Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական, Տարածաշրջան

Արդեն իրենց անձնագրերում քրիստոնյա են գրվում

Սեպտեմբեր 23, 2010թ. 13:57

11591454Կ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «մուսուլման» զարմիկները չորս ամիս առաջ իրենց անձնագրերում նշել են, որ իրենք քրիստոնյաներ են: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Հոդվածի հեղինակ Օքան Քոնուրալփը գրում է, թե
Աթեշյանի զարմիկները` Մեսուրե Քափլանն ու Ջիհան Բեսքիսիզը, որոնք այցելել էին իրենց մորեղբորը` Աթեշյանին, ով ժամանել էր Վան` անցկացնելու Ախթամարի պատարագը, մկրտության համար սպասում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտին: Տարիներ ի վեր հարևանների կամ էլ աշխատանքային ընկերների մեծամասնությունը նրանց ընդունել է որպես «մուսուլման քուրդ», շատ քիչ մարդ է իմացել նրանց հայկական ծագման մասին: Իմացողների մեծամասնությունն էլ անտեսում էին նրանց քրիստոնեական ծագումը: Մինչդեռ նրանք ստիպված էին տարիներ ի վեր շարունակել իրենց կյանքը որպես «ծպտյալ» հայ: Նրանց անձնագրերում գրվում էր «մուսուլման», իսկ «սրտերում»` քրիստոնյա, իրար մեջ էին ամուսնանում: Սակայն վերջին մեկ տարում սկսել են վերադառնալ իրենց կրոնին և ինքնությանը: Հատկապես այն հայ ընտանիքների երեխաները, որոնք 1950 թ. վերջին «թաղամասային ճնշման» արդյունքում ստիպված էին փոխել իրենց կրոնը, անձնագրերում քրիստոնյա են գրել տալիս:

Աթեշյանի զարմիկները

Իրենց արմատներին վերադարձող ընտանիքներից մեկն էլ Կ. Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քրոջ թոռներն են` 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքիսիզը: Մեսուրեն, իր ամուսինը` Քուդբեթթին Քափլանը, ով կնոջ նման ստիպված է եղել երկար ժամանակ թաքցնել իր ինքնությունը, նրանց 5-ամյա որդին` Մարտիկը, և եղբայրը` Ջիհանը, այցելեցին իրենց քեռուն` Աթեշյանին, ով ժամանել էր Վան` անցկացնելու Աղթամարի պատարագը: Մեսուրեն և Ջիհանը, ովքեր 4 ամիս առաջ անձնագրերում իրենց ինքությունը պաշտոնականցրել են որպես քրիստոնյա հայ, մկրտության համար սպասում են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ավարտին: Ցանկանում են, որ մկրտության արարողությունը կատարի իրենց մորեղբայրը` Աթեշյանը: Մեսուրեն կնքվելուց հետ մորեղբոր առաջարկությամբ կվերցնի Սիրուն անունը, իսկ Ջիհանը` Պարետ անունը, որը որոշ ժամանակ թագավորի անվան իմաստ է ունեցել:

Ընտանիքում հայ էինք

Մեսուրե Քափլանը հայտնելով, որ ստիպված էին ապրել շրջապատին համապատասխան, նշում է հետևյալը. «Մեր մուսուլման ընկերների և աշխատանքային ընկերների շրջանակում որպես մուսուլման էինք հանդես գալիս: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր մուսուլման հարևաններից շատերից ավելի մուսուլման էինք երևում: Իսկ ընտանիքում և մեզ նմանների շրջապատում ջանում էինք պահպանել մեր հայկական ինքնությունը: Այն, ինչ կրոնով անհրաժեշտ էր, չէինք կատարում կամ էլ չէինք կարողանում կատարել, սակայն բոլորս էլ գիտեինք, որ հայ ենք: Մայրս նախազգուշացնում էր` ասելով. «Քեզ հաստատ մուսուլմանի հետ չեմ ամուսնացնի»»:

Ճնշման արդյունքում են փոխել կրոնը

Իսկ Ջիհան Բեսքիսիզն ասում է հետևյալը. «Մեր ամենամեծ հնարավորությունը մեր մորեղբայրն է: Նրա կարգավիճակն ու պատմածները մեզ քաջալերեցին: Մեր շրջապատում այնքա˜ն շատ հայ կա, սակայն մորեղբորս նման մեծ չունեն, որի պատճառով իրենց ինքնությանը վերադառնալու քաջություն չեն ցուցաբերում: Մեր մեծերը, ովքեր ճնշման և վախի մթնոլորտում ստիպված են եղել փոխել իրենց կրոնը, տարիներ ի վեր իրականությունը թաքցրել են նույնիսկ իրենց երեխաներից: Ոմանք նույնիսկ մահվան մահճում են իրականությունը պատմել: Արդեն զարթոնք է սկսվել»:

Աթեշյանն ասաց. «Վախի անհետանալով` աճելու է ինքնությանը վերադարձողների թիվը»

Անատոլիայում բազմաթիվ հայեր քաջություն չեն ցուցաբերում ասել, որ հայ են: Կամ հարևաններից են ամաչում կամ էլ վախենում են, որ աշխատանքից կվռնդեն: Մինչդեռ, երբ մեր երկիրը ժողովրդավարական դառնա, մարդու իրավունքներն արմատներ ձգեն, հազարավոր հայեր կվերադառնան իրենց արմատներին: Այսօր Թուրքիայի տարբեր ծայրերից` Թունջելիից, Տրապիզոնից, Քասթամոնուից երիտասարդներն իրենց ընտանիքի արմատներն ուսումնասիրելու համար մեզ մոտ են գալիս: Եթե այս վախի մթնոլորտն անհետանա, Անատոլիան երփներանգ և ուրախ կդառնա: Միանգամից կտեսնեն, թե ինչքան հայ է եղել իրենց շրջապատում, իսկ իրենք տեղյակ չեն եղել:

/ Վան

21.09.2010

«Միլլիյեթ»


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն