Արցախի Հանրապետության ԱԺ-ն քննարկել է մի շարք հարցեր
15-09-2010
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նիստը բացվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։
Հաստատելով երկրորդ նստաշրջանի և ընթացիկ լիագումար նիստի օրակարգերը, խորհրդարանն այնուհետև ընդունեց որոշում նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամներ հաստատվեցին պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Լյուդմիլա Բարսեղյանը և Կամո Բարսեղյանը։
Ձեռնամուխ լինելով օրակարգային հարցերի քննարկմանը, խորհրդարանը, նախ, քննության առավ գյուղատնտեսության բնագավառի օրենսդրական կարգավորմանն առնչվող օրինագծերը, որոնց ներկայացմամբ նիստում հանդես եկավ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը։
Կառավարության լիազոր ներկայացուցչի հաղորդմամբ, օրինագծերը, պարունակում են լրացումներ և փոփոխություններ, որոնց ընդունումը հրատապ անհրաժեշտություն է կենսագործունեության տվյալ ասպարեզում։ Մասնավորապես, ՙԳյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚, ՙԱգրարային պետական տեսչությունների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին՚ ըստ էության փոխկապակցված օրենքների նախագծերով առաջարկվում է, ի լրումն ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների, օրենսդրորեն ամրագրել նաև ոչ ինքնագնաց մելիորատիվ և հիդրոմելիորատիվ մեքենաներն ու գյուղատնտեսական սարքավորումները, ինչը հնարավորություն կտա անհամեմատ արդյունավետորեն իրականացնել այդ տեխնիկական միջոցներին առնչվող իրավահարաբերությունները։ Իսկ ՙՍերմերի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական մշակաբույսերի, սերմերի արտադրության և վաճառքի գործունեությունը լիցենզավորելու անհրաժեշտությամբ։
Օրինագծերի վերաբերյալ դրական էին համապատասխան գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Վլադիմիր Կասյան) և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) եզրակացությունները։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որոնց ընթացքում հնչեցին առանձին նկատառումներ, կապված, մասնավորապես, պետական տուրքի չափի սահմանման հետ։
Արդյունքում՝ օրենքներն ընդունվեցին վերջնական տեսքով։
ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը նիստում ներկայացրեց ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը։ Կառավարության լիազոր ներկայացուցչի հաղորդմամբ՝ մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնում նշանակվելու իրավունք ունեցող անձանց ներկայացվող պահանջները, պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև աշխատանքից ազատվելու դեպքերը սահմանող հոդվածների համապատասխան մասերը, հաշվի առնելով, որ դրանք կարգավորվում են ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ օրենքով։
Դրական էր գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը և, տարակարծությունների տեղիք չտալով, օրենքն ընդունվեց։
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՙՊետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի կատարման 2009թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին՚ օրենքի նախագծին։ Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը։
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ օրինագծի կապակցությամբ լսվեց նաև ԼՂՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետվությունը, պալատի նախագահ Արթուր Մոսիյանը միևնույն ժամանակ նկատառումներ արտահայտեց պետական գույքի մասնավորեցման գործընթացի դինամիկայում առկա անհամամասնությունների և այլ բացթողումների կապակցությամբ։
Հանդես գալով լրացուցիչ պարզաբանումներով, կառավարության լիազոր ներկայացուցիչը մասամբ ընդունեց դրանք, իսկ առանձին հանգամանքներ դիտարկեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համատեքստում։
Օրենքն ընդունվեց։
Նիստն այնուհետև, օրենսդրական փաթեթի տեսքով, քննության առավ ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԳույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՇարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքների նախագծերը։ Կառավարության լիազորմամբ օրինագծերը ներկայացրեց ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանը, մասնավորապես, նշելով, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու հարցում։ Քանի որ ներկայումս գոյություն չունի տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հստակ ընթացակարգ, ասաց նա, ուստի այդ պայմաններում նրանք գործնականում զրկվում են իրենց սեփականության իրավունքն արդյունավետ իրականացնելու ու պաշտպանելու հնարավորությունից։
Օրինագծերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների եզրակացությունները։ Առարկություններ չհարուցելով, օրենքներն ընդունվեցին։
Տարակարծությունների տեղիք չտվեց նաև նույն ներկայացմամբ քննարկված ՙՁերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ նույնպես դրական էր գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Ժաննա Գալստյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։
Օրակարգի հաջորդ չորս հարցի՝ ՙԼՂՀ բյուջետային համակարգի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքների նախագծերի, ապա և ՙԼՂՀ 2010թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին՚ և ՙԼՂՀ 2010թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին՚ ֆինանսների նախարարության տեղեկատվությունների կապակցությամբ նիստում համապատասխան հիմնավորումներով ու հաղորդումներով հանդես եկավ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։
Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները։
Քննարկումների արդյունքում նիստը փաստաթղթերից առաջին երկուսն ընդունեց օրենքների տեսքով, իսկ բյուջեի կատարողականները, համաձայն կանոնակարգային պահանջի, ի գիտություն։
Իբրև օրակարգային հարց՝ խորհրդարանն այնուհետև քննարկեց հանրապետության նախագահի առաջարկությունը ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնում Արամայիս Ավագյանին նշանակելու մասին։ Պետության ղեկավարի նամակը, որպես պաշտոնական ներկայացուցիչ, նիստում ներկայացրեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը։
Հարցի առնչությամբ նախապես լսվեց գերագույն դատարանի նախագահի թեկնածուի խոսքը դատական համակարգի խնդիրների ու զարգացման հեռանկարների, առաջարկվող պաշտոնում իր անելիքների մասին։ Ապա, համաձայն ԱԺ կանոնակարգով սահմանված ընթացակարգի, տեղի ունեցավ գաղտնի քվեարկություն։ Արդյունքում՝ 28 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արամայիս Գալուստի Ավագյանը նշանակվեց ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ։ Հրապարակելով այդ մասին Ազգային ժողովի որոշումը, խորհրդարանի նախագահը գործընկերների և իր անունից Ա. Ավագյանին շնորհավորեց այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ։ Իր հերթին՝ գերագույն դատարանի նորանշանակ նախագահը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վստահության համար՝ նշելով, որ ամենայն ջանք ու եռանդ կցուցաբերի այն արդարացնելու համար։
Նիստում, համաձայն օրակարգի, նաև տեղի ունեցավ նստաշրջանում օրենսդիր¬գործադիր ավանդական հարցուպատասխանի առաջին ընթացակարգը։ Ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու ոլորտների։
Այսպիսով, ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստն ավարտեց աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
ArmAr.am












