Եվրոդատարանում քննվել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը
Այս գործի դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, դիմումատուն վիճարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև` 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:
Դատարանում կայացած լսումներից հետո փաստաբան Նարինե Գասպարյանը հայտնեց, որ իրենց գործի առնչությամբ դատարանը, հիմնականում, հետաքրքրվել է Գյուլիստանում Ադրբեջանի իրավազորության և գանգատը ներկայացնելու ժամկետների մասին:
Լսումների ընթացքում բարձրացվեց Գյուլիստան գյուղի նկատմամբ Ադրբեջանի արդյունավետ վերահսկողության հարցը, սակայն պատասխանող կողմը` ի դեմս Ադրբեջանի շահերի պաշտպանների, չկարողացավ հիմնավորված հերքել դա:
Ինչ վերաբերում է գանգատը ներկայացնելու ժամկետներին, ապա դիմումատուի փաստաբանները պարզաբանեցին, որ իր իրավունքի շարունակական ոտնահարման պարագայում Մինաս Սարգսյանը 2006 թվականին է դիմել ՄԻԵԴ այն պատճառով, որ այդ ժամանակ պաշտոնական հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի տապալման մասին և դիմումատուն հայրենի տուն վերադառնալու հեռանկար այլևս չի տեսել:
Ի դեպ, այսօր օրվա առաջին կեսին ՄԻԵԴ-ը քննության էր առել «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը:












