Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությունը ԱԳՆ-ում
Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրեց հաջորդ տարի Երեւանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, եւ հայցեց Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ դրանց լուծման ուղիներին:
Տեղեկացնենք, որ Եվրոպական շարժումը բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել է 1948 թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ:












