Լևոն Մելիքսեթ-Բեկ «Պատմա-բանասիրական պրպտումներ»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել ՙՊատմա-բանասիրական ուսումնասիրություններ՚ մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լևոն Մելիքսեթ-Բեկի ՙՊատմա-բանասիրական պրպտումները՚` աշխատասիրությամբ Պարույր Մուրադյանի: Բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական և մատենագիտական պրպտումներ, պատմություն և բանահյուսություն, վիմագիր վկայություններ:
Պրոֆ. Լևոն Մելիքսեթ-Բեկը Հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի անդադրուն հետազոտող էր, ակադեմիկոս Նիկողայոս Մառի սահմանած ՙՀայ-վրացական բանասիրություն՚ գիտակարգի երևելի ներկայացուցիչը: Գիտնականը ՙԱրարատ՚ և ՙԷջմիածին՚ հանդեսների տևական ու ցանկալի հեղինակներից էր, հմուտ Հայոց եկեղեցական պատմությանը:
Պրոֆեսորի ծննդյան 120-ամյակի տոնախմբման օրերին Ս. Էջմիածինը նրա հիշատակը հարգում է հայերեն հրատարակված աշխատությունների այս Ընտրանու տպագրությամբ:
Գիրքը տպագրվել է ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ:












