Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Վարչապետը ներկա է գտնվել անասնաբուժական կենտրոնի բացմանը

Սեպտեմբեր 10, 2010թ. 13:32

4Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանի Էրեբունի համայնքում  գտնվող կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայի բացմանը։ Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում` իրականացված Համաշխարհային բանկի, Ճապոնիայի տեխնիկական աջակցության PHRD և Թռչնագրիպի ու մարդու գրիպի կազմակերպության Բազմադոնորային հիմնադրամի դրամաշնորհների ֆինանսավորմամբ (1,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բացման արարողությանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ լե Ուերուն։

Կենտրոնի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Ֆիլիպ լե Ուերուն շրջել են շենքում, ծանոթացել լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության հնարավորություններին և աշխատանքային պայմաններին։

Հիմնանորոգված և արդիականացված կենտրոնը նախկին 700 քմ տարածքի փոխարեն այժմ զբաղեցնում է մոտ 3200 քմ տարածք, և յուրաքանչյուր բաժանմունք ունի իր առանձին լաբորատորիան։ Այն լիովին համապատասխանում է կենսաբանական անվտանգության երկրորդ կարգի լաբորատորիայի և հավաստագրման միջազգային չափորոշիչներին։ Լաբորատորիայի գործունեության երկակի ուղղվածությունը` սննդի անվտանգության և անասնաբուժական հիվանդությունների ախտորոշում, հնարավորություն է տալիս անհրաժեշտ թեստերի միջոցով հայտնաբերել կենդանիների և սննդի մեջ առկա ամենավտանգավոր ախտածին նյութերը։ Համաձայն հավատարմագրման պահանջների` ներդրվել է որակի վերահսկողության համակարգը։

Կենտրոնին տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտ սարքավորումներ են տրամադրել Հունաստանի կառավարությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը։

Այցի ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն