Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Կրկին անհեթեթ մեղադրանքներով «Շարղ» օրաթերթը հանդէս է եկել Հայաստան այցելող զբօսաշրջիկների դէմ

Սեպտեմբեր 17, 2010թ. 10:00

AliqԻրանական ծանրակշիռ «Շարղ» օրաթերթն իր սեպտեմբերի 9-ի համարում (18 շահրիւարի 1389 թ.), 5-րդ էջի հասարակական բաժնում, կրկին անգամ անդրադարձել է Իրանի քաղաքացի տուրիստների անընդհատ այցերի երեւոյթին՝ հարեւան երկիր Հայաստանի Հանրապետութիւն: Այս անգամ իրանական մամուլի մեր գործընկեր «Շարղ» օրաթերթը երկու յօդւածով անդրադարձել է այս հարցին, որոնք պատկանում են նախ նշանաւոր լրագրող Սաիդ Լէյլազի եւ ապա ոչ այնքան յայտնի Էլահէ Խոսրաւիի գրիչներին, որոնք թւում է՝ լուռ համաձայնութեամբ, սակայն տարբեր շարահիւսութեամբ իրենց այսպէս ասած վրդովմունքն ու զարմանք են յայտնել Իրանի քաղաքացիների աննախադէպ եւ քանակով գերազանցող տուրիստների դէպի Հայաստան ճամբորդութեան կապակցութեամբ:

Նկատել տանք, որ հէնց նոյն «Շարղ» օրաթերթն իր 21 օգոստոսի 2010 թ. համարի «Խմբագրական»-ում շօշափել էր նոյն թեման՝ կոպտօրէն բնութագրելով, թէ իբր իրանցի տուրիստների զանգւածային այցը հարեւան երկրներ, այս դէպքում՝ Հայաստան, պէտք է համարել «ազգային աղէտ», որն առաջացել է երկրից դրամների եւ եկամուտների արտահոսքով:

Հարկ է նշել, որ «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնը հեռախօսակապով համարժէք դիտողութեան էր արժանացրել «Շարղ» օրաթերթի խմբագրութեանը, իսկ նոյն օրւայ «Ալիք»-ի համարում առաջին էջի «Դիտանկիւն» սիւնակում մեր ընթերցողներին տեղեկացրել էինք «Շարղ»-ում հրատարակւած արտառոց եւ անճիշտ նիւթի մասին:

Առաջին յօդւածում, որի հեղինակն է Սաիդ Լէյլազը, «Իրանցիները անընդհատ օգնում են Հայաստանի տուրիզմի զարգացմանը» վերնագրով լրագրողը մի շարք վիճակագրական տւեալներ ներկայացնելով՝ յայտնել է, որ Իրանի հարեւան երկիր Հայաստանը տուրիզմի բաժնի զարգացման հետեւանքով՝ համեմատաբար աւելի քիչ է տուժել համաշխարհային տնտեսական տագնապից: Սակայն, զարմանալին այն է, որ նա իրանցի տուրիստներին մեղադրում է այն բանում, որ զանգւածաբար այցելելով Հայաստան՝ օգնում են Հայաստանի տնտեսութեան աճին, մինչդեռ ըստ յօդւածագրի սեփական կարծիքի, որը, անշուշտ, չենք բաժանում մենք եւ շատ իրանցի քաղաքացիներ, որոնք թէ՛ որպէս տուրիստ, եւ թէ՛ այլ հանգամանքներով, ինչպէս՝ դիւանագիտական, տնտեսական, մշակութային, մարզական, առեւտրական աշխատանքով այցելել են Հայաստան եւ անգամներ լայն շրջանակում իրենց խոր հիացմունքն ու տպաւորութիւնն են յայտնել Հայաստանի տեսարժան վայրերի, յատկապէս՝ բարձր մշակոյթի եւ այլ գրաւչութիւնների մասին, Հայաստանը զուրկ է տուրիստական գրաւչութիւնից եւ զբօսաշրջիկներ ընդունելու հնարաւորութիւններից: Եւ այսպէս՝ Սաիդ Լէյլազը, որ շատ լաւ ծանօթ է հայ իրականութեանը եւ Հայաստան երկրին, անընդհատ փաստեր ու տւեալներ է բերում, թէ իբր իրանցի զբօսաշրջիկներն այցելելով Հայաստան՝ վնասում են Իրանի տնտեսութեանը եւ նման այլ անհեթեթ մեկնաբանութիւններով փորձում է իր մտքերն արդարացնել, իսկ միւս կողմից՝ Իրանի զբօսաշրջիկութեան բնագաւառում աշխատող պաշտօնեաներին քննադատել՝ այդ ասպարէզում բացթողումներ թոյլ տալու համար: Հետաքրքիրն այն է, որ հէնց յօդւածի վերջում թերեւս ակամայից իր խղճի մօտ արդարանալու համար՝ իրանցի նշանաւոր լրագրողը թւարկել է Հայաստանի պատմական, մշակութային, առեւտրական եւ աշխարհագրական մի քանի տեսարժան ու գրաւիչ վայրերի անուններ, որոնք առաւել յայտնի են զբօսաշրջիկների համար եւ իրանցի տուրիստները եւս մեծ մասամբ այցելում են այդ վայրերը:

Հարկ է նշել, որ միւս յօդւածագիր Էլահէ Խոսրաւին եւս քիչ թէ շատ՝ նման մտքեր է արծարծել՝ հէնց նոյն երեւոյթի նկատմամբ, սակայն նրա մօտեցումը համեմատաբար աւելի մեղմ ու չափաւոր պէտք է համարել: Չնայած որ Խոսրաւին եւս որոշ չափով իր դատողութեան մէջ սխալներ է թոյլ տւել, սակայն ուրախ ենք, որ մասամբ աւելի անաչառ է մօտեցել խնդրին, երբ խօսում է Իրանի զբօսաշրջիկութեան արդիւնաբերական բաժնի թերութիւնների բուն պատճառների մասին:

Ինչեւէ, խուսափելով աւելորդ մեկնաբանութիւններից՝ ցանկանում ենք մեր ընթերցողների ուշադրութիւնը կենտրոնացնել այս հարցի վրայ եւ առաջարկում ենք իրենց հեռախօսներով կամ կարճ գրութիւններով «Շարղ» օրաթերթի խմբագրութեանը դիտել տալ, որ Իրանի զբօսաշրջիկութեան արդիւնաբերական բաժնի թերութիւնները չբարդեն Իրանի հետ պատմական վաղեմութիւն ունեցող բարեկամ եւ հարեւան երկիր Հայաստանի Հանրապետութեան համապատասխան ոլորտում ակտիւ գործունէութիւն զարգացնող ընկերութիւնների վրայ:

«Ալիք»

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն