Ինքնորոշում և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականություն» սկզբունքները միջազգային իրավունքի մեջ(Արցախի օրինակը)
«Մենք չենք պատրաստւում սակարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը»: Սերժ Սարգսեան, Հայաստանի Հանրապետութեան նախագահ, 1 Յունիսի, 2010թ.
«Ժողովուրդն է տարածքի բախտը որոշողը եւ ոչ թէ տարածքը ժողովրդի»: Հարդի Դիլարդ (Hardy Dillard), Միջազգային արդարարդատութեան, դատարանի դատաւոր, 16 Հոկտեմբերի, 1975թ.
«Ինքնորոշում» և «տարածքային ամբողջականութիւն» հասկացութիւնները յաճախ են գործածւում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կապակցութեամբ: Ցաւօք, այս իրաւական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, յաճախ սխալ են գործածւում: Յիշեալ հասկացութիւնների սխալ գործածութեան օրինակներից է երբեմնի դեսպանացու Մեթիու Պրայզայի հետեւեալ պնդումը. «Կայ պետութիւնների տարածքային ամբողջականութեան իրաւական սկզբունք, եւ կայ ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: (There’s a legal principle of territorial integrity of states, there’s a political principle of self-determination of peoples.) Իրականութեան մէջ ճիշդ հակառակն է: Կայ ինքնորոշման իրաւական սկզբունք եւ չկայ «տարածքային ամբողջականութեան» սկզբունք:
Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿ) Կանոնակարգի երկրորդ յօդուածի 4-րդ կէտը հռչակում է միմիայն հետեւեալը.«[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային յարաբերութիւններում պէտք է ձեռնպահ մնան որեւէ երկրի տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան դէմ ուղղուած ոյժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միաւորուած Ազգերի նպատակների հետ»: (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state, or in any other manner inconsistent with the Purposes of the United Nations.) Այս հիմնադրոյթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականութեան» բացարձակութեան, այսինքն պետութեան տարածքի անձեռնմխելիութեան հետ: Ըստ ԱՄՆ արտաքին յարաբերութիւնների օրէնքի հեղինակաւոր մեկնաբանութեան, այն պարզապէս դրոյթ է ներխուժման դէմ՝ «ոյժի գործադրման արգելք» (prohibition of use of force ), եւ սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետութեան կողմից ոյժի գործադրման միջոցով մէկ այլ պետութիւն գրաւելուց կամ նրա կառավարութիւնը տապալելուց»: (the use of force by one state to conquer another state or overthrow its government. )
Արդի ժամանակաշրջանի միջազգային իրաւունքում «ինքնորոշման» եւ, այսպէս կոչված, «տարածքային ամբողջականութեան» սկզբունքների կարգավիճակը, ընդգրկումն ու բովանդակութիւնը լիարժէք հասկանալու համար, հարկ է առաւել հանգամանալից անդրադառնալ այդ հարցերին:
ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ
Ինքնորոշման պատմական յենքը.
Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրաւունք է, որը մշտապէս արժեւորուել է բոլորի կողմից: «Ինքնորոշում» (self-determination, самоопределение) բառը բխում է գերմաներէն ՙselbstbestimmungsrecht՚ բառից, որը յաճախ էր գործածւում գերմանացի արմատական փիլիսոփաների կողմից 19-րդ դարի կէսերին: Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է Ամերիկայի Միացեալ Նահանգների անխութեան հռչակագրից (4 Յուլիսի, 1776թ.): Զուր չէ, որ Ամերիկեան յեղափոխութիւնը համարւում է «ինքնորոշման բացառիկ օրինակ»: Ինքնորոշման սկզբունքը հետագայ քաղաքական զարգացման ենթարկուեց Ֆրանսիական յեղափոխութեան առաջնորդերի կողմից: 19-րդ դարում և 20-րդի դարասկզբին ինքնորոշման սկզբունքը ազգայնական շարժումների կողմից մեկնաբանւում էր որպես իւրաքանչիւր ազգի համար սեփական անկախ պետութիւն ստեղծելու իրաւունք, եւ միայն ազգային առումով միատարր պետութիւններն էին համարւում օրինական:
Առաջին համաշարհային պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ Վիլսոնը հանդէս եկաւ ինքնորոշման ջատագովութեամբ, որն էլ իր յստակ սահմանումը գտաւ նրա Տասնչորս կէտեր (Fourteen Points) (8 Յունուարի, 1918թ.) ծրագրային փաստաթղթի մէջ եւ, ըստ այդմ, քննութեան առարկայ դարձաւ Ազգերի լիգայի սկզբնական օրերին: Ազգերի լիգայի կողմից ստեղծուած մանդատային համակարգն, ըստ էության, փոխզիջումային միջանկեալ իրավիճակ էր ուղղակի գաղութատիրութեան եւ ինքնորոշման իրաւունքի միջեւ:
Թէեւ ինքնորոշումը որպէս քաղաքական իրաւունք եւ սկզբունք ունի երկարատեւ պատմութիւն, այնուամենայնիւ ինքնորոշումը որպէս միջազգային իրաւունքի սկզբունք համեմատաբար նոր ծագում ունի: Քանզի ներկայումս միջազգային իրաւունքի դասագրումը (կոդիֆիկացան) հիմնականում իրականացւում է դիւանագիտական համաժողովների, երբեմն ՄԱԿ-ի վեհաժողովի կամ նմանատիպ համաժողովների միջոցով` նախապէս Միջազգային իրաւունքի յանձնաժողովի կամ այլ փորձագիտական մարմնի կողմից ներկայացուած նախագծի հիման վրայ, ապա առաջին հերթին պէտք է քննութեան առնել խնդրոյ առարկայ հասկացութիւնների զարգացման ընթացքը միջազգային փաստաթղթերի միջոցով: Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ բոլոր այն հիմնադրոյթները, որոնք յօդուածների ձեւով ներառուած են միջազգայնագրերի (conventions) մէջ եւ արտացոլում են գոյութիւն ունեցող միջազգային սովորութական (customary) իրաւունքը, ապա դրանք պարտադիր են բոլոր պետութիւնների համար` անկախ դրանց տուալ միաջազգայնագրերին միացած կամ չմիացած լինելուն:
Ինքնորոշման զարգացումը ՄԱԿ-ի հովանու ներքոյ
1.Ընդգրկումը ՄԱԿ-ի կանոնակարգի մէջ
Ինքնորոշման իրաւունքը բազմաթիւ անգամներ է քննութեան առարկայ դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այն վկայակոչուել է Ատլանտեան դաշնաթղթի (Atlantic Charter, 14 Օգոստոսի, 1941թ.) մէջ, ապա վերարծարծուել Վաշինգտոնի 1942թ.-ի հռչակագրի (Washington Declaration) եւ 1943թ. Մոսկուայի հռչակագրի (Moscow Declaration), ինչպէս նաեւ ժամանակի այլ կարեւոր փաստաթղթերի մէջ: Շնորհիւ հենց այս հռչակագրերի արդէն ՄԱԿ-ի ստեղծման օրերին ինքնորոշում հասկացութիւնը դիտարկւում էր որպէս միջազգային իրաւունքի սկզբունք: Ի վերջոյ «իրաւահաւասարութեան եւ ժողո¬վուրդների ինքնորոշման սկզբունքը» (the principle of equal rights and self-determination of peoples) ներառուեց ՄԱԿ-ի կանոնակարգի մէջ: Կանոնակարգը [յօդուած 1(2)] յստակորէն սահմանեց ինքնորոշման սկզբունքը. «Միաւորուած ազգերի նպատակներն են. ժողովուրդների միջեւ զարգացնել բարեկամական յարաբերութիւններ ազգերի միջեւ` հիմնվելով ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի յարգանքի վրայ» (The purposes of the United Nations are: To develop friendly relations among nations based on respect for the principle of equal rights and self-determinations of peoples), ինչպէս նաեւ ինքնորոշումը համարուեց «համընդհանուր խաղաղութիւնն ամրապնդելու» հնարաւոր միջոցներից մէկը: ՄԱԿ-ի կանոնակարգի IX գլխի (Միջազգային տնտեսական եւ հասարակական համագործակցութեան, International Economic and Social Co-operation) 55-րդ յօդուածի մէջ թուարկուած են այն նպատակները, որոնք պէտք է խրախուսուեն նշեալ կազմակերպութեան կողմից. «… իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման յարգանքի վրայ կայունութեան ու բարօրութեան պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջեւ խաղաղ եւ բարեկամական յարաբերութիւնների համար …՚: (… the creation of conditions of stability and well-being, which are necessary for peaceful and friendly relations among nations based on respect for the principle of equal rights and self-determination of peoples …) Ըստ նոյն կանոնակարգի 56-րդ յօդուածի. ՙբոլոր անդամները պարտաւորւում են կազմակերպութեան [ՄԱԿ-ի] հետ համատեղ եւ անջատ գործողութիւններ իրականացնել՝ նպատակ ունենալով հասնել 55-րդ յօդուածի մէջ առաջադրուած նպատակներին»: (… all Members pledge themselves to take joint and separate action in cooperation with the Organization for the achievement of the purposes set forth in Article 55.)
Ինչպէս բխում է ՄԱԿ-ի կանոնակարգի 55-րդ յօդուածից, ինքնորոշման սկզբունքը միջազգային խաղաղ եւ բարեկամական յարաբերութիւնների հիմքերից է: Այլ բառերով, առանց նշեալ սկզբունքի պահպանման հնարաւոր չեն այդպիսի յարաբերութիւններ: Նոյն յօդուածը նշում է, որ ՄԱԿ-ի պարտականութիւնն է խրախուսել յարգանքը մարդու հիմնարար ազատութիւնների նկատմամբ (պար. c), ըստ այդմ` ազգերի ինքնորոշման իրաւունքի նկատմամբ: Եւ քանի որ ժողովուրդների միջեւ բարեկամական յարաբերութիւնների հաստատումը եւ մարդու իրաւունքների յարգանքի խրախուսումը ընդգրկուած են Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան կարեւորագոյն խնդիրների շարքում, ուստի ակներեւաբար սոյն կազմակերպութիւնը կոչուած է առաջ մղելու ժողովուրդների ինքնորոշման հարցը:
ՄԱԿ-ի կանոնակարգը գերակայ է բոլոր այլ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այս պայմանը ամրագրուած է կանոնակարգի 103-րդ յօդուածում, հետեւաբար ընդունուած է բոլոր անդամների կողմից:
Ակնյայտ է, որ ՄԱԿ-ն ինքնորոշումը (ինքնորոշումը, այսինքն այդ իրաւունքի կենսագործումը եւ ոչ թե՝ սոսկ իրաւունքը) ոչ միայն իր հիմնարար սկզբունքներից է համարում, այլեւ՝ հիմք բարեկամական յարաբերութիւնների եւ համընդհանուր խաղաղութեան համար: Հետեւապես, ինքնորոշման մերժումը խոչընդոտում է բարեկամութեանը եւ համընդհանուր խաղաղութիւնը: Աւելին, ՄԱԿ-ի կանոնակարգի 24-րդ յօդուածի 2-րդ կէտը հռչակում է. ՙՍոյն պարտաւորութիւններն իրականացնելիս [միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան պահպանումը] Անվտանգութեան խորհուրդը պետք է գործի Միաւորուած ազգերի նպատակներին եւ սկզբունքներին համահունչ՚: (In discharging these duties [the maintenance of international peace and security] the Security Council shall act in accordance with the Purposes and Principles of the United Nations.) Հետեւաբար, քանի որ ինքնորոշումը ՄԱԿ-ի սկզբունքներից մէկն է, ուստի միջազգային խաղաղության եւ անվտանգութեան պահպանման գործում Անվտանգութեան խորհուրդը պետք է առաջնորդեւի ժողովուրդների ինքնորոշման իրաւունքով:
2. Զարգացումը ՄԱԿ-ի պրակտիկայով
Ինքնորոշման հայեցակարգը հետագայ զարգացում ապրեց Միաւորուած ազգերի պրակտիկայում: Իր բանաձեւերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանեց եւ զարգացրեց ինքնորոշման սկզբունքը: 1952թ. Դեկտեմբերի 16-ի 637A(VII) բանաձեւի մէջ ՄԱԿ-ի վեհաժողովը յայտարարեց. ՙժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրաւունքը նախադրեալ է մարդու բոլոր հիմնարար ազատութիւնները վայելելու համար՚: (the right of peoples and nations to self-determination is a prerequisite to the full enjoyment of all fundamental human rights). Վեհաժողովը նաեւ յորդորեց, որ ՙՄիաւորուած Ազգերի անդամ երկրները պէտք է աջակցեն բոլոր ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման սկզբունքին՚: (the States Members of the United Nations shall uphold the principle of self-determination of all peoples and nations.)
ՄԱԿ-ի վեհաժողովը 1960թ. ընդունեց բանաձեւ [1514(XV)]՝ վերնագրուված. Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախութիւն շնորհելու մասին հռչակագիր (Declaration on the Granting of Independence to Colonial Countries and Peoples), որի 2-րդ պարբերութիւնը հռչակում է. ՙԲոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրաւունք; ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատօրէն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը՚: (All peoples have the right to self-determination; by virtue of that right they freely determine their political status and freely pursue their economic, social and cultural development.) Սոյն հռչակագիրն ինքնորոշման սկզբունքը համարում է ՄԱԿ-ի կանոնակարգից ածանցուող հանձնառութիւնների մաս: Ընդ որում, նշեալ հռչակագիրը պարզ յորդոր չէ, այլ կանոնակարգի հեղինակաւոր մեկնաբանություն:
Հետագայում ինքնորոշման սկզբունքն իր արտացոլումը գտաւ մի շարք միջազգային փաստաթղթերի մէջ: 1966թ. մարդու իրաւունքների մասին երկու միջազգայնագիր (կոնվենցիա) մտան ոյժի մէջ` Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights) եւ Տնտեսական, հասարակական եւ մշակութային իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Economic, Social and Cultural Rights): Այս դաշնագրերն ունեն մի ընդհանուր յօդուած` #1, որն ամրագրում է. ՙԲոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրաւունք: Այդ իրաւունքով էլ նրանք ազատօրէն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը՚:
Հետագայ տարիներին եւս, ըստ Միաւորուած Ազգերի կանոնակարգի պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւններին եւ համագործակցութեանը վերաբերող միջազգային իրաւունքի սկզբունքների հռչակագիրը (Declaration of Principles of International Law Concerning Friendly Relations and Co-operation among the States in accordance with the Charter of the United Nations ) [ՄԱԿ-ի վեհաժողով, բանաձեւ 2625 (XXV), 1970թ.] հաստատեց այն սկզբունքը, ըստ որի ինքնորոշումը բոլոր ժողովուրդներին վերաբերող իրաւունք է, եւ նրա կենսագործումը պահանջւում է ՄԱԿ-ի կանոնակարգով. ՙԸստ իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի, որը ներառուած է Միաւորուած Ազգերի կանոնակարգի մէջ, բոլոր ժողովուրդներն էլ իրաւունք ունեն ազատօրեն, առանց արտաքին միջամտութեան որոշել իրենց քաղաքական կարգավիճակը, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը, եւ ամէն պետութիւն, համաձայն կանոնակարգի դրոյթների, պարտաւոր է յարգել սոյն իրավունքը՚:
Ինչպէս իրավացիօրէն նկատել է Միջազգային յարաբերութիւններում ազգերի միջեւ բարեկամական յարաբերութիւններին եւ համագործակցութեանը վերաբերող սկզբունքների յատուկ յանձնաժողովի (Spe¬cial Committee on Principles of International Relations concerning Friendly Relations and Co-operation among the Nations) զեկուցողը` Մ. Զահովիչը (M. Zahovic). ՙՔննարկումներին մասնակցած գրեթէ բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ [ինքնորոշման] սկզբունքն այլեւս չի համարւում միայն բարոյական կամ քաղաքա¬կան հիմնադրոյթ; այն ըստ ամենայնի միջազգային իրաւունքի սկզբունք է: Սոյն սկզբունքի լիակատար ընդունումը նախադրեալ է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման, պետություննե¬րի միջեւ բարեկամական յարաբերութիւնների, համագործակցութեան զարգացման եւ ամբողջ աշխարհում տնտեսական, հասարակական ու մշակութային առաջընթացի խրախուսման համար՚:
Ինքնորոշման սկզբունքը եւ մարդու իրաւունքները
Ինքնորոշման սկզբունքը, միջազգային յարաբերութիւններում փիլիսոփայական հայեցակարգից վերափոխուելով քաղաքական հայեցակարգի, հիմա վերաճել է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքի: Վերջին ժամանակներս զարգանալով՝ այն դարձել է մարդու իրաւունքների հարց, որը վերաբերում է որոշակի խմբի, այլ ոչ թէ մի անհատի եւ, ինչպես նշել էինք, իրաւացիօրէն ներառուած է մարդու իրաւունքների զոյգ դաշնագրերի մէջ:
1993թ. Յունիսի 25-ին 171 երկրների ներկայացուցիչներ համախոհութեամբ (by consensus) ընդունեցին Մարդու իրաւունքների համաշխարհային համաժողովի Վիէննայի հռչակագիրը եւ գործողութիւնների ծրագիրը (Vienna Declaration and Programme of Action of the World Conference on Human Rights): Վիէննա¬յում համաձայնեցուած եզրափակիչ փաստաթուղթը, որն արժանացել է ՄԱԿ-ի վեհաժողովի 48-րդ նստաշրջանի հաւանութեանը (բանաձեւ 48/121, 1993), վերահաստատեց այն սկզբունքները, որոնք զարգացել են վերջին 45 տարուայ ընթացքում եւ առաւել ամրապնդել են մարդու իրաւունքների հիմքերը: Նշեալ փաստաթուղթը ճանաչում է ժողովրդավարութեան, զարգացման եւ մարդու իրաւունքների, ներառ¬եալ ինքնորոշման իրաւունքի, փոխկապակցուածութիւնը: Եզրափակիչ փաստաթուղթը շեշտում է, որ համաժողովը ինքնորոշման իրաւունքի մերժումը համարում է մարդու իրաւունքների ոտնահարում եւ ընդգծում է տուեալ իրաւունքի արդիւնաւէտ կենսագործման կարեւորութիւնը [պար. 2]. ՙՄարդու իրա¬ւունքերի համաշխարհային համաժողովը ինքնորոշման իրաւունքի մերժումը համարում է մարդու իրաւունքների ոտնահարում եւ ընդգծում է սոյն իրաւունքի լիարժէք կենսագործման կարեւորութիւնը՚: Հայաստանը, Ատրպէյճանը, Թուրքիան, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաս¬տանի Դաշնութիւնը, Միացեալ Նահանգները եւ Ֆրանսիան, սոյն փաստաթղթին մասնակից երկրներ են:
Մարդու իրաւունքների եւ համաշխարհային խաղաղութեան հարցերով մտահոգ կազմակերպութիւն¬ները լիակատար ճանաչում են տուել այն փաստին, որ ինքնորոշման նկատմամբ յարգանքը համաշխարհային խաղաղութեան նախապայման է: Մարդու հիմնարար իրաւունքներն իմաստ ունեն այն դէպքում, երբ ժողովուրդը վայելում է ինքնորոշման պտուղները:
Ինքնորոշման սկզբունքի բուն իմաստն այն է, որ բոլոր ժողովուրդները, անկախ իրենց ցեղախմբից, կրօնից կամ սեռից, ներքին եւ արտաքին գերիշխանութիւնից, օրէնքի շրջանակում ազատօրէն վայելեն ժողովրդավարութեան իրաւունքները: Այն ձգտում է ապահովել հնարաւորութիւններ ժողովուրդների քաղաքական, հասարակական եւ մշակութային զարգացման համար: Ինքնորոշման սկզբունքի հիմնական նպատակն է երաշխաւորել, որ բոլոր ժողովուրդները սեփական հայեցողության համաձայն ունենան կառավարութիւն, որը կը համապատասխանի նրանց քաղաքական, տնտեսական եւ մշակութային պահանջներին: Այսպիսով, ինքնորոշման իրաւունքի մերժումը մարդու իրաւունքների ոտնահարում է եւ, ըստ այդմ, միջազգային իրաւունքի խախտում:
Ինքնորոշման սկզբունքի զարգացումն այլ կազմակերպութիւնների միջոցով
Միջազգային արդարադատութեան դատարանին (International Court of Justice) առընթեր Իրաւագէտ¬ների միջազգային յանձնաժողովը (International Commission of Jurists) բազմաթիվ համաժողովներ է հրա¬ւիրել օրէնքի գերիշխանութեան հարցերով եւ փորձել է տալ օրէնքի իշխանութեան յստակ ու ընդգրկուն սահմանումը, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան կոնտեքստում դրանց լաւագոյն կենսագործման միջոցները: Նրանց առաջին քննաժողովը գումարուել է Աթէնքում 1955թ., որի մասնակից¬ներն ընդունեցին Աթէնքի ակտը (Act of Athens), որն ամրագրում է. ՙ(9) Ինքնորոշման իրաւունքի ճանա¬չումը մեր դարաշրջանի մեծագոյն նուաճումներից է եւ միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքնե¬րից, դրա չգործադրումը միանշանակօրէն դատապարտւում է: (10) Արդարութիւնը պահանջում է, որ ժողովորդը, էթնիկ կամ քաղաքական փոքրամասնութիւնը չզրկուի իր բնական իրաւունքից, յատկապէս մարդու եւ քաղաքացու հիմնարար իրաւունքներից, կամ իրաւահաւասար վերաբերմունքից` անկախ ցեղախմբից, գոյնից, դասակարգից, քաղաքական համոզմունքից, կաստայից կամ դաւանանքից:՚
Օրէնքի միջոցով համաշխարհային խաղաղութիւն [հաստատելու] Իրաւաբանների համաշխարհա¬յին առաջին համաժողովը (The First World Conference of Lawyers on World Peace through Law) իր Օրէնքի համաշխարհային տիրապետութեան գլխաւոր սկզբունքների հռչակագրի (Declaration of General Principles for a World Rule of Law (Աթէնք, 6 Յուլիսի, 1963թ.), մէջ հռչակեց հետեւեալը. ՙՈրպէսզի օրէնքի գերիշխանութեան ներքոյ հաստատուի իրաւական արդիւնաւէտ համակարգ, որը կը բացառի ուժի գործադրումը, մենք յայտարարում ենք, որ … (6) ինչպէս հռչակուած է ՄԱԿ-ի կանոնակարգի մէջ, աշխարհի ժողովուրդների ինքնորոշման իրաւունքն օրէնքի գերիշխանութեան հիմնարար սկզբունք է՚:
Ինքնորոշման սկզբունքի զարգացումն Արդարադատութեան միջազգային դատարանի միջոցով
Ինքնորոշման իրաւունքը վերահաստատուել է միջազգային դատարանի վճիռներով: Օրինակ, Հարավ-արեւմտեան Աֆրիկային (South-West Africa Cases) վերաբերող դատական գործերում (26 Դեկտեմբերի, 1961թ., եւ 18 Յուլիսի, 1966թ.) դատաւոր Ներվօն (Nervo), իրաւահաւասարութեան եւ ազատութեան հայեցակարգի վերաբերեալ իր համոզումն է արտայայտել հետեւեալ կերպ. ՙքանի դեռ ամբողջ աշխարհի ժողովուրդները չեն հասել ինքնորոշման եւ անկախութեան իրենց նպատակին, մենք պիտի ոգեշնչենք ժողովուրդների երազանքն ու վարքն այդ ուղղութեամբ ՚:
Միջազգային դատարանն իր Արեւմտյան Սահարային վերաբերող (Western Sahara Case) (16 Հոկտեմբերի, 1975թ.) խորհրդատուական կարծիքի մէջ վերահաստատել է ՙինքնորոշման իրաւունքի վաւերականութիւնը՚ միջազգային իրաւունքի մէջ:
Ինչպէս նաեւ, Միջազգային դատարանի Արեւելեան Թիմորին վերաբերող (Փորտուքալիան ընդդդէմ Աւստրալիայի) 1995թ. Յունիսի 30-ի որոշումը [պարբ. 29] վերահաստատել է ՄԱԿ-ի կանոնակարգով եւ նոյն դատարանի իրաւական փաստաթղթերով ճանաչուած ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը` որպէս ՙժամանակակից միջազգային իրաւունքի էական սկզբուքներից մէկը՚.
Ինքնորոշման կարգավիճակը, ընդգրկումը եւ բովանդակութիւնը ժամանակակից միջազգային իրաւունքի մէջ
Ըստ Միաւորուած Ազգերի փաստաթղթերի, ինչպէս նաեւ իրաւագէտ հեղինակների մեծ մասի կարծիքի, ինքնորոշումը արդի միջազգային իրաւունքի մաս է: 1945թ. ի վեր ՄԱԿ-ում տեղի ունեցած զարգացումների շնորհիւ, իրաւագէտները ներկայումս մեծ մասամբ ընդունում են, որ ինքնորոշումն իրաւական սկզբունք է: Սոյն սկզբունքը հաստատուել, զարգացել եւ աւելի շօշափելի կերպաւորում է ստացել պետութիւնների պրակտիկայի ամբողջութեան մէջ եւ ի շարս ՙմիջազգային իրաւունքի հինարար սկազբունքների՚ տեղ է գտել Բարեկամական յարաբերութիւնների բանաձեւերի (Friendly Relations Resolutions) մեջ: Ինքնորոշման սկզբունքի ընդհանրականութիւնը եւ քաղաքական բովանդակութիւնը չի զրկում նրան իր իրաւական էութիւնից: Աւելին, որեւէ կասկած չունենալով, որ ինքնորոշման սկզբունքն իրաւական սկզբունք է, ներկայումս շատ իրաւագէտներ ինքնորոշումը համարում են jus cogens, այսինքն միջազգային իրաւունքի անբեկանելի նորմ: Հետեւաբար, որեւէ շեղում ինքնորոշման իրաւունքից ընդունելի չէ ոչ պայմանագրերի եւ ոչ էլ միջազգային այլ գործարքների միջոցով:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ինքնորոշման իրաւունքն իրաւունք է ընտրելու քաղաքական կազմակերպուածութիւնը եւ փոխյարաբերութիւնն այլ խմբերի հետ: Ընտրութիւնը կարող է լինել ինչպէս պետական անկախութեան, դաշնային պետութեան մէջ այլ խմբերի հետ գոյակցութեան կամ ինքնավարութեան, այնպէս էլ միակազմ պետութեան մեջ լիակատար տարրալուծման տեսքով: Երբ որեւէ իրավիճակում ի յայտ է գալիս ինքնորոշման խնդիր, ապա ներպետական օրէնսդրութեան վկայակոչումով հնարաւոր չէ այն մերժել: Միջազգային աւանդութային իրաւունքը, պետութիւնների դիրքորոշումներից անկախ, պարտադիր է բոլոր պետութիւնների համար: Անկախ սրանից, պետութիւնները ՄԱԿ-ի կանոնակարգին մաս կազմելով, ինքնորոշման սկզբունքը պարտադիր են դարձրել իրենց համար: Որոշ պետութիւնների պնդումները, որ ինքնորոշման սկզբունքի կենսագործումը խախտում է իրենց իրաւունքները կամ հակոտնեայ է իրենց ՙսահմանադրական գործընթացներին՚ չի կարող պատրուակ հանդիսանալ ուրիշ ժողովուրդներին ինքնորոշման իրաւունքից զրկելու համար: Ներկայումս ինքնորոշումը որպէս սկզբունք համընդհանուր ընդգրկման է: Այն նաեւ անվերապահ է, հետեւաբար ՄԱԿ-ի անդամ-երկրները ինքորոշման կենսագործումը չպիտի կապեն այլ հարցերի հետ:
Այս բոլոր նկատառումներն ի մի են բերուած Լիխթենշթայնի կառավարութեան ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Հանս Պռունհարտի (Hans Brunhart) ՄԱԿ-ի վեհաժողովի 47-րդ նստաշրջանի ժամանակ (23 Սեպտեմբերի, 1992թ.) ունեցած ելոյթի մէջ (UNDocA/47/PV.9) [պարբ. 6]. ՙԻնքնորոշման իրաւունքը որպէս սկզբունք ներկայումս համընդհանուր ճանաչում ունի: Ես ուզում եմ յիշեցնել, որ ինքնորոշումը ոչ միայն ՄԱԿ-ի կանոնակարգի հիմնադրոյթներից է, այլեւ այս վեհաժողովում ներկայացուած պետությունների մեծ մասը, ի հետեւանք 1966թ. մարդու իրաւունքների զոյգ միջազգայնագրերի առաջին յօդուածի, արդէն իսկ գտնւում են յստակ իրաւական յանձնառութիւնների ներքոյ: Այդ յօդուածով երկրները պաշտոնապէս եւ որպէս իրաւական պարտաւորութիւն ընդունել են, որ. ՙԲոլոր ժողովորդներն ունեն ինքնորոշման իրաւունք՚: Հենց այդ իրաւունքի շնորհիւ նրանք իրաւասու են ազատօրէն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատօրէն հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը՚:
Որոշ ակնառու բացառութիւններով հանդերձ, ինքնորոշման սկզբունքի գործնական եւ խաղաղ գործադրումը յաճախ է անտեսւում: Այլոց վրայ տիրապետութիւն հաստատած ուժեր, չնայած ՄԱԿ-ի կանոնակարգով ստանձնած պարտաւորութիւններին, շարունակաբար խոչընդոտում են ճնշուած ժողովուրդներին՝ իրագործելու իրենց ինքնորոշման իրաւունքը: Հետեւապէս, ինչպէ՞ս է հնարաւոր որոշել, թէ ժողովուրդն ի՞նչ ձեւով է ուզում տնօրինել իր ճակատագիրը:
Զանազան ուղիներ կան որոշելու ինքնորոշման ձգտող ժողովրդի կամքը: Ժողովրդի կամքը կարող է յստակեցուել հանրահարցման (plebiscite) միջոցով: Հանրահարցումը կամ գրեթէ նոյն բանն հանդիսացող հանրաքուէն (referendum), ըստ էութեան սեփական տարածքի քաղաքական եւ իրաւական կարգավիճակը որոշելու բնակչութեան մեծամասնութեան իրաւունքի ճանաչումն է: Ժողովրդի կամքը կարող է արտայայտուել խորհրդարանի կամ ինքնորոշվող ժողովրդի կողմից ընտրուած ցանկացած այլ ներկայացուցչական կառոյցի միջոցով:
Ընդհանրապէս, խնդրոյ առարկայի վերաբերեալ տարածուած են հանրահարցումներ առանց ուղղակի հան¬րային քուէարկութեան: Այս դէպքերում ինքնորոշուող տարածքի բնակչութիւնն ընտրում է ներկայացուց¬չական մարմին, որն էլ իր հեթին արտայայտում է ժողովրդի կամքը: Եթէ այդ մարմնի ընտրութիւններն ու այդ մարմնի մէջ քուէարկութիւնը կայացել են ժողովրդավարական եղանակով, ապա ժողովրդի կամքի արտայայտման այս ձեւը միանգամայն օրինական է: Սա հենց այն վիճակն է, որ մենք վերջերս (23 Մայիսի, 2010թ.) ունեցել ենք Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ:
Ժողովրդի կամքը կարող է նաեւ արտայայտուել զանգուածային բողոքի միջոցով` քաղաքացիական անհնազանդութիւն, ցոյցեր, հաւաքներ, լրագրային յօդուածներ եւ այլն: Ի վերջոյ այն կարող է նաեւ իր դրսեւորումը ստանալ զինուած պայքարի եւ ազգային-ազատագրական պատերազմի ձեւով: Վերջինս դրսեւորման ծայրայեղ միջոց է եւ մարդիկ դրան միայն հարկադրաբար են դիմում: Ըստ վերջին տարիներին միջազգային իրաւունքի մէջ կայացած աւանդոյթի, ինքնորոշման սկզբունքը ներառում է նաեւ անկախության իրաւունք: Նոյն հիմքով օրինականացուել է երրորդ կողմի միջամտութիւնը ազգային-ազատագրական պատերազմին` յօգուտ անջատողական շարժման: Ինքնորոշման հասնելու համար ոյժի գործադրումը եւ ազգային-ազատագրական շարժումներին օժանդակելը վերջին տարիներին սկսել է յարաճուն կերպով համարուել օրինական: Դա հիմնաւորւում է այն հանգամանքով, որ այդ ձեւով խրախուսւում է ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների իրագործումը:
Միջազգային իրաւունքի մէջ չկայ անջատողականութիւնն արգելող որեւէ օրէնք, իսկ ՄԱԿ-ի կանոնակարգը յստակօրէն հանդէս է գալիս ինքնորոշմանը պաշտպանութեամբ: Ինքնորոշումը կարող է ընթանալ ոչ ժողովրդական կառավարութիւնը տապալել ձգտող ապստամբութեան, հակագաղութային ապստամբութեան, անջատողական շարժման եւ անկախ երկիր ստեղծելու ճանապարհով: Պէտք է յատկապէս շեշտել, որ ցանկացած ճանապարհի ընտրութեան դեպքում ոչ մի ՙկենտրոնական իշխանութիւն՚ կամ ուրիշ ժողովուրդ չի կարող լուծել ինքնորոշուող ժողովրդի խնդիրը, քանի որ դա դէմ կը լինի բուն ինքնորոշման սկզբունքին:
Ինքնորոշման ընդգրկման հարցը քննելիս անհրաժեշտ է պատասխանել մի կարեւոր հարցի. Արդեօ՞ք ժողովուրդները եւ ազգերը, որոնք արդէն իրագործել են իրենց ինքնորոշման իրաւունքը, շարունակում են պահպանել ինքնորոշման իրաւունքը: Պատասխանն է` այո, քանի որ ՄԱԿ-ի կանոնակարգը ճանաչում է բոլոր ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրաւունքը, առանց խտրականութիւն դնելու պետականութիւն ունեցող կամ չունեցողների միջեւ: Հարցը նոյնպիսի պատասխան է ստացել նաեւ ՄԱԿ-ի վեհաժողովի բանաձեւի մէջ, որը վերաբերում է Մարդու իրաւունքների դաշնաթղթերի մէջ մարդու իրաւունքներին վերաբերող դրոյթի ընդգրկման հարցին: Անվիճելի է նաեւ, որ դրսի միջամտութեամբ եւ առանց բնակչութեան յստակ համաձայնութեան պետութիւնների միջեւ բաժանուած ազգերը շարունակում են պահպանել ինքնորոշման ժառանգուած իրաւունքը` ներառեալ վերամիաւորման իրավունքը:
Աւելին, ինքնորոշման իրաւունքի խախտումը որպէս պատճառ է օգտագործուել Եւրոպական համայնքի կողմից` մերժելու համար անկախութեան ձգտող միաւորին որպէս պետութիւն ճանաչելը: Եւրոպական համայնքի Արեւելեան Եւրոպայի եւ Սովետական Միութեան տարածքի նոր պետութիւնների ճանաչման մասին ուղենիշների հռչակագրի մէջ (EC Declaration on the Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union) (16 Դեկտեմբերի, 1991թ.) հետեւեալ պահանջը կայ. ճանաչուելիք պետութիւնները մինչեւ ճանաչուելը եւ ճանաչուելու համար ժողովրդավարութեան եւ էթնիկ ու ազգային խմբերի ու փոքրամասնութււնների իրավունքների յարգման սահմանադրական երաշխիքներ պիտի տրամադրեն: Աւելին, միջազգային իրաւունքի նոր հիմնադրոյթը հռչակում է, որ այն պետու¬թիւնը, որը հիմնուել է ինքնորոշման իրավունքի ոտնահարումով առ ոչինչ է միջազգային իրաւունքի մէջ:
Ժողովուրդների ինքնորոշման առնչութեամբ կայ մի հարց եւս. Արդեօ՞ք ինքնորոշման իրաւունքը կարող է վերաբերել ոչ գաղութային միաւորներին: Անշուշտ, ինքնորոշման իրաւունքի հիմնական նպատակը գաղութատիրութեանը հնարաւորինս արագ վերջ տալն էր: Այսուհանդերձ, սկսած ՄԱԿ-ի կանոնակարգի մէջ այդ սկզբունքի դասագրումից (codification), չկայ ինքնորոշմանը վերաբերող որեւէ միջազգային փաստաթուղթ, որն ինքնորոշման իրաւունքը սահմանափակի միայն գաղութային երկրներով: Օրինակ, արդէն բազմիցս յիշատակուած Մարդու իրաւունքներին վերաբերող 1966թ. զույգ դաշնաթղթերի ընդհանուր #1 յօդուածը ինքնորոշման իրաւունքը վերապահում է ՙբոլոր ժողովուրդներին՚ առանց սահմանափակումների: Հելսինքիի վեհաժողովի եզրափակիչ ակտի (1975թ.) ութերորդ սկզբունքը հռչակում է. ՙժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքի հիման վրայ բոլոր ժողովուրդների իրաւունքն է` լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտութեան, որոշել իրենց ներքին եւ արտաքին քաղաքական կարգավիճակը, եւ ըստ իրենց հայեցողութեան հետամտել իրենց քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացումը՚: Միջպետական պրակտիկան նոյնպէս աջակցում է ինքնորոշման իրաւունքի ընդլայնուած` գաղութային շրջանակից դուրս, գործադրումը: Իսկապէս, Իրաւագէտների միջազգային յանձնաժողովը (International Commission of Jurists) Պանկլատէշի անջատման մասին իր զեկոյցի մէջ նշում է. ՙեթէ պետութեան մաս հանդիսացող ժողովուրդներից մէկը զրկւում է իրաւահաւասարութիւնից եւ խտրականութեան է ենթարկւում, ապա նրա ինքնորոշման ամբողջական իրաւունքը կեանքի է կոչւում՚: ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 5 անդամներից 4-ի կողմից ստորագրուած Գերմանիայի վերջնական կարգավիճակի մասին պայմանագիրը (Treaty on the Final Settlement with Respect to Germany), (12 Սեպտեմբերի, 1990թ.) յստակօրէն նշում է. ՙԳերմանացի ժողովուրդը, ազատօրէն կենսագործելով ինքնորոշման իր իրաւունքը, արտայայտել է իր կամքը` միաւորել Գերմանիան որպէս մէկ պետութիւն՚, [նախաբան, պարբ. 11]: Սա այն դէպքում, երբ ոչ Արեւելեան եւ ոչ Արեւմտեան Գերմանիաները գաղութ չէին: Այս դիտարկումը նաեւ վերաբերում է այն պետութիւններին, որոնք առաջացել են Սովետական Միութեան եւ Հարաւսլավիայի տրոհումներից յետոյ:
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ» ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ
«Տարածքային ամբողջականութիւն». զարգացումը եւ բովանդականութիւնը
ՙՏարածքային ամբողջականութիւն՚ հասկացութիւնը, խիստ սահմանափակ ըմբռնմամբ, միջազգային փաստաթղթերում գործածուել է միայն 3 անգամ: Մնացած դէպքերում դրանք յղումներ են այդ փաստաթղթերին:
Տարածքային ամբողջականութեան եւ քաղաքական անկախութեան հայեցակարգերը ի յայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապէս յետոյ: Ազգերի լիգայի 10-րդ յօդուածը հռչակում է. ՙԱզգերի լիգայի անդամները պարտաւորւում են յարգել եւ պահպանել Ազգերի լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականութիւնն արտաքին ներխուժումից՚: ՙՏարածքային ամբողջականութեան՚ նոյն ըմբռնումն է վերահաստատուած ՄԱԿ-ի կանոնակարգի մէջ. 2(4). ՙ[ՄԱԿ-ի] Բոլոր անդամներն իրենց միջազգային յարաբերութիւններում պէտք է ձեռնպահ մնան որեւէ պետութեան տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան դէմ ուղղուած ոյժի սպառնալիքից կամ գործադրումից՚: Միւս կարեւոր միջազգային փաստաթուղթը, որն այս առումով յաճախ է վկայակոչւում, Հելսինքիի եզրափակիչ ակտն է (Helsinki Final Act) (1 Օգոստոսի, 1975թ.) որը պահանջում է. ՙՄասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաեւ ընդհանրապէս միջազգային յարաբերութիւններում, ձեռնպահ կը մնան որեւէ պետութեան տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան դէմ ոյժի սպառնալիքից կամ կիրառումից՚:
Ակնհայտ է, որ Հելսինքիի եզրափակիչ ակտը, ինչպէս ՄԱԿ-ի կանոնակարգը եւ Ազգերի լիգայի դաշնաթուղթը, դատապարտում են լոկ ոյժի կիրառումը պետութեան տարածքային ամբողջականութեան դէմ եւ ոչ թէ անվերապահօրէն հանդէս են գալիս տարածքային ամբողջականութեան բացարձակ պահպանման օգտին: Այն յստակեցնում է, որ արտաքին ոյժի կամ ոյժի սպառնալիքի կիրառումը տարածքային ամբողջականութեան եւ քաղաքական անկախութեան դէմ անընդունելի է: Միաժամանակ Հելսինքիի եզրափակիչ ակտը (գլուխ 1) առանձնանշում է. ՙսահմանները կարող են փոփոխուել, համաձայն միջազգային իրաւունքի, խաղաղ միջոցներով եւ համաձայնութեամբ՚:
Ակնյայտ է, որ այն ժամանակներից ի վեր, երբ ՙտարածքային ամբողջականութիւն՚ հասկա¬ցութիւնն ի յայտ եկաւ միջազգային իրաւունքի մէջ, այն սերտօրէն միահիւսուած է արտաքին ոյժի գործադրման հետ: Այլ խօսքով, ՙտարածքային ամբողջականութիւնը՚ աւանդաբար կապուած է սպառնալիքի կամ ոյժի կիրառման հիմնարար սկզբունքի հետ եւ ոչ թէ պետութեան տարածքի անվերապահ պահպանման հետ: Ինչպէս նշել էինք վերը, այս դրոյթը միայն ՙոյժի գործադրման արգելք՚ է եւ հրաժարում է ՙմի պետութեան կողմից ոյժի գործադրման միջոցով մեկ այլ պետութիւն գրաւելուց կամ նրա կառավարութիւնը տապալելուց՚:
«Տարածքային ամբողջականութիւն». ըմբռնումը, սահմանափակումը եւ կարգավիճակն ըստ միջազգային իրաւունքի
Արդի քաղաքական կեանքում շարունակաբար սխալ փորձեր են արւում ՙտարածքային ամբողջականութիւնը՚ ներկայացնել որպէս ինքնորոշման իրաւունքի ընդհանուր սահմանափակում: Նման սահմանափակման հիմքը միանգամայն կեղծ է: Այն պետութիւնը, որի կառավարութիւնը անխտիր չի ներկայացնում տարածքի ամբողջ ժողովրդին, չի կարող նաեւ տարածքային ամբողջականութիւնը չխախտելու պատրուակով սահմանափակել ինքնորոշման իրավունքը:
Ընդսմին, միջպետական պրակտիկան ցոյց է տալիս, որ տարածքային ամբողջականութեան պահպանման հիման վրայ ինքնորոշման իրաւունքի սահմանափակումը յաճախ է անտեսվել: Ինչպէս, օրինակ, եղել է Պանկլատէշի (անկախութիւն Փաքիստանից) Սինկափուրի (Մալայզիայից) եւ Պելիզի (ՙչնայած Կուաթեմալայի պահանջներին՚) ճանաչումների դէպքում: Ի լրումն, միջազգային համայնքի կողմից Սովետական Միութեան եւ Հարաւսլավիայի տրոհումների, Արեւելեան Թիմորի եւ Էրիթրեայի ճանաչումներից, Քոսովոյի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի մասնակի ճանաչումներից յետոյ, ստեղծուել է իրավիճակ, երբ որոշակի տարածքի ժողովրդին ճնշման ենթարկող կառավարութիւնը այլեւս չի կարող ապաւինել տարածքային ամբողջականութեան պահպանման ընդհանուր շահագրգռութեանը, որպէս ինքնորոշման իրաւունքի սահմանափակում:
Ըստ այդմ, կայ յստակ ըմբռնում. միայն այն պետութեան կառավարութիւնը, որն անխտիր բոլոր ժողովուրդներին է թոյլ տալիս ազատօրէն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը եւ տնտե¬սական, հասարակական ու մշակութային զարգացումը, կարող է, միայն կարող է, փորձ անել սահմանափակել ինքնորոշման իրաւունքը: Այսու, տարածքային ամբողջականութիւնը, որպէս ինքնորոշման իրաւունքի սահմանափակում, կարող է միայն վերապահուել այն պետու¬թիւններին, որոնց կառավարութիւնները ներկայացնում են ողջ բնակչութիւնը, թոյլատրելով վերջիններիս ազատօրէն եւ առանց սահմանափակումների գործադրել ներքին ինքնորոշումը:
Ակնհայտ հայեցակարգային կապ կայ ժողովրդավարութեան եւ ինքնորոշման միջեւ: Ժողովրդավարու¬թիւնը յաճախ դիտարկւում է որպէս ներքին ինքնորոշում, իսկ անջատումը՝ որպէս արտաքին ինքնորո¬շում, այսինքն ինքն իրեն կառավարելու եւ ոչ թէ այլ ժողովուրդների կողմից կառավարուելու իրաւունք:
Աւելին, ակնյայտ է, որ նրանք, ովքեր զրկված են ինքնորոշման իրաւունքից, կարող են փնտռել միջազգային ուժային աջակցութիւն` սատարելու համար իրենց ինքնորոշման իրաւունքը, սակայն ինքնորոշման դէմ պայքարող պետութիւնը չի կարող օգտագործել դրսի ոյժն ինքնորոշուող հանրութիւն¬ների դէմ: Ինչպէս նշուել էր վերը, Միջազգային իրաւունքի սկզբունքների վերաբերեալ հռչակագիրը (Dec¬laration on Principles of International Law) ամրագրում է. ՙիւրաքանչիւր պետութիւն պարտաւորութիւն ունի ձեռնպահ մնալ որեւէ ուժային գործողութիւնից, որը ժողովրդին զրկում է ինքնորոշման, ազատութեան եւ անկախութեան իր իրաւունքից՚: Վերջին շրջանում նկատելի է միջազգային համայնքի այնպիսի գործողութիւնների աճը, որոնք կարող են որակուել որպէս մարդասիրական միջամտութիւններ: Այդպէս եղաւ Սոմալիում եւ Իրաքի հիւսիսային մասում` 36 զուգահեռականից հիւսիս, երբ իրականացուեց ՙապահով երկինք՚ ծրագիրը (1991-2003թթ.): Ներկայումս միջազգային համայնքի կողմից պակաս կարեւորութիւն է տրւում այն երկրների տարածքային ամբողջականութեանը, որտեղ մարդու իրաւունքները, ներառեալ ինքնորոշման իրաւունքը, կոպտօրէն եւ շարունակաբար ոտնահարւում են: Ինքնորոշման իրաւունքը վերաբերում է բոլոր այն դէպքերին, երբ ժողովուրդներն ուրիշների կողմից հպատակեցման, գերիշխանու¬թեան հաստատման եւ շահագործման միջոցներով ենթարկւում են ճնշումների: Սա վերաբերում է բոլոր տարածքներին` գաղութային, թէ ոչ, եւ բոլոր ժողովուրդներին: Պէտք է ընդունել, որ ինքնորոշման բազում շարժումներ առաջ են եկել, երբ պետութիւնն իրականացրել է անարդար, խտրական քաղաքականու¬թիւն, իսկ միջազգային իրաւակարգը համապատասխանաբար չի արձագանգել ժողովուրդների օրինական ձգտումներին:
Ինքնորոշում. մարդու իրաւունքներն ու անջատուելու իրաւունքը
Ինքնորոշման ենթադրեալ վտանգներից է համարւում, որ այն կարող է խրախուսել անջատողականութիւնը: Նախ, միջազգային իրաւունքի մէջ չկայ որեւէ օրէնք, որը դատապարտի ամէն անջատում բոլոր պայմաններում: Ինքնորոշման իրաւունքը ներառում է անջատուելու իրաւունք: Այն դէպքերում, երբ տարածքային իրաւունքի սկզբունքն անհամատեղելի է ինքնորոշման իրաւունքի հետ, ապա առաջինը, համաձայն արդի միջազգային իրաւունքի, պէտք է իր տեղը զիջի վերջինին: Օրինակ, երբ մեծամասնութիւնը կամ փոքրամասնութիւնը շարունակում է այնպիսի միջազգային յանցանքը, ինչպիսին օրինակ ցեղասպանութիւնն է, կամ միտումնաւոր քաղաքականութեամբ բնակչութեան միւս հատուածին լիովին զրկում է մարդու իրաւունքներից, ապա ընդունելի է, որ ճնշուած հատուածը, լինի փոքրամասնութիւն, թէ մեծամասնութիւն, դիմի ինքնորոշման` ընդհուպ մինչեւ անջատում:
Քանի որ Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ եւ խաղաղ դրսեւորմանը (ցոյցեր, հանրահաւաքներ, հայցադիմումներ, կոչեր եւ այլն) հակադրեց բռնի ոյժը խաղաղ բնակչութեան դէմ, ներ¬քին զօրքերի օգտագործմամբ ձեռնարկեց ոչ համարժէք պատժիչ գործողութիւններ, պետականօրէն կազմակերպեց Ատրպէյճանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Պաքու, Կիրովապատ եւ այլն), իր քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգնութեամբ (ուքրաինացիներ, աֆղաններ, ռուսներ եւ այլն) սանձազերծեց անողոք պատերազմ եւ խայտառակ պարտութիւն կրեց, չի կարող ակնկալել, որ Արցախի ժողովուրդը հրաժարուի իր օրինական իրաւունքից եւ չիրականցնի ինքնորոշման իր իրաւունքը:
Խորքի մէջ, միջազգային համայնքը գտնւում է իրաւական եւ բարոյական պարտաւորութեան ներքոյ` ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական ինքնորոշումը, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Երբ տեղի է ունեցել de facto պետութեան բիւրեղացում, ապա դրա ճանաչման մերժումը կարող է հաւասարազօր լինել ինքնորոշման մերժումի: Բացի այդ, միջազգային իրաւունքի մէջ կայ յստակ ըմբռնում. այն բանից յետոյ, երբ կռուող կողմին տրուել է ՙպատերազմող կողմի՚ (belligerency) կարգավիճակ, ինչպէս տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ Պիշկեկի արձանագրությամբ [Bishkek Protocol] (5 Մայիսի, 1994թ.), եւ Հրադադարի համաձայնագրով [Cease-fire Agreement] (12 Մայիսի, 1994թ.), ապա դրանից բխում է ամբողջական ճանաչման պարտաւորութիւն եւ ճանաչման մերժումը հաւասարազօր է քաղաքական ինքնորոշման մերժման, ինչն անօրինական է: Այս պարտաւորութիւնն ածանցւում է այն ըմբռնումից, որ ինքնորոշման սկզբունքն ու իրաւունքը erga omnes են, այսինքն պատկանում են միջազգային իրաւունքի իրաւական այն պարտաւորութիւնների թուին, որոնք երկկողմ կամ փոխադարձ չեն, այլ վերաբերում են միջազգային համայնքի բոլոր անդամներին:
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Լոիզիտուն ընդդեմ Թուրքիայի (Loizidou vs Turkey) 1996թ. դատավճռի մէջ դատաւոր Ուիլտհապերը (Wildhaber) երեւան է հանում աճող համախոհութիւնն (consensus) առ այն, որ ինքնորոշման իրաւունքը, մասնավորապէս անջատումը, պէտք է մեկնաբանուի որպէս միջոց մարդու իրաւունքների որոշակի ոտնահարումների դէմ. ՙՄինչեւ վերջերս միջազգային պրակտիկայում ինքնորոշման իրաւունքը գործնականօրէն սահմանափակւում էր եւ ըստ էութեան նոյ¬նացւում էր ապագաղութացման հետ: Վերջին տարիներին թւում է՝ համախոհութիւն է ի յայտ գալիս, երբ ժողովուրդները, որոնց մարդկային իրաւունքները մշտապէս եւ կոպտօրէն ոտնահարւում են կամ նրանք որեւէ ներկայացուցիչ չունեն կամ նրանց ներկայացուածութիւնը զանգուածաբար խախտւում է ոչ ժողովրդվարական եւ խտրական միջոցներով, նոյնպէս կարող են կենսագործել ինքնորոշումը: Եթէ նման խտրականութիւն իրականում կայ, ապա ինքնորոշման իրաւունքն այն գործիքն է, որը կարող է գործած¬ուել վերահաստատելու համար մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան միջազգային սթանտարտ¬ները՚: Ինչպէս վկայում է դատաւոր Ուիլտհապերը, իրաւագէտ մասնագէտների մէջ կայ յարաճուն համաձայնութիւն առ այն, որ ինքնորոշումն է այն միջոցը, որով պէտք է շտկուի պետութեան կողմից որեւէ խմբի շարունակաբար եւ կոպտօրէն ոտնահարուող իրաւունքը: Անկասկած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը պէտք է գնահատուի նաեւ որպէս ուղղիչ արդարադատութիւն (corrective justice):
Այսու, փոքրամասնութեան ինքնորոշման իրաւունքը պէտք է դիտարկել մարդու իրաւունքների շրջա¬նակում: Ըստ այդմ, կարելի է սահմանել, որ ինքնորոշումը որոշակի տարածքում հաստատուած ժողովրդի սեփական քաղաքական ճակատագիրը ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրաւունքն է:
Անհեթեթութիւն է ենթադրել, որ ինքնորոշումը պէտք է կենսագործուի նախկին վարչական սահմաննե¬րում, առանց հաշուի առնելու տարածքի ժողովրդի մշակութային, լեզուական կամ էթնիկ ինքնութիւնը: Սովետական Միութեան մէջ ներքին սահմանները յաճախ գծւում էին այն ձեւով, երբ տիտղոսային մի ազգի շատ ներկայացուցիչներ յայտնւում էին իրենց տիտղոսային հանրապետութիւնից դուրս, ինչպէս Լեռնային Ղարաբաղի դէպքում էր: Եթէ որոշակի տարածքում որեւէ առանձնախումբ քաղաքականա¬պէս իրաւազուրկ է, ապա այդ խումբն ունի անկախութեան իրաւունք, անկախ այն բանից կազմակերպ¬ուած են նրանք որեւէ վարչական միաւորի մէջ, թէ՝ ոչ: Անտարակոյս, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը) Ատրպէյճանում ենթարկուել են ծայրայեղ խտրականութեան, ապա իրաւունք ունի ինքն ընտրելու ինքնորոշման ձեւը:
Ամփոփում
– Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրաւունք է: Այն միջազգային հանրային իրաւունքում լիովին հաստատուած սկզբունք է: Այս սկզբունքը հաստատուել, զարգացել եւ շօշափելի ձեւ է ստա¬ցել միջպետական յարաբերութիւններում եւ ներառուած է բազում միջազգային փաստաթղթերում:
– Ինքնորոշման սկզբունքը զարգացում է ապրել Արդարադատութեան միջազգային դատարանի վճիռներում [International Court of Justice (ICJ)]:
– Ինքնորոշման նկատմամբ յարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղութեան համար: Ինքնորոշման իրաւունքից զրկուածները կարող են դիմել միջազգային ուժային աջակցութեան:
– Ինքնորոշումը որպէս միջազգային իրաւունքի սկզբունք համընդհանուր է իր ընդգրկումով:
– Ինքնորոշումը վերաբերում է բոլոր այն իրավիճակներին, երբ ժողովուրդները այլոց կողմից ենթարկւում են հպատակեցման եւ շահագործման: Բոլոր ժողովուրդներն ու ազգերն անխտիր եւ առանց սահմանափակումների ունեն ինքնորոշման իրաւունք:
– Ինքնորոշման իրաւունքի մերժումը մարդու իրաւունքի ոտնահարում է, հետեւաբար՝ միջազգային իրաւունքի խախտում:
– Ինքնորոշումը սեփական քաղաքական կազմակերպուածութեան ձեւը եւ այլ խմբերի հետ յարաբերութիւնները որոշելու իրաւունքն է:
– Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրաւունքը նախադրեալ է մարդու միւս բոլոր իրաւունքները վայելելու համար: Ըստ այդմ, ՄԱԿ-ի վեհաժողովը յորդորել է բոլոր անդամ երկրներին` աջակցել ժողովուրդների եւ ազգերի ինքորոշման իրաւունքին:
– ՄԱԿ-ի կանոնակարգի 2(4) յօդուածը որեւէ ընդհանուր բան չունի ՙտարածքային ամբողջականու¬թեան՚ բացարձակ պահպանման հետ: Այն ՙոյժի կիրառման արգելք՚ է եւ կոչ է անում մերժել ՙմի պետութեան կողմից մէկ այլ պետութեան տարածքի զաւթումը եւ տարածքի տապալումը՚:
– Ինքնորոշումը ներառում է նաեւ անկախանալու իրաւունք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (եւ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի) իրաւասու է անկախութիւնն ընտրել որպէս ինքնորոշման դրսեւորում:
Արա ՊԱՊՅԱՆ
ArmAr.am












