Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Սերիալային անզիջում պայքարը թեժանում է…

Սեպտեմբեր 9, 2010թ. 09:00

tv-1Հետաքրքրասիրությունը հայի բնավորության առանձնահատուկ գծերից մեկն է դարձել: Առանց չափազանցության` այն տիեզերական ընդգրկում ունի: Հայի անհատական յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ նա միշտ տեղեկացված է՝ Հայաստանի ու աշխարհի անցուդարձին քաջատեղյակ: Տեղեկացված լինելը, անշուշտ, օգնում է մարդուն շատ հարցերում, երբեմն էլ` խանգարում:

Այսօր մեր հասարակությունը ներքաշված է տեղեկատվական դաշտի քաղաքականացված պաթոսի մեջ. հասարակական բոլոր բնագավառներում ցանկացած նախաձեռնություն, նախ և առաջ, պարունակում է քաղաքական ենթատեքստ, ապա նոր՝ ազգային, հոգևոր, մշակութային, կամ գիտական: Վերջիններս երկրորդն են, ցավոք, երբեմն՝ երկրորդականը և աննկատ ստվերում:

21-րդ դարի առաջին տասնամյակում համաշխարհային քաղաքականության գեո-եվրո ալյանսը նպաստեց հայ քաղաքական հասարակության ձևավորմանը, նրա հետաքրքրասիրության շառավղի տարածմանը: Անշուշտ, այս ամենին նպաստեցին և՜ Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ լինելը, և՜ հայկական այս փոքր հողակտորի համաշխարհային գերտերությունների բախվող շահերի հարթակ հանդիսանալը: Այս հանգամանքները «նպաստավոր» նախադրյալներ են հասարակությանը կամա թե ակամա քաղաքական քննարկումների մեջ ներքաշելու համար, արդյունքում՝ աշխարհաքաղաքական դաշտին քաջատեղյակ լինելը դարձել է «կենսական անհրաժեշտություն»:

Հետաքրքրասեր ու տեղեկացված լինելու հետ հայն առանձնանում է իր վառ երևակայական կանխատեսումների ունակության շնորհիվ (չասելու համար՝ պայծառատեսության): Երբեմն քաղաքական կանխատեսումները ծիածանաշող ու եթերային երազախաբության անմտության են հասնում: Հայկական լրատվամիջոցները գերհագեցած են ներքին ու արտաքին աշխարհի քաղաքական (գերազանցապես քաղաքականացված) լրատվությամբ, քավ լիցի, չեմ ընդդիմանում, մի գուցե ժամանակի պահանջն է…: Սակայն պետք չէ, անընդհատ թմբկահարելով, պտտվել «ի շրջանս յուր», իսկ ոչ քաղաքականացված մշակութային (…, …, …) նորություններն այնքան են, որ մի կերպ բավականացնում են հասարակության աչքերը փակելու համար:

Վերջին տասնամյակում հաճախ (չասելու համար՝ ամեն օր) ականատես ենք դառնում քաղաքական շոու ներկայացումների, որ անվարձահատույց ներկայացնում են հայաստանյան մամուլի ակումբների հյուրերը: Որպես «հանդիսատես» եկել եմ այն համոզման, որ ակումբների ընձեռած հնարավորությունների անսահմանությունը յուրանքանչյուր ոք կարող է օգտագործել ինքնագովազդման, հանրության լայն շրջանում ճանաչում և «գիտակի» համբավ ձեռք բերելու նպատակով: «Ստացվե՞ց խոսքը, թե՞ ոչ: Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ հասարակությունն իրեն ճանաչի». ահա այսպիսի հիվանդագին մեծամտության է տանում եթերային անվերահսկելի ազատությունը: Հենց ինքը՝ խոսքի ազատությունը:

Մեկ օրինակ բերեմ, ավելի քան մեկ տարի է ինչ Հայաստան – Թուրքիա Արձանագրությունները բուռն քննարկման թեմա են դարձել: Հայաստանյան և միջազգային լրատվական դաշտը մինչ օրս անընդմեջ ու հետևողականորեն անդրադառնում է այդ Արձանագրություններին՝ տալով բազմապիսի մեկնաբանություններ, գնահատականներ: Անշուշտ, հարցը չափազանց կարևոր է, և արդարացի է հայության անհանգստությունը…

Ի վերջո, ինչո՞ւմ է խնդիրը: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստան – Թուրքիա Արձանագրությունների և հընթացս խմորվող հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող պետական բարձր մակարդակով բանկցությունների արդյունքների և դրանց շուրջ քննարկումների գնահատականները տալու համար հայ հասարակությունը ակնկալում է պատմա-քաղաքագիտական լուրջ վերլուծություն ու բացատրություն: Այնինչ, Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունները գնահատում և վերլուծում են տակավին վերջերս բուհական դիպլոմ, կամ կուսակցականի տոմս ստացած անձինք, ովքեր իրենց հեռահար ու աներևակայական կանխատեսումներով կառաջացնեին Նոստրադամուսի ու Վանգայի հպարտությունը, որպես «արժանավոր հետնորդներ», իսկ համաշխարհային քաղաքական վերլուծաբանների՝ նախանձը, քանզի հայ երիտասարդների հռետորական վերլուծությունները տիեզերական անեզրություն են հասնում: Չեմ թերագնահատում հայ երիտասարդի ներուժը, իհարկե, նրան արտահայտվելու հնարավորություն պետք է տրվի, սակայն ընձեռված առիթը չպետք է դարձնել սովորություն, կամ ինքնագովազդման քարոզարշավ…: Երբեմն խոսքի իրավունքը ինքնակամ ստանձնում են քաղաքականությունից շատ հեռու մարդիկ: Փոխարենը, իրավամբ քաղաքագետն ու գիտնականը անհասկանալիորեն ստվերում են, մեկուսած, նրանց խոսքը հրապարակայնորեն լսելու առիթ հազվադեպ է պատահում: Հավելեմ, որ վերջիններիս մամլո ասուլիսների ընթացքում (եթե լինում էլ է) ընդամենը մի քանի լրատվամիջոց է ներկա գտնվում, իսկ նորաթուխ «քաղաքական մեկնաբանի պատվին» ապահովվում է բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությունը, արդյունքում, օրավա լրատվական դաշտը ողողվում է նրանց ՙմտքերի թռիչքով՚: Խոսքի ու հնարավորությունների ազատության յուրահատուկ դրսևորում է Հայաստանում…:

Խոսքի ու հնարավորությունների ազատություն է, բայց արի ու տես այդպես չէ. դեռևս ՙապրիլի 30-ին Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանն իր «արժանավոր» տեղն է գրավել. Հայաստանը համարվել է ոչ ազատ երկիր. սա վերջին խումբն է: Մամուլի համար կան ազատ, մասամբ ազատ ու ոչ ազատ երկրներ: Հայաստանը, Կամերունը, Կոտ դ’Իվուարը, Մարոկկոն, Կատարը նույն ցուցանիշներով զբաղեցնում են 146-151-րդ տեղերը՚: Հետաքրքիր է, այդ ո՞ր չափորոշիչներից ելնելով է Freedom House-ը եկել այս հայտարարին: «Անցյալ տարի Հայաստանը 68 միավոր ուներ, հիմա` 66, այսինքն, մնալով հանդերձ նույն խմբում` Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ 2 կետով բարելավում է արձանագրել»: Այս տողերով մխիթարում են, հուսադրում, որ դրական տեղաշարժ է նկատվել և որ ամեն ինչ դեռ կորած չէ…:

Freedom House-ի այս զեկույցը վայրկյանների ընթացքում հասավ աշխարհի բոլոր ծագերը, չվրիպեց և մեր լրահոսի տեսադաշտից, պարզապես, հնչեցրին որպես սովորական մի լրատվություն և վերջ: Կարծեք` մեզ չէր վերաբերվում. առարկման հրապարակավ ոչ մի անդրադարձ չեղավ ի պատասխան Freedom House-ի: Լռեցինք: Ուրեմն, համակարծիք ենք և ընդունում ենք, որ Հայաստանը մամուլի ոչ ազատ երկիր է: Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ չարձագանքեցինք: Մի՞թե մամուլի ազատության անազատությունն է մեզ կաշկանդում, կամ վախենում ենք, որ գեո-եվրո կառույցները մեզ կզրկեն խոսքի ազատության իրավունքից և վեհա-գագաթաժողովներում Հայսատանի նկատմամբ կկիրառեն պատժիչ միջոցներ:

Իրավացի է կանադահայ մեր հայրենակից Մանվել Քյոսեյանը՝«Մենք ամեն տեղ ենք, բացի մեր տեղեն…»: Որքա՞ն կարելի է հանդուրժողաբար անպատասխան թողնել Հայաստանին ու հայությանն ուղղված մեղադրանքներն ու վիրավորանքները: Այսօրինակ «զսպվածությունը» բնավ արդարացում չէ առ այն, որ ականջալուր ու հետամուտ ենք Տիրոջ պատվիրաններին: Տեղի-անտեղի արձագանքում ենք օտարի կանչին, սակայն պապանձվում ենք, երբ հարցը մեզ է վերբերվում: Կգա՞ այն օրը, երբ կսկսենք ինքներս մեզ հարգել, կդադարե՞նք մեր իսկ նկատմամբ անտարբեր լինելուց: Կձերբազատվենք այն անտարբերությունից, որից սարսափում է ինքը՝ անտարբերությունը: Եվ կընթանա՞նք լոկ այն գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ցանկացած խնդիր յուրաքանչյուրինս է:

Հայկական տեղեկատվական ողջ դաշտը (որն ի վերուստ պետք է միտված լիներ կարևոր առաքելությամբ՝ հասարակության ու աշխարհի անշահախնդիր և անկողմնակալ միջնորդը դառնալ) լուրջ հոգածության և ուշադրության (չասելու համար՝ վերահսկման) կարիք ունի: Վերջերս Հանրային խորհուրդը հանդես եկավ այս դաշտի բարելավման նախաձեռնությամբ: Հայաստանի կառավարությունը ստանձնեց իրագործել բարելավման ծրագրերը: Գուցե պատկան մարմինները գործնական որոշ քայլեր ձեռնարկել են: Սակայն դա դեռ նկատելի չէ. քանի որ հայկական հեռուստաալիքների սերիալային մարաթոնյան անզիջում պայքարը թեժանում է…:

Հուսանք, որ հայկական լրատվադաշտի բարելավման աշխատանքները էական ու նկատելի արդյունք կտան, իսկ  մեկնարկը շատ չի ուշանա:

Երբե՜ք ուշ չէ սխալներն ու թերությունները ուղղելու համար…

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

«Ուխտ Արարատի» ամսագրի փոխխմբագիր

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն