Շոուներ կազմակերպելով Թուրքիան բացահայտում է «ծպտյալ հայերին»
Վերջերս Թուրքիայում սկսել է շատ հաճախ գրվել ու խոսվել, այսպես կոչված, ծպտյալ հայերի մասին: Օրերս «Ծպտյալ հայերը թուրքական պետության հիմնական խնդիրն են» հոդվածով հանդես է եկել թուրքական Yeni Çağ («Ենի Չաղ») պարբերականը: հոդվածագիրն անդրադառնում է Թուրքիայում ծպտյալ հայերի կրոնադարձության խնդրին ու ինքնության բացահայտման` հաճախակի դարձած դեպքերին: Նկատենք, որ թուրքական այս պարբերականն ունի ընդգծված ազգայնական ուղղվածություն:
Հոդվածագիրը գրում է.« Տարածաշրջանում բնակվող շատ հայեր, որոնք մինչ օրս հայտարարում էին, թե իրենք «մուսուլման քրդեր» են, մասնավորապես, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի արարողությունից հետո «ծպտյալ հայերը» սկսել են բացահայտել իրենց ինքնությունը և անձը հաստատող փաստաթղթերում ներկայանալ որպես քրիստոնյաներ»:
Ասվում է, որ այդ մարդկանց թվին են պատկանում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ազգականները:
«Իրենց ինքնության մասին հրապարակավ հայտարարողների թվում են նաև Արամ Աթեշյանի ավագ քրոջ թոռները` 33-ամյա Մեսուրե Քափլանը և 28-ամյա Ջիհան Բեսքիսիզը: Մեսուրե Քափլանը Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մենք որպես մուսուլմաններ էինք հանդես գալիս մեր մուսուլման հարևանների և գործընկերների շրջանում: Նույնիսկ կարող եմ ասել, որ մենք մեր մուսուլման հարևաններից ավելի մուսուլման էինք: Սակայն ընտանիքում և նրանց շրջանում, ովքեր մեզ պես էին, միշտ փորձել ենք պահպանել մեր հայկական ինքնությունը»:
Այս ամենից հետո թուրքական պարբերականը ահա թե ինչպիսի եզրահանգում է անում. «Նշանակում է` պետք է ուշադիր լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մուսուլմանների մոտ ձևացնում են, թե իրենք մուսուլման են»:
«Մոտ 500 հազար հայեր կրոնափոխ լինելով թուրք են դարձել: Ինչո՞ւ դրան ուշադրություն չեք դարձնում», հարցադրում է հնչեցնում թուրքական պարբերականը: Վերջինս թուրք հանրությանը բացատրում է , թե ինչպիսի վտանգներ կարող են երկրին պատճառել Թուրքիայում իրենց ինքնությունը թաքցնող «ծպտյալ հայերը»:
«Ցանկանում ենք ասել, որ նրանք, ովքեր ստիպված են թաքցնել իրենց ինքնությունը, ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնեն, իրենց մեջ կա ծպտյալ ապստամբ ոգի թուրք հանրության նկատմամբ: Ինքնությունը թաքցնելը հանգեցնում է հոգեխեղման։ Օտարերկրյա գաղտնի ծառայությունները նրանցից ոմանց բացահայտում և հավաքագրում են դեռ մանուկ հասակում և ջանալով նրանց պետության ներսում նշանակել կարևոր պաշտոնների` փորձում են ստանալ այն, ինչ ցանկանում են: Դա հետախուզական լեզվով կոչվում է «կոկոն»»,- եզրափակում է «Ենի Չաղ»-ը:
Փաստորեն, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված միջոցառումը, բացի այն , որ նպատակ ուներ Թուրքիային Եվրոպայի աչքում ժողովրդավարական երկիր ներկայացնել, մեկ այլ կարևոր նպատակ էր նաև հետապնդում, բացահայտել բնիկ հայերին, որոնք այսօր բնակվում են Թուրքիայի կողմից բռնազավթված իրենց հայրենիքում` Արևմտյան Հայաստնում:: Իսկ բացահայտումից հետո պարզ է նպատակը` տարբեր միջոցներով պայքարել Արևմտյան Հայաստանի բնիկ ժողովրդի դեմ: Կարծում եմ ժամանակն է, որ մենք` հայերս հանգենք համարժեք հետևության ու մեր իսկ մասնակցությամբ չնպաստենք թուրքական հայահալած ծրագրերի իրականացմանը:
ArmAr.am












