Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանցի պատգամավորներին հունից հանել է Ջուղայի վեց հազար խաչքարերի ոչնչացման փաստը

Սեպտեմբեր 10, 2010թ. 15:49

Սեպտեմբերի 9-ին Կրինիցայում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանը: Այն  նախագահել է Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես են եկել  Եվրամիության, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ:

Նստաշրջանում ծավալված քննարկումները մեկնաբանում էր Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

Պարոն Գրիգորյանի փոխանցմամբ,  նստաշրջանն  անցել է չափազանց լարված: Հատկապես հետաքրքրությամբ է ընդունվել Վահան Հովհաննիսյանի ելույթը, որի ընթացքում Հովհաննիսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ՙտարածքային ամբողջականության՚ սկզբունքի, ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ առավելության սնանկությունը` միաժամանակ հասկացնելով, որ առանց Արցախի Հանրապետության  իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ սկսելու Ադրբեջանը ոչ մի արդյունքի չի կարող հասնել:

Անդրադառնալով Արցախը և Հայաստանը «ոչնչացելու» ադրբեջանական իշխանությունների ամպագորգոռ հայտարարություններին, Հովհաննիսյանը նշել է, որ նման ռազմատենչ  հայտարարությունները ստիպում են Հայաստանին և սփյուռքին առավել համախմբվել ու շատ ավելի հզորացնել երկրի պաշտպանությունը. «Որն առանց այն էլ խիստ բարձր մակարդակի վրա է գտնվում»:

Ներկա գտնվող ադրբեջանցի պատգամավորներին  ու քաղաքական գործիչներին «հունից հանել» է Ֆրանտիշեկ Միկլոշկոյի եզրափակիչ ելույթը, որի ընթացքում Միկլոշկոն խոսել է  Ջուղայի վեց հազար խաչքարերի ոչնչացման փաստի մասին, ինչպես նաև ջերմությամբ խոսել Արցախի Հանրապետությունում` քայլ առ քայլ կառուցվող ժղովրդավարության մասին:

Միկլոշկոն խիստ մեղադրել է մասնակից ԵՄ պատգամավորներին` պահանջելով գործուն միջամտություն Արցախին սատարելու հարցում: Նստաշրջանը ավարտվեց Գրիգորյանի եզրափակիչ ելույթով` Հարավային Կովկասի Հանրապետությունների միչև կառուցողական համագործակցության նախագիծ մշակելու և մինչ հաջորդ տարվա ֆորումն ակտիվ համագործակցություն սկսելու առաջարկով: Առաջին անգամ համագործակցության այդպիսի առաջարկն ընդունվեց բոլոր ներկայացուցիչների կողմից:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն