Հայ գյուղացուն փորձում են համոզել, թե միայն հայ-թուրքական սահմանի բացումը կլուծի նրա բոլո~ր խնդիրները
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, Ս.Սարգսյանը եղել է Երևանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, «Մասիս Տոբակո» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման և արտադրական գործընթացներին: Այգավանում նախագահը նաև զրուցել է խաղող հանձնող գյուղացիների հետ, լսել բերքի իրացման հետ կապված նրանց խնդիրներն ու մտահոգությունները, որից հետո Արմավիրի մարզպետարանում խաղողի մթերման գործընթացի և դրանում առկա խնդիրների շուրջ խորհրդակցություն է անցկացրել տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, մի շարք մարզերի մարզպետների, վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը կոչ է արել մթերող ձեռնարկությունների ղեկավարներին ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա հետ կապված` պատրաստի արտադրանքի իրացման դժվարություններն առիթ չդարձնել գյուղացու բերքն ավելի ցածր գնով մթերելու համար: «Ես հասկանում եմ, որ ձեզ համար խնդիրներ են առաջացել շուկաների, շրջանառու միջոցների հետ կապված, բայց, մյուս կողմից էլ, պիտի հասկանանք այն մարդու վիճակը, ով ամբողջ տարին աշխատել է, խաղող աճեցրել և հիմա խնդիր ունի այն իրացնելու», – նշել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստի արտադրանքի իրացման փուլում պետությունը պարտավոր է կանգնել արտադրող ձեռնարկության կողքին` ապահովել բարենպաստ պայմաններ, օժանդակել նոր շուկաներ գտնելու գործում: Նախագահի խոսքով` գյուղնախարարության և մարզպետների աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նաև այդ տեսանկյունից:
Առաջին հայացքից Հայաստանի գյուղացիներին օգնելուն ուղղված Սերժ Սարգսյանի այս քայլը միայն և միայն գովասանքի է արժանի: Սակայն, մի կարևոր փաստ կա, որն անհրաժեշտ է ուշադրության: Այն է, որ հայկական լրատվամիջոցները գյուղացիների խնդիրների լուծման միակ ձև ներկայացրեցին հայ-թուրքական սահմանի բացումը: Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի ընթացքում «Մասիս Տոբակո» ընկերության ղեկավարներից մեկն հայտնեց, որ իրենց գործարանի բազում աշխատակիցներն «առավոտից երեկո աղոթում են, մոմ են վառում, որ հայ-թուրքական սահմանը բացվի, որպեսզի գործարանի արտադրանքն իրացվի թուրքական շուկայում»: Պատրաստի արտադրանքի իրացման խնդիրներ բարձրացրեցին նաև գինի-կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները: Արդյունքում, հարցը հանգեց նրան, որ գյուղացիները կկարողանան իրենց արտադրանքը թանկ գնով վաճառել մթերողներին միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան իրենց արտադրանքը ռեալիզացնել արտաքին շուկայում:
Հարկ է նշել, որ Արարատի մարզի գյուղացիների դժգոհությունների պատճառներից մեկն էլ հանդիսանում է այն, որ պետական սխալ քաղաքականության պատճառով վրացիներն այլևս չեն կարողանում Հայաստանից գյուղատնտեսական մթերք արտահանել: Մի քանի տարի առաջ Արարատյան դաշտավայրը, պարզապես, վխտում էր հայկական բարիքների հաշվին իրենց գրպանները պնդացնող վրացիներով: Սակայն, երկու տարի առաջ տեղի ունեցած տնտեսական բարեփոխումների պատճառով առևտուրը Հայաստանում վրացիների համար դարձավ ոչձեռնտու: Եվ այժմ, մեր ղեկավարությունը փորձում է մեզ համոզել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կլուծի հայ գյուղացիների բոլոր խնդիրները: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ այդպիսի ճնշումներ գործադրելու փոխարեն մեր ղեկավարությունը փորձեր շահագրգռել վրացական և իրանական կողմերին գնել հայկական արտադրանք` դրանով իսկ նպաստելով թե’ իրենց և թե’ հայկական կողմի եկամուտների բարձրացմանը:
Կամսար Մելիքյան
Թեգեր` Արարատ, Արմավիր, Արտադրանք, Գյուղացի, Խաղող, Մարզ, նախագահ, Սերժ Սարգսյան












