Գլխավոր » Լրահոս

«Սարդարապատ»-ը ելքեր է առաջարկում

Սեպտեմբեր 23, 2010թ. 13:22

JIRAYR_SEFILYAN«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սեպտեմբերի 22-ին Գրողների միության տան դահլիճում կազմակերպել էր հավաք «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով:

Հավաքին մասնակցում էին հայտնի ազգային, հասարակական գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, շարժման համակիրներ:

Շարժման նախաձեռնող խմբի անդամներն ու համախոհները հանդես եկան ելույթներով և զեկույցներով:

«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիե նախկին անդամ Ալեք Յենիգոմշյանը «ժողովրդագրական համաղետ» անվանեց Հայաստանի իշխանությունների քաղաքական և տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության պատճառով աճող արտագաղթը, որի հետեւանքով երկրի ազգաբնակչությունը վերջին 20 տարում կրճատվել է մեկ երրորդով և շեշտակիորեն շարունակում է նվազել:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Արփինե Գալֆայանը կարեւորեց արհմիությունների դերը աշխատավոր ժողովրդի և քաղաքացիական հասարակության շահերը ներկայացնելու և պաշտպանելու գործում:

«Էկոդարե հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը օրինակների օգնությամբ հիմնավորեց սեփականատերերի եւ կոռումպացված պաշտոնյաների ագահության պատճառով երկրի բնապահպանության ոլորտում առկա աղետալի վիճակը:

Հողագործության մասնագետ, դոցենտ Վարդան Հայկազյանը նկարագրեց պարենային անվտանգության ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները և այն գործնականում ապահովելու համար գործողությունների ծրագիրը:

Մշակութաբան Լալա Մնեյանը ներկայացրեց «Լեզվի մասին» օրենքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների դեմ ընդվզող հասարակական կազմակերպությունների պայքարի գործընթացը և անելիքները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուգասզյանը հիմնավորեց գիտական ու տեխնոլոգիական կտրուկ արդիականացման ու նորարարության կենսական անհրաժեշտությունը մեր երկրի համար, ներկայացնելով նաեւ մրցունակության կորստի հետևանքով առաջացող վտանգները:

Կառավարման մասնագետ, ազատամարտիկ Հարություն Մեսրոբյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական և հասարակական փոփոխություններ կարող են ապահովվել միայն Հայաստանի թռիչքային տնտեսական զարգացման միջոցով, որը ներկա պայմաններում չունի այլընտրանք:

Հավաքն ամփոփեց «Սարդարապատ» շարժման նախաձեռմող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, որը հիմնավորեց «Սարդարապատե շարժման կազմակերպչական ամրապնդման անհրաժեշտությունը, կարևորելով ազգային հանգանակությունը որպես ժողովրդի առավել ակտիվ մասի կազմակերպման և դիմադրական շարժման մեջ մասնակցության ձև:

Հավաքը վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռմող խմբի անդամ, կինոբեմադրող Տիգրան Խզմալյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն