Ֆրանտիշեկ Միկլոշկո. «Ինձ հատկապես հուզում է Արցախի իրավիճակը»
Սեպտեմբերի 9-ին Լեհաստանի Կրինիցա քաղաքում տեղի է ունեցել «Հարավային Կովկաս. ինչպես կառուցել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն» նստաշրջանը, ուր ելույթ է ունեցել նաև Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
Նրա ելույթը ներկայացնում ենք հատվածաբար.
«Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Արցախում ամենազգայունն է: Զարմանալի է ԵՄ գլխավոր երկրների պասսիվ դիրքորոշումը վերոհիշյալ հարցին: Իսկ պասսիվության ու անտարբերության պատճառն անընդունելի է. Արցախը և Հարավային Կովկասը շատ հեռու են գտնվում Եվրոպայի սահմաններից: ԵՄ-ը երևի մոռանում է, որ այս տարածաշրջանում խաղաղության խախտումը դառնալու է պատերազմական օջախ ողջ Եվրոպայի համար:
Հարավային Կովկասի տարածաշրջանում ինձ հատկապես հուզում է Արցախի իրավիճակը: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը: Տեսնենք ինչպիսին է իրական վիճակը և ինչպե՞ս են այն ընկալում հայերը: 20-րդ դարում հայ ժողովուրդը դիմակայել է իրեն բաժին ընկած ճակատագրին և փրկվել ամբողջովին բնաջնջման արհավիրքից: Ամենասարսափելին 1915թվականի Ցեղասպանությունն էր. 1.5 մլն հայ ոչնչացվեց միայն նրա համար, որ հայեր էին…
Իսկ ինչպիսին է իրավիճակն այսօր: Վերջին տարիներից բերեմ միայն մեկ օրինակ: Ադրբեջանի տարածքում է այսօր գտնվում պատմական Նախիջևանը` հին հայկական մի տարածք, որտեղ մեկուկես հազարամյակ պահպանվել էր խաչքարների մի յուրահատուկ գերեզմանոց, մի յուրահատուկ մշակութային կոթող: 2005թ-ին եկան ադրբեջանցիները` զինվորներով, բանվորներով` հսկա մետաղյա մուրճերով զինված, և ոչնչացրեցին համամարդկային, մշակույթային և պատմական մեծ արժեք ունեցող այդ կոթողը: Այ սա արդեն մշակույթային ցեղասպանության մի ահավոր նմուշ է: Արցախահայությունն անընդհատ զգացել է իր մշակույթային և ֆիզիկական ոչնչացման վտանգը:
Ես Սլովակիայից եմ, որը 1968թ-ին օկուպացվել է ԽՍՀՄ-ի կողմից: Այսօր որպես պարադոքս պիտի նշեմ, որ ԽՍՀՄ հետնորդ հանդիսացող Ռուսաստանը Արցախում խաղաղության պահմանման գրավականն է հանդիսանում:
Անձամբ գտնում եմ և համոզված եմ, որ Հարավային Կովկասի պրոբլեմի լուծման միակ ճիշտ ուղին այն է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը, Հարավային Օսեթիան և Աբխազիան մտնեին միմյանց հետ ոչ ստանդարտ հարաբերության մեջ, ինչպես ժամանակին արեցին Բելգիան, Հոլանդիան և Լյուքսենբուրգը, և ստեղծեին մի ընդհանուր տնտեսական ու քաղաքական միավոր հանդիսացող սուբյեկտ: Եթե միմյանց հետ կապվեն միայն Վրաստանը և Ադրբեջանը, Հայաստանը ստիպված կլինի ավելի մերձենալ Ռուսաստանին: Իսկ իմ կարծիքով ճիշտ ուղին համատեղ շարժվելն է դեպի տնտեսական մեծ վերելք ապրած Եվրամիություն»,-եզրափակել է իր խոսքը Ֆրանտիշեկ Միկլոշկոն:
ArmAr.am












