Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Գոյություն չունեն ազատագրված տարածքներ, կա ազատագրված Արցախ

Սեպտեմբեր 24, 2010թ. 10:15

Jamalyan11-150x150Հարցազրույց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ


Պատերազմում հաղթանակած հայը իր իսկ ազատագրած հայրենիքը, հայրենիքի մի հատվածը շարունակում է անվանել ՙազատագրված տարածք՚ կամ ՙտարածքներ՚։ Սա դուք տրամաբանակա՞ն եք համարում։
-Իրոք, տարիներ շարունակ մեզանում տիրում է կատարյալ տերմինաբանական շփոթ այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս անվանել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող եւ հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքները: Այժմ, երբ այդ տարածքները Արցախի սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս` անորոշության տեղ այլեւս չկա, սակայն անհրաժեշտ է առավելագույն տերմինաբանական հստակություն։ Մասնավորապես առաջնահերթ կարեւորության խնդրի է վերածվում միջազգային քաղաքական շրջանառության մեջ եղած այնպիսի եզրույթների ներմուծումը, որոնք առավել ամբողջական կարտահայտեին տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունները: Սա արդիական է հատկապես հիմա, երբ նախատեսվում է միջազգային փաստահավաք առաքելության ժամանումը Արցախի Հանրապետություն:
Մենք գործ ունենք առնվազն երկու այդպիսի տերմինի հետ, որոնցից մեկը ՙԼՂՀ օկուպացված տարածքներ՚ տերմինն է, որը հայ դիվանագիտությունը, ի դեմս փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի, արդեն դրել է շրջանառության մեջ: Ըստ այդմ, հարկավոր է առավելագույն հետեւողականությամբ այդ տերմինը տարբեր միջազգային կառույցներում կիրառության մեջ դնել՝ այն հակադրելով «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» եզրույթին:
Տեսեք.«ԼՂՀ օկուպացված տարածքներ» եզրույթը վերաբերում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահսկում են ադրբեջանական օկուպացիոն ուժերը։ Այդ տարածքում վերջին տարիներին ինտենսիվ վերաբնակեցում է իրականացվել: Այս տարածքի իսկական տերերը, որոնք 1992թ. ողբերգական անցքերի հետեւանքով վերածվեցին փախստականների, ներկայումս բնակվում են ԼՂՀ այդ նույն Շահումյանի շրջանի հարավ-արեւմտյան հատվածում (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջան): Փաստահավաք առաքելությանը պետք է հստակորեն ներկայացվի այս իրողությունը. սա ադրբեջանահայության իրավունքների մասին բարձրաձայնելու պատեհ առիթ է:
Եվ ապա. գոյություն ունի «ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածք» տերմինը: Բանն այն է, որ տարածքները, որոնք անվանում ենք «ազատագրված» «ԼՂ-ին հարակից» կամ «անվտանգության գոտի», իրականում Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս, կազմում են հանրապետության չորս վարչական միավորների` Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի եւ Ասկերանի շրջանների մասը:
Հատկապես ընդգծենք. ներկայիս Արցախի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ-ը չէ: Այսպես կոչված «անվտանգության գոտու» կամ «ազատագրված տարածքների» իրավական պատկանելությունը Արցախին այլեւս անվիճարկելի է (մանավանդ դա ամբողջապես պատմական Արցախն է.- Ա.Ե.): Եվ հակառակը. անտրամաբանական է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքը նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ նույնացնելը: Գոյություն ունի Արցախ` պետական շինարարության ասպարեզում լրջագույն հաջողություններ ունեցող երկրորդ հայկական պետությունն իր 12000 քառ. կմ տարածքով:
Հարկ է հատուկ ընդգծել. արտաքին քաղաքական հարթակներից զատ այս եզրույթը անհրաժեշտ է հետեւողականորեն տարածել նաեւ հայաստանյան հանրության շրջանում` հայության ընկալումներում ամրապնդելու Արցախի մերօրյա տարածքի մասին պատկերացումը:
Ե՞րբ հնարավոր կլինի խոսել Արցախի վերջնական սահմանների մասին։
-Արցախյան խնդրի փոխզիջումային կարգավորում ասվածը անորոշություն է ստեղծում նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների պատկանելության հարցում: Ու թեեւ «ազատագրված տարածքներ» տերմինը մեզանում շրջանառության մեջ է դրվել ադրբեջանցիների ներմուծած «գրավյալ տարածքներ»տերմինին հակակշռելու նպատակով, այդուհանդերձ այն պարունակում է այդ տարածքները Արցախին չպատկանելու, դրանց վիճահարույց լինելու հանգամանքը: Մինչդեռ ներկա իրավաքաղաքական իրողությունների պայմաններում գոյություն ունի ազատագրված 12000 քառ. կմ հայկական տարածք, որի վրա տարիներ շարունակ կայանում է երկրորդ հայկական պետականությունը:
Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խնդրի կարգավորումից հետո միջազգայնորեն ճանաչված Արցախը չի լինելու ԼՂԻՄ սահմաններում: Իսկ թե ինչպիսի՞ն կլինեն այդ սահմանները ենթադրյալ խաղաղության պայմանագրից հետո` այսօր ոչ ոք ասել չի կարող: Եվ եթե երբեւէ գա այն օրը, երբ Ադրբեջանի քաղաքական վերնախավը համարձակություն ունենա հաշտվել անկախ Արցախի գոյության անխուսափելիության հետ, ապա այդ դեպքում միայն կարող է խոսք լինել Արցախի եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտման մասին` բնականաբար Արցախի օկուպացված շրջանների համատեքստում:
Պետք է իրատես լինել. կարգավորում ասվածը այնքան անիրական է, այնքան հեռու, որ խոսել միջազգայնորեն ճանաչված Արցախի վերջնական սահմանների մասին, պարզապես լուրջ չէ:
Հատկապես ընդգծենք. ադրբեջանական քաղաքական դաշտում չկա գեթ մի քաղաքական գործիչ, որն ընդուներ ստեղծված իրողությունները: Այս առումով թե՜ ալիեւյան վերնախավը, թե՜ ադրբեջանական ընդդիմությունը նույն ագրեսիվ-մաքսիմալիստական դիրքորոշումների կրողն են, ինչը անհնարին է դարձնում խնդրի կարգավորումը տեսանելի հեռանկարում:
Արցախի Հանրապետության սահմանները ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է հայ զինվորը: Արցախը կայանում է իր փաստացի` 12000 քառ. կմ տարածքում, որը սահմանադրորեն հռչակված է իբրեւ իր անբաժան մասը: Հետեւաբար չկան ազատագրված տարածքներ, կա ազատագրված Արցախ, եւ վերջ:
Պետք է հանդես բերել առավելագույն իրատեսություն. մեր օրերում տարածքային զիջում ասվածն այլեւս հրատապ չէ իբրեւ այդպիսին: Հրատապը Արցախի ողջ տարածքը համաչափ վերաբնակեցնելն ու նրա որոշ հատվածներում տարրական ենթակառուցվածքներ զարգացնելն է:

Անահիտ ԵՍԱՅԱՆ, «Հայոց աշխարհ»

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն