Ադրբեջանի վարձկան փաստաբանների թիմում իրարանցում սկսվեց
Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ փախստականների` իրենց նախկին բնակության վայր վերադառնալու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մաս է կազմում: Այս փաստն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաստատեց Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ Չինգիզ Ասկարովը:
Պատասխանելով ՄԻԵԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հարցին` արդյոք հայ փախստականների վերադարձի հարցը ներառվա՞ծ է բանակցային գործընթացում, Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց:
Ի դեպ, այս հարցի հնչեցումից հետո դատարանում զավեշտալի փաստ գրանցվեց: Ալվինա Գյուլումյանի հարցից հետո Ադրբեջանի վարձկան փաստաբանների թիմում իրարանցում սկսվեց, և այդ պահին խոսող փաստաբաններից մեկը թեքվեց դեպի Չինգիզ Ասգարովը` խորհրդակցելու համար: Մի քանի րոպե դատարանում տիրած լռությունից հետո հնչեց փաստաբանի կցկտուր խոսքը, սակայն Չինգիզ Ասգարովը ընդհատեց նրան ու փորձեց ինքնուրույն պարզաբանել:
Նա նախ ընդունեց, որ հայ փախստականներն իրավունք ունեն վերադառնալու, ապա հաստատեց, որ այդ հարցը մաս է կազմում ներկայումս ընթացող բանակցությունների: Բայց ադրբեջանցի պաշտոնյան զավեշտալի մեկնաբանություն արեց` նշելով, թե քանի որ Հայաստանը պահանջում է նախ միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ապա անդրադառնալ փախստականների վերադարձի խնդրին, ուստի իրենք առաջարկում են, որ սկզբում վերադառնան ադրբեջանցի փախստականները, իսկ մնացած բոլոր հարցերը քննարկվեն հետագայում:












