Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Վարչապետի հրաժեշտի հանդիպումը Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ

Սեպտեմբեր 17, 2010թ. 16:22

1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն  է հայտնել դիվանագետին հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի համար և և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված   կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։ Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել մեծ հայագետի դերը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման հարցում և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև  ծավալված արդյունավետ համագործակցության մասին։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը և կարևորվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են առաջիկա  բարձր մակարդակի պաշտոնական այցերին։ Նշվել է, որ  2011 թվականի սկզբին նախատեսվում է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի այցը Հայաստան, իսկ 2010 թվականի  նոյեմբերին Հայաստան կայցելի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն։

Հանդիպման ավարտին Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի շնորհավորական ուղերձը Հայաստանի Ազգային օրվա առթիվ։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն