Գլխավոր » Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Համանախագահները ողջունել են Ադրբեջանի որոշումը

Սեպտեմբեր 10, 2010թ. 19:00

200ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադտկեն սեպտեմբերի 6-ից 9-ը Բաքու-Ստեփանակերտ-Երևան կատարած այցելությունից հետո այսօր հանդես են եկել հայտարարությամբ, տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից:

Հայտարարության մեջ համանախագահները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և կողմերի զինվորական ներկայացուցիչների օգնությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը, հասել Ստեփանակերտ` ընդգծելով, որ շփման գիծը հարատև խոչընդոտ չի կարող հանդիսանալ հարևան ժողովուրդների միջև: Նրանց այդ քայլը, ըստ հայտարարության, նպատակ է ունեցել նաև ցույց տալ կողմերին, որ 1994 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը պետք է խստորեն պահպանվի: 2001-ից սկսած, ըստ համանախագահների, սա առաջին դեպքն է, երբ իրենք հատել են շփման գիծը:

Համանախագահները նշում են, որ սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են իրենց առաջիկա ամիսների ընթացքում կատարելիք աշխատանքային ծրագիրը: Նաև ընդգծել են, որ կողմերը պետք է ցուցաբերեն շատ կառուցողական դիրքորոշում իրականացնելու այդ ծրագրերը, որպեսզի դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին որոշակի առաջընթաց արձանագրվի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերի հետ նաև քննարկումներ են ունեցել ԼՂ հարակից տարածքներում Դաշտային դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, որը նախապես համաձայնեցված է եղել կողմերի հետ: Դաշտային դիտորդական առաքելությունն իրականացվելու է սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմեբրի կեսն ընկած ժամանակահատվածում: Նրանք ներկայացրել են առաքելության որոշ տարրեր և շատ մոտ ապագայում նրանք ավարտին կհասցնեն առաքելության նախապատրաստական աշխատանքների վերջնական տարբերակը:

Համանախագահները ևս մեկ անգամ խստորեն կոչ են անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ հրապարակային հայտարարություններ անելուց ու վերջ տալ շփման գծի խախտման դեպքերին:

Համանախագահները ողջունում են Ադրբեջանի որոշումը` ԱՄԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի օրակարգից բանաձևը հետ կանչելու մասին: Միևնույն ժամանակ համանախագահները կրկնում են` ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Մինչև տարածաշրջան վերադառնալը և Դաշտային դիտորդական առաքելություն իրականացնելը, Համանախագահները կմեկնեն Վաշինգթոն, այնուհետև Նյու Յորք` աշխատելու կողմերի հետ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:


Դիտել Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն