Թուրքիայում ավարտվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն
Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվե:
Այս պահին ընթանում է քվեների հաշվարկ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քվեարկության նախնական պատկերը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր թուրքական նահանգներում բնակչության մեծամասնությունն «այո» է ասել Թուրքիայի իշխանությունների ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Նշվում է, որ քվեարկության տոկոսը բավական բարձր է` հանրաքվեին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 78%-ը:
Այս պահին հաշվված է քվեների 99,9 տոկոսը, այսինքն, 151.859 ընտրատեղամասից` 151.727-ը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 49.504.477 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել են 37.684.284-ը (մոտ 78 տոկոս): «Այո» է ասել 58 %-ը, իսկ «ոչ»` 42 %-ը: Ընդորում, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Դիարբեքիրում մասնակցության ցուցանիշը եղել է բարձր` 70-80%:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի 9011 ընտրատեղամասերում հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 80.3 տոկոսը. «այո» է ասել քվեարկողների` 54.2, իսկ «ոչ»` 45.8 տոկոսը:
Հետաքրքրականն այն է, որ Թուրքիայի քրդական շրջաններում քվեարկությանը մասնակցածների մեծամասնությունն «այո» է ասել Էրդողանի սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օրինակ, քրդական Դիարբեքիրում` մասնակցությունը եղել է 35.2 տոկոս, որի 94,1 տոկոսն «այո» է ասել սահմանադրական բարեփոխումներին: Ինչը հուշում է այն մասին, որ քրդերը փորձում են հավատալ Էրդողանի «սահմանադրական խոստումներին»:
Ի դեպ, փորձագետների դիտարկմամբ, թուրքական իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական բարեփոխումները հիմնականում քաղաքական նպատակներ են հետապնդում:
ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանն այս առիթով ասել էր. «Փաստաթղթի ընդունումը ոչինչ չի փոխի Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում, թեեւ ԵՄ-ն ողջունել է փաստաթղթի ընդունումը, սակայն այն անբավարար է համարել։
Ինչպիսին էլ լինի հանրաքվեի արդյունքը, քաղաքական իրավիճակը Թուրքիայում կթեժանա։ Իշխանության եւ քեմալականների միջեւ հարաբերությունները կսրվեն ընտրությունների շեմին։ Երկրի քաղաքական շատ ուժեր կշարունակեն պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- կանխատեսել է Ռուբեն Սաֆրաստյանը։
ArmAr.am
Թեգեր` Էրդողան, Թուրքիա, Ռուբեն Սաֆրաստյան, սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, քրդեր












