Գլխավոր » Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար.«Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից»

Սեպտեմբեր 27, 2010թ. 09:21

Minister Nalbandian speech at the UN GA 25.09.2010ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հինգերորդ նստաշրջանում ունեցած ելույթում ղարաբաղյան հիմնախնդրից բացի խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարն ասել է, թե  Հայաստանի նախաձեռնությունը` առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ նախորդ տարի, ինտենսիվ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, որոնց արդյունքում, ի վերջո, ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները: «Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին», -իր ելույթում հավելել է նախարար Նալբանդյանն ու շեշտել, որ մինչ օրս հայ-թուրքական սահմանը շարունակում է մնալ միակ փակ սահմանը Եվրոպայում:

«Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որևէ նախապայմանի», -ՄԱԿ ամբիոնից շեշտել է Նալբանդյանը:

«Այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք մեր ժողովուրդների համար առավել բարեկեցիկ և պաշտպանված աշխարհ ստեղծելու բոլոր ուղիները, բացթողում կլինի չխոսել պաշտպանելու պատասխանատվության մասին: Որպես ժողովուրդ մենք վերապրել ենք մարդկության դեմ ամենասարսափելի ոճրագործությունը` ցեղասպանությունը, 95 տարի առաջ: Մենք չափազանց կարևորում ենք բոլոր միջազգային ջանքերի առաջխաղացումն` ուղղված ցեղասպանության և մարդկության դեմ ոճրագործության կանխարգելմանը: Քաջալերող է այն, որ Գլխավոր քարտուղարի «Նախազգուշացում, գնահատում և պաշտպանության պատասխանատվություն» զեկույցի շուրջ հետագա քննարկումները նախատեսված են Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ինչը կհանգեցնի մի այնպիսի բանաձևի ի հայտ գալուն, որը թույլ կտա օգտագործելով Միավորված Ազգերի համակարգում առկա բոլոր հնարավորություններն ու կարողությունները անհրաժեշտ և անհապաղ քայլեր ձեռնարկել նախազգուշացնելու, գնահատելու և կանխարգելելու համար այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ոճիրների և ցեղասպանության:

Ներկա և գալիք մարտահրավերներին դիմակայելու ՄԱԿ-ի կարողությանը նպաստելու նպատակով մենք պետք է ընդլայնենք մեր ջանքերը ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացն առաջ մղելու, առկա ռեսուրսների կիրառումն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու, «Մեկ ՄԱԿ» քաղաքականությունը գործի դնելու և տարածաշրջանային հնարավորությունները լավագույնս օգտագործելու համար, ի լրումն մեր գործողություններին աշխարհով մեկ:

Այսօր աշխարհը զարգանում է ավելի արագ, քան երբևէ: Անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ մարտահրավերներին դիմակայելու համար մենք պետք է պարզապես միավորենք մեր ջանքերը, ռեսուրսները և քաղաքական հաստատակամությունը դրանց հաղթահարման և միջազգային զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով», -եզրափակել է իր ելույթը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

ArmAr.am


Դիտել Politics, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն