումները և պատմական հիշողությունը, թուրքական կողմը ձգտում է բացահայտ  դիվիդենտներ շահել  կրոնից դուրս այլ բնագավառներում, օրինակ` քաղաքականության մեջ:  Բայց հենց այդ նույն պատմական հիշողությունը մեզ հուշում է,  թե ցեղասպան այդ երկիրը  ինչպես վարվեց հայ եկեղեցու ու նրա  հազարավոր սպասավորների հետ Հայոց Մեծ եղեռնի ընթացքում: Եվ այսօր Աղթամարի Ս. Խաչն օգտագործելով  որպես ինդուլգենցիա, Թուրքիան ձգտում է  գնել հայկական կողմի գեթ  բարյացկամությունը. կարևորն այն է, որպեսզի մեզ մեկնած թուրքական ձեռքը չմնա  օդում կախված…

Խաչի բարձրացումը եկեղեցու վրա, պատարագի մատուցումը և այդ պատարագին 5-6 հազ. հայ  հավատացյալների մասնակցությունը գերխնդիր չէ, ինչին ձգտում է թուրքական կողմը և ինչը որպես հալած յուղ ընդունվում է մեր որոշ հայրենակիցների կողմից: Թուրքական   սցենարի   շրջանակներում մեր  մասնակցությունը անչափ շատ կարևոր է թուրքական կողմի համար: Իսկ մեզ համա՞ր:  Չմասնակցելով թուրքական դրոշների ծփանքի և Քեմալ Աթաթուրքի ՙհայրական՚ սևեռուն հայացքի ներքո  մատուցվելիք այդ պատարագին, հայ մարդը բնավ չի դավաճանում խաչին  կամ առավել ևս Աղթամարի Ս. Խաչ եկեղեցուն: Ճիշտ հակառակը, դրանով նա այդ արժեքները զերծ է պահում ստվերվելուց, պահում է անաղարտ: Դրանով  նա հայտարարում է դիմացինին և ամբողջ աշխարհին, որ իր և իր եկեղեցու միջև  չի ընդունում օտար, անկոչ միջնորդի: Մի միջնորդի, որը մատնացույց պետք է անի, թե ե՞րբ և  որքան ժամանակով  պետք է խաչ դրվի Ս. Խաչի վրա և ե՞րբ մատուցվի կամ չմատուցվի պատարագ…

Մասնակցելով այդ պատարագին, ի՞նչ պետք է զգա հայ ճշմարիտ հավատացյալը: Հոգևոր բերկրա՞նք, որ 92 տարվա ընդմիջումից հետո հայոց տաճարներից մեկն էլ լուսավորվեց մոմերի լույսով, պարուրվեց խնկաբույր ծխով և նրա 1000-ամյա  պատերի ներսում նորից  հնչեց ՙԱռավոտ լուսո, արեգակն արդար՚-ը: Իսկ աստված մի արասցե, եթե այդ հավատացյալը նույն

այդ պահին մտովի պատկերացնի, որ հազարավոր  այլ տաճարներ էլ սրբապղծված, հրկիզված, ավերված ու հողին հավասարեցված` էլ երբեք չեն   հառնելու, որ նրանց պատերի ներսում ողջակիզված, մորթված ու գնդակահարված բազում տասնյակ հազարավոր հայ ծերերի, կանանց ու մանուկների  հոգիները լուռ  բողոքելու են կամոքն թուրքի մատուցվող այդ պատարագի դեմ, ի՞նչ է անելու նա:  Կարողանալու՞ է ազատվել այն ահավոր մտքից, որ իրեն դարձյալ խաբել ու հիմարացրել են այս էլ որերորդ անգամ:  Որ իրեն գնել են մի կտոր հացով: Որ իրեն նվաստացրել են  հենց իր  իսկ խաչով ու պատարագով, որ այդ խաչն ու պատարագը հենց ծառայեցվել են այն բանին, որ Արևմտյան Հայաստանի հազարավոր այլ  եկեղեցիներ մշտապես մնան ավերված, անխաչ ու անպատարագ:

Այն մտավախությունը, որ ՙՍեպտեմբերի 19-ի՚ շոուին հայերի չմասնակցելու դեպքում թուրքական կողմը իր ձեռքում  կունենա  կռվան` կարծրացնելու  համար հայ պատմաճարտարապետական  հուշարձանների վերականգնման գործում հայ եկեղեցու և ընդհանրապես արևմտահայ համայնքի  հանդեպ սեփական դիրքորոշումը, մտածածին է և լիովին հիմնազուրկ: Ճիշտ հակառակը: Դրանից հետո, թուրքական կողմը կհասկանա, որ հայերին  այլևս հնարավոր չէ հիմարացնել նման էժանագին աճպարարություններով, որ նրանց պետք է ընդունել ավելի  լուրջ  և  ավելի իրական ու շոշափելի  ջանքեր գործադրել հայ-թուրքական  հակամարտությունը թեկուզև չնչին չափով մեղմելու համար:

Վերոհիշյալ նկատառումներից  ելնելով, բնավ պարտադիր չէ, որ հայ առաքելական եկեղեցու չորս նվիրապետական

աթոռները,  ի մասնավորի Ս. Էջմիածինը, ս.թ. սեպտեմբերի 19-ին իրենց ներկայացուցիչներն ուղարկեն  Աղթամար: Ծայրահեղ

դեպքում,  հասկանալի պատճառներով, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը կարող է Ս. Խաչում պատարագի մատուցման

համար ուղարկել մեկ քահանա , ոչ ավելի: Իսկ իհարկե շատ ճիշտ, իդեալական կլիներ, եթե սեպտեմբերի 19-ին Աղթամարում և

Ս. Խաչում չլիներ և ոչ մի հայ: Իսկ ահա սեպտեմբերի 19-ին հաջորդող օրերին էլ եկեղեցին լեփ-լեցուն լիներ  հայ

ուխտագնացներով: Այս դեպքում, թուրքական կողմը ի վերջո կհասկանար, որ միշտ չէ, որ ինքն է լինելու խաղի կանոնները

թելադրողը:

Մենք կոչ ենք  անում  Ամենայն  Հայոց   և Մեծի Տանն Կիլիկիո վեհափառներ Գարեգին Բ-ին ու Արամ Ա-ին և հայ առաքելական եկեղեցու մնացյալ երկու  նվիրապետական  աթոռների  հովվապետերին, որպեսզի նրանք սեպտեմբերի 19-ի հարցում  գրավեն ազգօգուտ դիրքորոշում, մերժեն հայության համար նվաստացուցիչ  թուրքական  շոուն`  հավատարիմ  մնալով  Խրիմյան  Հայրիկների,  Ներսես  Վարժապետյանների  և Գարեգին Հովսեփյանների  ավանդներին:

Հայաստանի Հայրենակցական միություններ

06.09.2010թ.Երևան

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն