Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը առաջնահերթություն է
Այսօր «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության սրահում կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և «D-Link International»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանի համատեղ մամլո ասուլիսը:
Ասուլիսը նպատակ ուներ ազդարարելու «DigiTec 2010» 6-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մեկնարկը, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 29-ից 31-ը:
Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացումը համարվում է երկրի տնտեսության առաջնահերթություններից, հետևաբար` կարիք կա սերտ կապեր հաստատելու Հայաստանի ՏՏ սեկտորում գործող ընկերությունների, ինչպես նաև հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտների հետ: Փորձի փոխանակումը «DigiTec 2010» էքսպոյի նպատակներից է, որը թույլ կտա ընկերություններին սովորել միմյանցից և գտնել համագործակցության նոր ասպարեզներ:
Ցուցահանդեսի նպատակներից են նաև միջազգային համագործակցության խթանումը և միջազգային շուկայում Հայաստանը որպես ՏՏ ոլորտը տնտեսության գերակա ճյուղ ունեցող երկիր ներկայացումը: Բացի այդ, ցուցահանդեսին մասնակցելով, հայաստանյան ընկերությունները հնարավորություն կստանան գրավելու արտասահմանյան ներդրումներ: Ցուցահանդեսին կմասնակցի ընդհանուր թվով հայաստանյան և միջազգային 60 ընկերություն: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելի 15 հազար մարդ:
«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում առաջատար դեր խաղալով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հաղորդակցության ոլորտում կիրառում է ՏՏ վերջին նվաճումների ընձեռած հնարավորությունները: Որպես սոցիալական պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը շատ դեպքերում նախընտրում է համագործակցել ՏՏ լուծումների հայաստանյան մատակարարների հետ և կոչ է անում հայաստանյան բոլոր ընկերություններին հետևել այս օրինակին: Կազմակերպիչների հետ ձեռք ձեռքի տված, մենք ցանկանում ենք մի կտուրի տակ հավաքել հայաստանյան ՏՏ ընկերություններին և ներկայացնել նրանց կողմից առաջարկվող լուծումները պոտենցիալ հաճախորդներին, և ստեղծել ավելի լայն հնարավորություններ համագործակցության համար»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը` մեկնաբանելով ընկերության «DigiTec»
ցուցանդեսի հետևողականությունը:
Պատասխանելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին` Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ ընկերության 3G ծածկույթը ներկայումս հասանելի է ՀՀ 650 բնակավայրերում` ընդգրկելով բնակելի տարածքի 92%-ը: Ընկերության գլխավոր տնօրենը նաև տեղեկացրեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստվում է Հայաստանում ներդնել չորրորդ սերնդի (4G) LTE ցանց: «Աշխարհում շատ քիչ են երկրները, որտեղ ներդրված է 4G ցանցը, և Հայաստանը կլինի դրանցից մեկը»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Բացի պլատինե հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև կներկայանա առանձին տաղավարով և կներկայացնի առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված իր ծառայություններն ու լուծումները:
ArmAr.am












