Սեյրան Օհանյան. «Տեսահոլովակը ապատեղեկատվություն է»
Թեպետ պաշտպանության նախարարությունը ուղարկած հաղորդագրության մեջ խոստանում էր անհապաղ միջոցառումներ կազմակերպել ու հայտնաբերել ոչ միայն վերջերս Youtube-ում տեղադրված սպայի ինքնությունը, այլեւ ստեղծողներին եւ տարածողներին, սակայն երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ այդ ուղղությամբ լուրջ հաջողություններ դեռ չեն գրանցել: «Դեռ չենք պարզել, թե ո՞վ է այդ անձը, որ այդպես սադիստաբար է վարվում զինվորների հետ: Ի՞նչ եք կարծում, այսքան արագ ինչպե՞ս կարող էինք հայտնաբերել նրանց, առավել եւս, որ նրանց դեմքերը չեն երեւում», ասաց նա:
Այժմ տեսահոլովակը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում, անցնում է հատուկ ուսումնասիրություն: «Եթե բանակում կան այդպիսի մարդիկ, նրանք անպայման կպատժվեն: Ինչպես նաեւ անպատիժ չեն մնա նրանք, որ այդպիսի ապատեղեկատվություն են տարածում: Համոզված եմ, որ դա բանակի նկատմամբ ապատեղեկատվություն է, եւ չեմ հավատում, որ նման բան է եղել ու նկարվել»:
Թե ինչու են պաշտպանության նախարարությունում բանակում տեղի ունեցած մահերն արձանագրում որպես ինքնասպանություն, Սեյրան Օհանյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ ամեն մահ ինքնասպանություն ենք ձեւակերպում», համաձայնելով, որ Արտակ Նազարյանի դեպքում հենց այդ ճանապարհն են որդեգրել: Օհանյանի փոխանցմամբՙ դա սկզբնական վարկած էր: Այժմ հարուցվել է քրեական գործ, որը նախարարի անձնական հսկողության տակ է:
Սեյրան Օհանյանը պատասխանել է նաեւ Արտակ Նազարյանի մոր նամակին եւ առաջարկել հանդիպել ու զրուցել:
Նախարարը հերքեց նաեւ մամուլում շրջանառվող լուրերը, որ իր եւ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի հարաբերությունները լարված են:
«Ո՞վ է ասում: Նա օրը մի քանի անգամ լինում է ինձ մոտ, ինչպե՞ս կարող է լինել ինձ մոտ եւ չբարեւել: Մենք շատ նորմալ մթնոլորտում ենք աշխատում»:












