Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայկական բանակի դոմինանտությունը, չբացառվող պատերազմը և Ադրբեջանի «8-10 տարին»

Հուլիս 7, 2010թ. 15:47

Richard Kirakosyan 2Երբ հարեւանդ անկանխատեսելի է, սուտ հայտարարություններ է անում, ապա նրանից որոշակի զգուշավորությունը հենց քո օգտին է: Պետությունների միջեւ հարաբերություններն այս առումով գրեթե նույնն են. նույնիսկ եթե որեւէ երկիր բացահայտ ուժեղ է հարեւան-հակառակորդից, պարտավոր է զգուշավորություն ցուցաբերել, մանավանդ որ հարեւան երկիրը չկանխատեսված ու սադրիչ գործողությունների «մեծ սիրահար է», հայտնի կեղծարար: Եթե հավատանք ադրբեջանական իշխանական վերնախավին, ապա Բաքուն` իր ռազմական տեխնիկայով ու գերժամանակակից սպառազինությամբ, այսօր էլ պատրաստ է ոչ միայն սկսել պատերազմը, այլեւ «ազատագրել բնիկ ադրբեջանական հողերը», իսկ հայկական կողմը չի դադարում շեշտելուց` «մեր բանակը մարտունակ եղել է եւ կա, ու պատրաստ է դիմագրավել հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգության»: Իսկ միջազգային որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Իլհամ Ալիեւը չի կարող իրեն թույլ տալ «պատերազմելու հաճույքը», քանի որ կորցնելու բան ավելի շատ ունի, ու այդ երկրում գործող արտասահմանյան խոշոր ընկերությունները թույլ չեն տա Ալիեւ կրտսերին վտանգել իրենց ներդրումները:

Այս կապակցությամբ երեկ իր մեկնաբանություններով հանդես եկավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը : Ըստ ամերիկահայ վերլուծաբանի` չնայած ադրբեջանական զինուժը հիմնականում բարձիթողի վիճակում է, չնայած հարեւան երկրում ռազմական մշակույթի փոխարեն կա Ալիեւի պաշտամունք, սակայն. «Այս ամառ մենք սպասում ենք, որ սպառնալիքներ կարվեն, իսկ հավանական հարձակումն ավելի իրատեսական կլինի», նշեց Կիրակոսյանը:

Մյուս կողմիցՙ ադրբեջանական հարձակումն իր մեջ, ըստ վերլուծաբանի, պարունակում է մի շարք վտանգավոր հանգամանքներ հենց Բաքվի համար. «Նախ շեշտեմ, որ, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա այն տանուլ կտա: Բացի այդ` ռազմական գործողությունների վերսկսումը բացասականորեն կազդի հենց այդ երկրի կենսամակարդակի վրա, կվտանգվի նավթի, գազի արտադրությունը»: Իսկ թե ինչո՞վ է հիմնավորում վերլուծաբանն իր այն համոզմունքը, թե հավանական պատերազմի պարագայում Բաքուն անպայման տանուլ է տալու, Կիրակոսյանը նշեց. «Ադրբեջանական բանակում կան բազմաթիվ մարտավարական խնդիրներ, ցածր մակարդակի է բարոյահոգեբանական վիճակը, սակայն, մյուս կողմից էլ, կա մեծ վստահություն, ինչը կրկին բացասական երեւույթ է»:

Մարտավարական խնդիրների պակասը Կիրակոսյանը պատճառաբանում է հարեւան երկրում «հրամանատարական փորձի պակասով, ինչը երբեք չես կարող փողով գնել: Տեսեք, զուգահեռաբար հայկական բանակում այս խնդիրը չկա, քանի որ Հայաստանում ռազմական մշակույթը պատմություն ունի. եթե սովետական բանակում հայ սպաները, ընդ որումՙ նաեւ մարշալներ եւ գեներալներ, զգալի թիվ են կազմել, ապա նույնը չի կարելի ասել ադրբեջանցի սպաների մասին, որոնք սովետական բանակում, որոշ բացառություններով, «փայլում» էին հիմնականում խոհանոցներում»:

Վերլուծաբանը շեշտեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, ի տարբերություն հայկականի, կոռումպացված է. «Ապացույցներից մեկը այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնավարման երկար ժամկետն է, որը մի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիների թվով աշխարհում զիջում է միայն Ռաուլ Կաստրոյին: Ուզում եմ նաեւ շեշտել, որ եթե նույնիսկ վաղվանից Ադրբեջանում հաղթահարվի պաշտպանական համակարգի կոռուպցիան եւ իրականացվեն համակարգի իրական բարեփոխումներ, ապա միայն 8-10 տարի հետո Բաքուն կարող է անցնել Հայաստանից», նկատեց Կիրակոսյանը:

Ադրբեջանական բանակի առանձնահատկություններից է նաեւ վերջինիս թվային գերակշռությունը` հայկականի նկատմամբ: Այս հանգամանքն էլ, սակայն, ըստ ամերիկահայ վերլուծաբանի, որեւէ կերպ չի խոսում ադրբեջանական կողմի առավելության մասին: Կիրակոսյանի խոսքերով` կարեւորը որակն է, ոչ թե քանակը: «Միակ սպառնալիքը ես տեսնում են ադրբեջանական օդային զինուժի մեջ, մանավանդ` հայկական եւ ղարաբաղյան օդային զինուժի մտահոգիչ վիճակը հաշվի առնելով: Բայց պետք է շեշտեմ, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռներից 4-ից մեկն է միայն մարտական վիճակում:

Ադրբեջանական բանակի կարեւոր տարրերից` նավատորմը, բավական հետաքրքրական է այն առումով, որ չնայած նրա վրա ամենաքիչ գումարներ են ծախսում` համեմատությամբ ռազմական այլ ոլորտների, սակայն ամենանորմալ վիճակում հենց նավատորմն է: Իսկ սրա պատճառն այն է, որ գտնվում է օտար պետությունների` հիմնականում ԱՄՆ-ի «ձեռքերում»: Ադրբեջանական նավատորմը ԱՄՆ-ի «լավ խաղալիքն է», ու ես չեմ կարծում, որ այն որեւէ նշանակություն կարող է ունենալ հավանական պատերազմի պարագայում` զուտ ռազմական գործողությունների տեղանքը հաշվի առնելով», ասաց Կիրակոսյանը: Իսկ հավանական ռազմական գործողությունների տեղանքը վերլուծաբանին ենթադրել է տալիս, որ «մեծ պատերազմ» չի կարող լինել. «Կարող են լինել փոքր մարտեր, որտեղ էլ, նկատենք, ադրբեջանցիների թվային գերակշռությունը որեւէ դեր չի խաղա»:

Վերջում ներկայացնելով իր եզրահանգումները, Կիրակոսյանը թվարկեց հայկական կողմի առավելությունները, որոնք են` առավել մարտունակ լինելը, ընդհանուր զինուժի ավելի լավ վիճակում գտնվելը, մարտավարական ու հրամանատարական փորձը, ինչպես նաեւ բարոյահոգեբանական վիճակն ու հավանական պատերազմում պաշտպանվողի դերում լինելը, ապա ավելացրեց. «Պետք է շեշտեմ, որ Հայաստանի զինված ուժերը ուժեղ են ոչ միայն ադրբեջանականից, այլեւ` վրացականից, եւ շարունակում են պահպանել դոմինանտությունը տարածաշրջանում:

Կարեւոր է նաեւ նկատել, որ Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որից գալիս են ռազմական սպառնալիքներ: Բացի այդ, Ադրբեջանն իր ռազմական ուժը օգտագործում է քաղաքական նպատակների համար, հետեւաբար Հայաստանը պետք է պատրաստ լինի անկանխատեսելիին», ընդգծեց Կիրակոսյանը:

Այս ամենով հանդերձ` Ռիչարդ Կիրակոսյանը պատերազմի վտանգ տեսնում է. «Սահմանային փոքրիկ միջադեպը կարող է վերահսկումից դուրս գալ: Պետք է հաշվի առնել, որ Բաքուն խիստ հիասթափված է Մինսկի խմբից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից ու Թուրքիայից, ապացույցըՙ Չայլուի միջադեպը: Սակայն այս մոտեցումն առաջին հերթին Բաքվի համար է սխալ, քանի որ բացի նրանից, որ Ադրբեջանը տանուլ կտա պատերազմը, նաեւ չի վայելի միջազգային հանրության հարգանքը», նկատեց վերլուծաբանը:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն